Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու ուխտաւորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու ուխտաւորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • 24-07-2012 14:55:36   |   |  Հասարակութիւն

Յուլիսի 24-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի վարիչ Տ. Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանն ընդունեց Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու մի խումբ ուխտաւորների` առաջնորդութեամբ Գերմանիայի Կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի խօսնակ Մատթիաս Քոփի: Հանդիպման սկզբում Մատթիաս Քոփը նախ ներկայացրեց խմբի անդամներին եւ այցելութեան նպատակը, ապա տեղեկացրեց, որ ուխտաւորներն ութ օրերի ընթացքում արդէն այցելել են Հայաստանի յայտնի պատմական վանքեր ու եկեղեցիներ: Այնուհետեւ ուխտաւորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ողջունեց Յովակիմ Սրբազանը` իր խօսքում նշելով, որ Հայ Եկեղեցին առանձնակի սիրով է ընդունում Քոյր Եկեղեցիների ուխտաւորներին, ովքեր ցանկանում են աւելի մօտիկից ծանօթանալ հայ ժողովրդի հարուստ մշակոյթին ու սրբազան ժառանգութեանը եւ հաղորդ դառնալ քրիստոնէական հնագոյն արժէքներին: Յովակիմ Սրբազանը հիւրերին նաեւ համառօտ ներկայացրեց Հայ Եկեղեցու պատմութեան կարեւոր դրուագները, նուիրապետական կառուցուածքը, խորհրդային շրջանում Հայոց Եկեղեցու կրած դժուարութիւնները եւ եկեղեցի-պետութիւն յարաբերութիւնների ներկայ վիճակը: Անդրադառնալով միջեկեղեցական յարաբերութիւններին` Սրբազան Հայրը նշեց, որ Հայ Եկեղեցին ջերմ յարաբերութիւնների եւ սերտ համագործակցութեան մէջ է քրիստոնէական Եկեղեցիների հետ. տեղի են ունենում եկեղեցականների փոխայցելութիւններ, ուսանողների փոխանակումներ եւ բազում համատեղ կրթական եւ սոցիալական ձեռնարկներ: Հանդիպմանը Յովակիմ Սրբազանը պատասխանեց նաեւ ուխտաւորների հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից իրակացուող կրթական, քարոզչական եւ հասարակական գործունէութեանը, ինչպէս նաեւ ապագայի ծրագրերին:
  -   Հասարակութիւն