Միթէ՞ այս ամէնին կայ ներում ...


Միթէ՞ այս ամէնին կայ ներում ...

  • 24-07-2012 16:16:59   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

Ներկայումս Արարատի եւ Վայոց Ձոր մարզերի առաջին ատեանի ընդհանուր իրաւասութեան դատարանում շարունակւում է Մարիամ Գեւորգեանի գործով դատավարութիւնը: Մարիամին դաժան վերաբերմունքի, խոշտանգումների եւ ընտանեկան բռնութեան են ենթարկել նրա նախկին ամուսին Դաւիթ Զիրոյեանը եւ նախկին սկեսուր Հայկանոյշ Միքայէլեանը, վերջինս վարոյթում ներգրաւուած է որպէս մեղադրեալ: Յիշեցնենք որ զոյգն ամուսնացել է 2009 թուականին, ապա մեկնել Սանկտ Պետերբուրգ, որտեղ էլ այդ ժամանակ բնակւում էր Դաւիթի ընտանիքը: Տաս ամիս անց Մարիամը վերադարձել է Երեւան եւ դիմել ոստիկանութիւն: Դաւիթի նկատմամբ առաջադրուել է մեղադրանք «դիտաւորութեամբ ուրիշի առողջութեանը միջին ծանրութեան վնաս պատճառելու»եւ «ծեծ» յօդուածներով եւ նա իրեն մեղաւոր է ճանաչել: սակայն քննիչի որոշմամբ` Զիրոյեանն ազատ է արձակուել 2011 թուականին Հայաստանի Հանրապետութեան 20-ամեակի կապակցութեամբ ՀՀ նախագահի կողմից յայտարարուած համաներմամբ: Դաւիթի մօրը առ այսօր առաջադրուած է մեղադրանք «դիտաւորութեամբ ուրիշի առողջութեանը միջին ծանրութեան վնաս պատճառելուէ եւ «խոշտանգումէ յօդուածներով (ՀՀ ՔՕ յօդուածներ 113 եւ 119): Մարիամ Գեւորգեանի ընտանիքի անդամները Կանանց Աջակցման Կենտրոնին յայտնել են, որ Դաւիթի եւ Հայկանոյշի բարեկամները բազմիցս մօտեցել են իրենց եւ գումար առաջարկել Մարիամի դիմումից հրաժարուելու պահանջով: Յիշեցնենք, որ Մելինէ Բայաթեանը, Դաւիթի առաջին կինը, ոգեշնչուած էր որ դէպքի մասին Մարիամը բարձրաձայնում է: Նա Դաւիթի եւ նրա մօր դէմ ներկայացրել էր դիմում, որի հիման վրայ յարուցուել էր քրէական գործ, սակայն, նախաքննութեան ընթացքում Մելինեն հրաժարուեց իր մի քանի մեղադրանքներից եւ նոյնիսկ հանդէս եկաւ գործը դռնփակ նիստում քննելու միջնորդութեամբ, որպէսզի գործի քննութեանը ներկայ չլինեն գործով հետաքրքրուած անձինք եւ լրագրողներ, որն անհասկանալի էր մեզ համար: Արդեօ՞ք սա ինչ որ յարմար տարբերակ է իրենց ներքին պամանաւորուածութիւնները ծածկելու համար: Իրականում Հետք-ի աւելի վաղ հրապարակուած հարցազրոյցում Դաւիթը հրապարակայնօրէն ընդունել է Մելինէին ծեծի ենթարկելու փաստը: այսինքն Մելինեն, ով մի ժամանակ Մարիամի աջակիցներից էր այժմ ագրեսիւ վերաբերմունք ունի Մարիամի եւ նրա աջակիցների նկատմամբ եւ չի ցանկանում համագործակցել նրանց հետ Դաւիթի եւ նրա մօր գործով: Հետաքրքիր է, ի՞նչ պատահեց: Այն, որ Դաւիթը ուղղակի կամ անուղղակի ճնշում է գործադրել Մելինէի վրայ, որ նա հրաժարուի իր մեղադրանքից, դեռ պարզ չէ: Այնուամենայնիւ կան ասեկօսէներ այն մասին, որ Դաւիթը դատից յետոյ կրկին ուզում է ամուսնանալ Մելինէի հետ: Ուշադրութիւն դարձրէք հետեւեալին. յուլիսի 21-ին, “ընդդէմ Կանանց Նկատմամբ Բռնութեան Կոալիցիայի” կամաւորներից մէկը տեսել է Դաւիթին եւ Մելինէին միասին: Նրանք դուրս են եկել մուգ կապոյտ գոյնի Օպել մակնիշի մեքենայից (33 VO 506 համարանիշերով) եւ ներս մտել Մխիթար Գօշ հիւրանոց, որը գտնւում է Տաւուշի մարզի Գօշ գիւղում: Քիչ անց նրանք լքել են հիւրանոցը եւ ուղեւորուել դէպի Գոշավանք: Այս ամէնը շատ կասկածելի է եւ հաւանաբար Դաւիթը նպատակ ունի մոլորեցնելու դատարանին: Անհրաժեշտ է ընդգծել ընտանեկան բռնութեան նմանատիպ գործերի յայտնի յաջորդականութիւնը. բռնարարի կողմից բոլոր մեղադրանքների մերժումը, նոյնիսկ այն դէպքում երբ նրան ներկայացնում են ապացոյցներ: Երկրորդը ` բռնարարը խաբէութեան եւ ուրիշներին կառավարելու վարքագիծ է դրսեւորում: Յաճախ նա ստեղծում է մեղրամսի շրջան, երբ ամէն ինչ լաւ է, նա իրեն դրսեւորում է որպէս ուշադիր եւ նրբազգաց սիրեկան, սակայն որին յաճախ հետեւում են բռնութեան տեսարանները: Մենք կ'ուզենայինք իմանալ արդեօք Մելինեն վերապրում է իր մեղրամսի շրջանը, եւ եթէ այո, ապա մենք զգուշացնում ենք նրան զգոյշ լինել բռնարարի մանիպուլիացիոն վարքից: Կանանց Աջակցման Կենտրոն
  -   Մարդու իրաւունքներ