Ո՞վ է թոյլ տուել ԵՄ-ին կամ ՄԽ-ին իրաւական որոշումներ կայացնել Արցախի փոխարէն
24-07-2012 16:52:33 | | Յօդուածներ
Արցախի Հանրապետութեան նախագահական ընտրութիւններն այլեւս կայացած ժողովրդավարական փաստ է: Նախ` անհրաժեշտ է նշել, որ ԱՀ-ում ընտրութիւնները առաջին հերթին պէտք են ԱՀ քաղաքացիներին պետական ապարատը աւելի արդիւնաւէտ գործառնելու նպատակով: Որոշ հրապարակումներից ու փորձագիտական կարծիքներից այնպիսի տպաւորութիւն է ստեղծւում, որ ժողովրդավարական ընտրութիւնները մեզ պէտք են միջազգային հանրութեան «աչքը մտնելուէ համար: Սա մեզ համար պէտք է լինի ետին պլանում, մանաւանդ որ միջազգային հանրութիւնը գոնէ պաշտօնական մակարդակում այնքան էլ դրական չէ տրամադրուած ընտրութիւնների կազմակերպման փաստի նկատմամբ: ՆԱՏՕ-ի` Հարաւային Կովկասում եւ կենտրոնական Ասիայում ներկայացուցչի, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգային քաղաքականութեան բարձր ներկայացուցչի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների յայտարարութիւնները ԱՀ նախագահական ընտրութիւնների վերաբերեալ ստուեր են գցում նրանց ներկայացրած երկրների ու կազմակերպութիւնների ժողովրդավարական իմիջի վրայ:
Անդրադառնալով Նատօ-ի ներկայացուցչի յայտարարութեանը, որում ասուած էր, որ ընտրութիւնները չեն կարող նպաստել խաղաղութեան հաստատմանը` մեզ մնում է միայն ցաւ յայտնել, որ ՆԱՏՕ-ն խաղաղութիւնն ու ժողովրդավարութիւնը անջատում է միմեանցից: Չէ՞ որ Արցախին վերաբերող ցանկացած հարց կարող է քննարկուել միմիայն ժողովրդավարական ընտրութիւններում ընտրուած լեգիտիմ իշխանութիւնների հետ եւ միայն նրանք կարող են ուղղակիօրէն երաշխաւորել խաղաղութիւնը ԱՀ տարածքում: Յուսով եմ` ՆԱՏՕ-ն չի կարծում, թէ խաղաղութեան հաստատմանը նպաստում է բռնաճնշումներով եւ կեղծիքներով «Ընտրուած»Ալիեւի կլանը:
ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթօնի յայտարարութիւնը էլ աւելի տարօրինակ էր: Ընտրութիւնների սահմանադրական եւ իրաւական շրջանակները չճանաչելը նրանց խնդիրն է, բայց այն յայտարարութիւնը, որ կոնֆլիկտի խաղաղ կարգաւորման բանակցուած ընդհանուր շրջանակներում այդ ընտրութիւնները չպէտք է ազդեն Լեռնային Ղարաբաղի ապագայ կարգավիճակի վրայ, առնուազն տարօրինակ է, քանի որ ԵՄ-ը ո՛չ բանակցային կողմ է, ո՛չ միջնորդ, ո՛չ էլ արբիտր, հետեւաբար, նա իրաւունք չունի յայտարարելու կամ նոյնիսկ դիրքորոշում յայտնելու, թէ ինչը պէտք է կամ կարող է ազդել Արցախի ապագայ կարգավիճակի վրայ:
Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահների յայտարարութեանը, ապա նրանք զգուշաւորութեամբ ընդունեցին, որ «Լեռնային Ղարաբաղի դէ ֆակտոյ իշխանութիւնները կարիք ունեն փորձելու իրենց բնակչութեան հանրային կեանքը կազմակերպել ժողովրդավարական ճանապարհով այդպիսի գործընթացի միջոցով»: Այստեղ նրանք ընտրութեան փոխարէն օգտագործում են «այդպիսի գործընթացէ բառակապակցութիւնը: Այնուամենայնիւ, միջնորդները եւս դուրս եկան իրենց իրաւասութիւնների շրջանակներից` շեշտադրելով, որ «Յուլիսի 19-ի գործընթացը ոչ մի կերպ չի նախավճռում Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակը կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան տեւական եւ խաղաղ կարգաւորման հասնելու նպատակով վարուող ընթացիկ բանակցութիւնների արդիւնքը»: Այնպիսի տպաւորութիւն է ստեղծւում, որ Մխ-ն արբիտրաժի կամ դատարանի գործառոյթներ է վերցրել իր վրայ: Նախ` Մխ-ն իրաւական ոչ մի հարց որոշելու իրաւունք չունի, քանի որ միջնորդական կարգավիճակը նրան տալիս է միայն տեխնիկական ու կազմակերպչական հարցերում միջամտելու, բայց ոչ երբեք իրաւական կամ այլ պարտադիր վճիռներ կայացնելու իրաւունք: Արցախի իրաւական կարգավիճակը կարող է որոշուել միմիայն Արցախի բնակչութեան կողմից, իսկ ընթացիկ բանակցութիւնների արդիւնքը` բանակցող կողմերի, ոչ թէ միջնորդների կողմից:
Այսպիսով, ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ը, ընդգրկուած չլինելով արցախեան հակամարտութեան կարգաւորման բանակցութիւններում, կողմնակալ ու ապակառուցողական վարք դրսեւորեցին` հակադրուելով իրենց իսկ կողմից փողհարուող մարդու ու ժողովուրդների իրաւունքներին ու ազատութիւններին: Աւելին, նրանք հակասեցին նաեւ իրենց կողմից ֆորմալ աջակցութիւն վայելող ՄԽ միջնորդական առաքելութեան յայտարարութեանն ու գործելակերպին, քանզի ՄԽ համանախագահները յաճախակի այցելում են Ստեփանակերտ հանդիպելու համար ԱՀ բնակչութեան ընտրուած ներկայացուցիչներին: Իսկ ահա ԵՄ-ն ու ՄԽ-ն էլ գերազանցեցին իրենց իրաւասութիւնները` փորձելով որոշել եւ սահմանել իրենց չվերաբերող իրաւական հարցեր ու նորմեր:
Ուշագրաւ է նաեւ, որ վերոնշեալ յայտարարութիւններում ընտրութիւն տերմինը չակերթների մէջ է առնուած, ինչը խօսում է նրանց հեղինակների կողմից կիրառուող երկակի ստանդարտների մասին. Ամենատոտալիտար երկրներից մէկում Ալիեւի ժառանգականացուած ու ձեւական «Ընտրութիւնները» նրանց կողմից կոչւում են ընտրութիւն, իսկ բարձր մակարդակի ազատ ու մրցակցային ընտրութիւնները միջազգայնօրէն չճանաչուած Արցախի Հանրապետութիւնում ընտրութիւն չէ: Այս կառոյցները, կարծես թէ, մոռացել են, որ ընտրելու իրաւունքը անկախ է միջազգային ճանաչումից, եւ իւրաքանչիւր բնակչութիւն, անկախ միջազգային ճանաչումից եւ այլոց կարծիքներից, իրաւունք ունի տնօրինելու եւ ժողովրդավարական մեթոդներով կազմակերպելու սեփական կեանքը:
Միւս կողմից, այդ յայտարարութիւնները միտում ունէին պաշտօնական մակարդակում չէզոքացնել ԱՀ նախագահական ընտրութիւնների հաւանական հետեւանքները, ինչը չի նշանակում, որ ընտրութիւնների ժողովրդավարական կազմակերպումը կամ դրանց արդիւնքները ազդեցութիւն չեն ունենայ ոչ պաշտօնական մակարդակում: Նախ` ժողովրդավարական Արցախի Հանրապետութեան կերպարը բաւականին ազդեցիկ փաստարկ է արեւմտեան ղեկավարների հետ բանակցութիւններում կամ զրոյցներում: Բացի դրանից, միջազգային լայն հանրութեան մօտ տոտալիտար Ադրբեջանի կողքին ժողովրդավարական Արցախը աւելի բարեացակամ մօտեցում ու դրական կարծիք կը ձեւաւորի, ինչը երկարաժամկէտ հեռանկարում իր պտուղները կը տայ: Այս ընտրութիւնների արագ ազդեցութիւնը Արցախի միջազգային վարկի վրայ կը լինի այն, որ ԱՀ նախագահական ընտրութիւնների ժողովրդավարական ընթացքը, արդիւնքները եւ ընդդիմադիր ձայների հաւանական ինստիտուցիոնալացումն ու տեւական ներկայացուածութիւնն արցախեան քաղաքական դաշտում շուտով կ'արտացոլուեն աշխարհում ժողովրդավարութեան վիճակը մոնիթորինգի ենթարկող կազմակերպութիւնների զեկոյցներում` բարձրացնելով ԱՀ քաղաքական վարկանիշը:
Արտակ Բեգլարեան
Քաղաքագէտ, Ստեփանակերտ