Յուլիսի 24-ին յայտարարուած Աջափնեակ վարչական շրջանի մասնակի ջրամատակարարման դադարեցման պատճառը նորից Շինարարների փողոցում կատարուող ջրամիացման աշխատանքներն են:
Մենք արդէն երկու անգամ գրել ենք “Երեւան Ջուր” ՓԲԸ կողմից Աջափնեակի ջրամատակարարման ծրագրի շրջանակներում տարուող աշխատանքների մասին: Կապալառու “Շինմաստեր” ՍՊԸ մասնագէտներն արդէն իսկ Շինարարների փողոցից մինչեւ Արզումանեան փողոց ձգուող 300մմ տրամագծով վթարուած խողովակի վրայի միացումները մէկը միւսի հետեւից տեղափոխում են հարեւանութեամբ անցնող մէկ այլ` 400մմ տրամագիծ ունեցող եւ տեխնիկապէս բարւոք վիճակում գտնող ջրագծի վրայ: Դրա շնորհիւ յարակից տարածքներում նուազում է ջրի կորուստը, կարգաւորւում է ջրամատակարարումը եւ սպառողների մօտ ապահովուում համապատասխան ճնշում:
Հերթական ջրանջատման շրջանակներում կապալառուն վերակառուցում էր եւս մէկ դիտահոր, տեղադրում նոր փական ու յարակից շէնքերը սնուցող բակային պոմպակայանը միացնում նշուած 400մմ տրամագծով խողովակին: Ինչպէս նշեց կապալառու կազմակերպութեան ներկայացուցիչը, հաշուի առնելով Շինարարների փողոցի ծանրաբեռնուածութիւնը եւ քաղաքապետարանի կողմից շինարարական կազմակերպութիւններին ներկայացուող պահանջները, այսուհետ դիտահորերը վերակառուցուելու են առանձին-առանձին եւ հնարաւորինս արագ, որպէսզի հանրութեանը պատճառուող անհանգստութիւնը նուազագոյնի հասցուի:
Ահա հիմա էլ “Շինմաստեր” ՍՊԸ-ն ընկերութեան “Մաշտոց” շահագործման տեղամասի հետ համագործակցելով նպատակ ունի նոյն օրը` յուլիսի 24-ին երեկոյեան աւարտել աշխատանքները եւ վերսկսել Շինարարների, Աբէլեան, Ջանիբեկեան, Արզումանեան, Առաքէլեան, Էստոնական, Սիսակեան, Եղիազարեան, Լեւոնեան, Յակոբեանց փողոցների, Լենինգրադեան փողոցի 32, 34, 36, 38, 40, 40այ, 42 շէնքերի եւ յարակից տարածքների ջրամատակարարումը: