ՀՀ գիւղատնտեսութեան նախարար Սերգօ Կարապետեանի այցը Վայոց ձորի մարզ
24-07-2012 18:25:20 | | Տնտեսութիւն
Վայոց ձորի մարզն անցեալ տարի գիւղատնտեսութեան աջակցութեան ծրագրերի շրջանակներում մատչելի գներով ձեռքբերուած հացահատիկի սերմացուի, պարարտանիւթի եւ դիզելային վառելիքի շնորհիւ շուրջ 80 հեկտարով աւելացրել է հացահատիկի եւ հատիկաընդեղէն մշակաբոյսերի ցանքերը: Աճել են նաեւ կարտոֆիլին տրամադրուած տարածքները: Ինչպիսին է այս տարուայ բերքը: Ինչ խնդիրներ ունեն գիւղացիներն ու վերամշակողները: Այս եւ նման այլ հարցերին տեղում ծանօթանալու նպատակով այսօր Վայոց ձորի մարզում էր ՀՀ գիւղատնտեսութեան նախարար Սերգօ Կարապետեանը:
Աշխատանքային այցը սկսուեց Արենի համայնքից, ուր մարզպետ Էդգար ղազարեանի հետ նախարարը շրջեց հարուստ` 200-250 ցենտներ բերք խոստացող խաղողի եւ պտղատու այգիներում, ծանօթացաւ անհատ ձեռնարկատէր Հայկ Ոսկանեանի տնտեսութեանը, եղաւ? «Արփա-Ալկո» գինեգործարանում??, ուր գործադիր տնօրէն Միքայէլ Գրիգորեանի հետ քննարկեցին սպասուող բերքի,մթերման ծաւալների եւ ձեւաւորուող գների հետ կապուած հարցերը:
Գնդեվազ համայնքում Սերգօ Կարապետեանը եղաւ Վարդան Յովհաննիսեանի ծիրանի նորատունկ այգում, որի մի մասն, ի դէպ, արդէն բերքի տակ էր, եւ հաւաքուող ծիրանն անմիջապէս մթերւում էր վերամշակողների կողմից, ինչպէս նաեւ համայնքի հացահատիկի դաշտերում, ուր հասունացող բերքը ցաւօք սպասուածից ցածր է լինելու:
Ջերմուկի հանքային ջրերի գործարանում նախարարին ներկայացրին վերջին տարիներին այստեղ ներդրուած առաջաւոր տեխնոլոգիաներն ու սարքաւորումները:
Օրուայ երկրորդ կէսին նախարարն ու նրան ուղեկցող անձինք այցելեցին Եղէգնաձորի պահածոների գործարան:
Այցելութեան արդիւնքներն ամփոփուեցին Վայոց Ձորի մարզպետարանում, ուր համայնքապետերի եւ ոլորտը ներկայացնող մասնագէտների հետ հանդիպմանը նախարարը նախ ներկայացրեց նախորդ տարի գիւղատնտեսութեան ոլորտում արձանագրուած առաջընթացը, այնուհետեւ խօսեց ընթացիկ տարուայ զարգացման միտումների, մասնաւորապէս նախատեսուող եօթի փոխարէն աճի ցուցանիշը ութ տոկոսի հասցնելու անհրաժեշտութեան մասին: