Հայ արիները Հայոց Սրբազան Տոմարով Աստղիկի օրը նշել են Վարդավառը


Հայ արիները Հայոց Սրբազան Տոմարով Աստղիկի օրը նշել են Վարդավառը

  • 25-07-2012 10:02:42   | Հայաստան  |  Հասարակութիւն

Հայ արիները եւ ազգայնականները նշել են Հայոց Վարդավառի տօնը: Այն ամենասիրուած տօներից է եւ Հայ Արիական Միաբանութեան ու Հայ Ազգայնականների Համախմբման անդամները յուլիսի 25-ին` Հայոց Սրբազան տոմարով եւ Արեգակնային անշարժ օրացոյցով Աստղիկ օրը կազմակերպել են հայ-արիական տօնակատարութիւն: Բազում հազարամեակներ այդ տօնը նշւում է որպէս Հայոց սիրոյ Աստղիկ Աստուածուհու տօն: Վարդ` Վ-արդ նշանակում է Գերագոյն-վերին Սերումի Խորհուրդ, Գերագոյն Սիրոյ Խորհուրդ: Վարդավառը նախաշնում է Գերագոյն Սիրոյ Խորհրդով վառուել-խանդավառուելը, օծուելը: Հայ արիները տօնական միջոցառմանն աւանդական ջրցանութեամբ միմեանց ջրել են հայ արի քրմերի կողմից օծուած ջրով, եւ մեծ ու մանուկ ջրոցի խաղալով փառաբանել են Աստղիկ Աստուածուհուն եւ Սէրը, որը Տիեզերաստեղծ Միջուկ է ի վերուստ: Ջուրը նախանշում է մաքրութիւն-մաքրագործութիւն, ջրուելը` մաքրուել, իսկ Սիրոյ Գերագոյն Խորհրդի կրող եւ պահապան Աստղիկ Աստուածուհուն (իւրաքանչիւրը` նաեւ իր սիրուն) ընդառաջ գնալու համար կատարուել է ջրով մաքրուելու-օծուելու արարողութիւն, ինչը արիադաւան-հեթանոսական աւանդոյթ է, որն ինչքան էլ փորձում են վերացնել քրիստոնէական ուսմունքի հովիւները` անարդիւնք է լինում` ազգը գենետիկ յիշողութեամբ պահպանում է ազգայինը… Հայ Արիական Միաբանութեան եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Վարդավառի տօնական արարողութիւնը կազմակերպել են Քարի լճի մօտ` Արագածի գագաթ բարձրանալու ճանապարհին, իսկ մի խումբ` տօնական եւ ծիսական արարողութիւններից յետոյ բարձրացել է քառագագաթ Արագածի բարձրագոյն գագաթը: Ծիսակարգը կատարել են ՀԱՄ Հոգեւոր յանձնախմբի 7 քրմերը եւ 7 քրմի թեկնածուները: Հայ արիներն ու ազգայնականները փառաբանել են Աստղիկ Աստուածուհուն` հայոց սրտերը սիրավառ պահելու եւ հայի ազգային միասնութիւնն ու հայրենիքի վերամիաւորումը Աստղկական սիրով ու Վահագնայ զօրութեամբ իրականացնելու համար: Հայ արիներն ու ազգայնականները փառաբանել են նաեւ Հայ Աստուածներին եւ Տիեզերքի Արարչին եւ սէրը առ ազգ եւ հայրենիք, մայր եւ կին: Ինչպէս յայտնում են Հայ Արիական Միաբանութեան Լրատուական կենտրոնից, նոյն օրը Հայ Արիական Միաբանութեան կենտրոնական գրասենեակում Վարդավառի տօնի ծիսական արարողութիւն են կազմակերպել նաեւ հայ արիների Հայաստանի մարզային կառոյցների, Արցախի եւ Ջավախքի ներկայացուցիչները` քուրմ Մանուկի (Սերգեյ Մանուկեան) եւ քրմի թեկնածու Աշոտ Բադալեանի մասնակցութեամբ: Հ.Գ. – Աստղիկ Աստուածուհու տօնին ընդառաջ` յուլիսի 12-ին Երեւանում ծնուեց ՀԱՄ առաջնորդ Արմէն Աւետիսեանի եւ «լուսանցքէ շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Արմէնուհի Մելքոնեանի դուստր Աստղիկը, ով իր անուանն արժանացել է Հայոց Սիրոյ Աստղիկ Աստուածուհու անունը պատուով կրելու առաքելութեամբ:
  -   Հասարակութիւն