Հայաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումը` Ֆրանսիայում
25-07-2012 09:10:25 | | Քաղաքական
Յուլիսի 24-ին Փարիզում արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանը հանդիպում ունեցաւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ: Հանդիպմանը ներկայ էր նաեւ արտերկրում ֆրանսիացիների հարցերով նախարար Էլեն Կոնուայ-Մուրետը:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն ասաց, որ այս հանդիպումը լաւ առիթ է ամփոփելու երկկողմ յարաբերութիւնների ձեռքբերումները եւ նոր ազդակ հաղորդելու հայ-ֆրանսիական համագործակցութեանը:
Շնորհակալութիւն յայտնելով ջերմ ընդունելութեան համար` Էդուարդ Նալբանդեանը նշեց, որ Ֆրանսիան եւ Հայաստանը ունեն առանձնաշնորհեալ յարաբերութիւններ, որոնք խարսխուած են աւանդական բարեկամութեան վրայ: Նա յաւելեց, որ դիւանագիտական յարաբերութիւնների քսանամեայ պատմութեան ընթացքում փոխյարաբերութիւնները վերընթաց զարգացում են ապրել` երկու երկրների միջեւ ամենաբարձր մակարդակի մի քանի տասնեակ փոխայցելութիւններ են տեղի ունեցել, ներառեալ Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների փոխադարձ պետական այցելութիւնները:
«Երկու երկրների միջեւ այսօր առկայ է բարձր մակարդակի քաղաքական երկխօսութիւն, ձեւաւորուած է լայն իրաւապայմանագրային դաշտ, միջխորհրդարանական, ապակենտրոնացուած ինտենսիւ կապեր, ֆրանսիական ընկերութիւնների ներդրումները Հայաստանի տնտեսութիւնում ծաւալով երկրորդն են` գործում է ֆրանսիական կապիտալի մասնակցութեամբ 160 ընկերութիւն բանկային, հեռահաղորդակցութեան, ագրոարդիւնաբերութեան եւ այլ բնագաւառներում: Ակտիւ համագործակցութիւն է ընթանում մշակութային եւ գիտակրթական ոլորտներում», - ընդգծեց Էդուարդ Նալբանդեանը:
Հայաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները անդրադարձան տարբեր բնագաւառներում երկկողմ համագործակցութեան յետագայ զարգացման ուղղութեամբ ձեռնարկուելիք քայլերին:
Զրուցակիցները քննարկեցին միջազգային եւ տարածաշրջանային երկուստէք հետաքրքրութիւն ներկայացնող խնդիրներ: Այս ենթատեքստում նախարարները գոհունակութեամբ արձանագրեցին, որ մի շարք միջազգային հարցերի վերաբերեալ Հայաստանի եւ Ֆրանսիայի դիրքորոշումները համընկնում են:
Էդուարդ Նալբանդեանն ու Լորան Ֆաբիուսը մտքէր փոխանակեցին միջազգային կազմակերպութիւններում հայ-ֆրանսիական համագործակցութեան շուրջ: Նախարարները քննարկեցին Հայաստան-եւրոպական Միութիւն յարաբերութիւնները եւ այդ շրջանակներում իրականացուող ծրագրերը: Էդուարդ Նալբանդեանը ներկայացրեց Ասոցացման համաձայնագրի, մուտքի արտօնագրային ռեժիմի դիւրացման շուրջ ընթացող բանակցութիւններում արձանագրուած առաջընթացը, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գօտու ստեղծման բանակցութիւնների ընթացքը:
Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, անդրադարձ կատարուեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութեան շրջանակներում փոխգործակցութեանը:
Բանակցութիւնների օրակարգում էր արցախեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացը: Էդուարդ Նալբանդեանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի կառուցողական ներգրաւուածութիւնը որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, վերահաստատեց Հայաստանի պատրաստակամութիւնը շարունակելու բանակցութիւնները, հասնելու հիմնախնդրի խաղաղ կարգաւորմանը` համանախագահ երկրների ղեկավարների` լաքուիլայու՛մ, Մուսկոկայում, Դովիլում եւ Լոս–Կաբոսում ընդունուած յայտարարութիւնների եւ ներկայացուած առաջարկութիւնների հիման վրայ:
Հայաստանի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարները մտքէր փոխանակեցին միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձ արուեց Իրանի միջուկային ծրագրին, Միջին Արեւելքի զարգացումերին:
Էդուարդ Նալբանդեանը Լորան Ֆաբիուսին հրաւիրեց այցելել Հայաստան:
***
Հանդիպման տեսանիւթը կարելի է ներբեռնել հետեւեալ ինտերնետային կայքից` http://www.mfa.am/video/video.html: