ՄԻՊ-գրասենեակի յայտարարութիւնը իրականութեան հետ որեւէ աղերս չունի


ՄԻՊ-գրասենեակի յայտարարութիւնը իրականութեան հետ որեւէ աղերս չունի

  • 25-07-2012 11:42:54   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

Կարեւորելով հանրութեան ստուգուած եւ օբյեկտիւ տեղեկատուութիւն ստանալու իրաւունքը, յայտնում ենք, որ ՄԻՊ-ի գրասենեակի յուլիսի 23-ին, լրատուամիջոցներով տարածած հաղորդագրութիւնը`ՀՀ դատախազութեան կողմից քաղաքացի Անահիտ Վարդանեանի իրաւունքների խախտման վերաբերեալ, իրականութեան հետ որեւէ աղերս չունի: միպ գրասենեակի հաղորդագրութիւնը ՀՀ դատախազութեան կողմից քաղաքացու իրաւունքների խախտման վերաբերեալ անհիմն է, որեւէ իրաւական հիմնաւորում իսկ չունի, հաղորդագրութեան մէջ նշուած հանգամանքերը մեկնաբանուած են միակողմանի, ոչ լիարժէք, ստեղծելով թիւր պատկեր օբյեկտիւ իրականութեան վերաբերեալ: Ակնյայտ է ոչ թէ «նախապատրաստուած նիւթերում բացատրութիւնների միջեւ եղած հակասութիւնները», ինչպէս նշել է ՄԻՊ գրասենեակը, այլ այդ նիւթերում եղած բացատրութիւններին ՄԻՊ գրասենեակի կողմից ամբողջական չուսումնասիրելը,մակերեսային, թռուցիկ դիտարկումները եւ ըստ այդմ սուբյեկտիւ եզրակացութիւնները, անհիմն ենթադրութիւնները եւ հարցադրումները, քանզի նիւթերի ամբողջական ուսումնասիրութեան դէպքում ՄԻՊ գրասենեակի համար ակնյայտ կը լինէր, որ ի սկզբանէ քաղաքացու դիմումում նշուած հանգամանքները կրել են քաղաքացիաիրաւական բնոյթ` քաղաքացիների միջեւ գոյքային պահանջի շուրջ: Իսկ ինչ վերաբերւում է Ա. Վարդանեանի կողմից պերօքսիդի լուծոյթ խմելու միջոցով ինքնասպանութեան փորձին, որը ՄԻՊ գրասենեակի տարածած հաղորդագրութեան մէջ վերագրուել է ՀՀ դատախազութեան կողմից վերջինիս իրաւունքների իբր թէ խախտման հետ, ապա յարկ է նշել, որ քաղաքացին այդ քայլին դիմել է ոչ թէ 2006թ, իր դիմումի հիման վրայ քրէական գործ չյարուցելու հանգամանքից ելնելով, այլ այդ քայլին Ա. Վարդանեանը դիմել է 2011թ. դեկտեմբերի 13-ին, երբ զրկուել է սոցիալական նպաստից: Կարծում ենք պարզ աճպարարութեան միջոցով փորձել քաղաքացու ինքնասպանութեան փորձը ներկայացնել որպէս ՀՀ դատախազութեան կողմից քաղաքացու իրաւունքների ենթադրեալ խախտման հետեւանք, որեւէ աղերս չունի իրականում մարդու իրաւունքների պաշտպանութեան հետ, որին կոչուած է ՄԻՊ գրասենեակը`համաձայն ՀՀ օրէնսդրութեամբ: ՄԻՊ գրասենեակի մատնանշած խնդրի վերաբերեալ ՀՀ ոստիկանութեան Շիրակի բաժնում նախապատրաստուած նիւթերի նկատմամբ իրականացուել է պատշաճ դատախազական հսկողութիւն, ստուգուել է քրէական գործի յարուցումը մերժելու որոշման օրինականութեան հիմքերը: Նիւթերի ուսումնասիրութեամբ պարզուել է, որ քաղաքացի Անահիտ Վարդանեանը 2006թ.-ին դիմել է ՀՀ ոստիկանութեան Շիրակի մարզի բաժին, քաղաքացի Պ. Ղումաշեանի կողմից իր աւտոտնակի տանիքում գտնուող տնակը տանելու եւ 120 ԱՄՆ դոլար փոխհատուցումը չտալու մասին: Ա. Վարդանեանի դիմումի հիման վրայ իրականացուել են ստուգումներ`պարզելու համար քրէական գործ յարուցելու հիմքերի բաւարար լինելու հանգամանքները: Նիւթերի ուսումնասիրութեամբ պարզուել է, որ ինչպէս Ա. Վարդանեանը, այնպէս էլ վերջինիս դուստր Ռուզաննա Վարդանեանը ընդունել են, որ տեղեակ են եղել Պ. Ղումաշեանի կողմից տնակը տանելու փաստի մասին, որի դիմաց վերջինս իրենց տուել է 120 ԱՄՆ դոլար գումար: Ռ. Վարդանեանը պատասխանելով հարցին, թէ Պետրոս Ղումաշեանը արդեօք գողացել կամ ինքնագլուխ է տիրացել տնակին, ասել է. «տնակն ասեղ չէր, որ գողանար, կամ ինքնագլուխ տիրանար, պարզապէս նա չվերանորոգեց աւտոտնակի տանիքը, մայրս էլ զայրացաւ: Մենք մտերիմ հարեւաններ ենք եղել, Պետրոսը հօրս ընկերն է եղել, թշնամութիւն մեր մէջ չկայ: Ճիշտ է, ինձ փող տուել է, բայց տնակը վաճառելու մասին խօսակցութիւնը վարել է մօրս հետէ: Պետրոս Ղումաշեանն իր սկզբնական եւ լրացուցիչ բացատրութիւններում պնդել է, որ որեւէ անօրինական գործողութիւն չի կատարել, տնակը 120 ԱՄՆ դոլարին համարժէք դրամով գնելու վերաբերեալ ինքը, Անահիտ Վարդանեանի գիտութեամբ, ի սկզբանէ համաձայնութիւն է ձեռք բերել նրա դստեր` Ռուզաննա Վարդանեանի հետ, վերջինիս վճարել տնակի գնի մի մասը` 50 ԱՄՆ դոլարին համարժէք ՀՀ դրամ, որից յետոյ տեղափոխել տնակը, իսկ դրանից մի քանի օր անց նրան վճարել է եւս 70 ԱՄՆ դոլարին համարժէք դրամ, ընդամէնը` 120 ԱՄՆ դոլարին համարժէք դրամ, իսկ Անահիտ Վարդանեանը դիմել է ոստիկանութիւն, քանի որ ինքը հրաժարուել է կատարել աւտոտնակի տանիքը վերանորոգելու վերաբերեալ նրա անհիմն պահանջը: Թէ Ա. Վարդանեանի, թէ Պ. Ղումաշեանի բացատրութիւններում համընկել է նաեւ ժամանակագրական այն հանգամանքը, որ տնակը փոխհամաձայնութեամբ եւ փոխհատուցմամբ տարուել է 1999-2000թթ ընթացքում: Վերոյիշեալն ինքնին, ինչպէս նաեւ Պետրոս Ղումաշեանի բացատրութիւններում նշուած հանգամանքների համադրմամբ, փաստում է դրանց իսկութիւնը, նրա արարքում յանցակազմի բացակայութիւնը, ինչպէս նաեւ կողմերի միջեւ վէճը քաղաքացիաիրաւական բնոյթի եւ դատական կարգով լուծման ենթակայ լինելը, որի պայմաններում 12.12.2006թ. որոշում է կայացուել քրէական գործ չյարուցելու եւ քրէական հետապնդում չիրականացնելու մասին: Անահիտ Վարդանեանին օրէնքով սահմանուած կարգով եւ ժամկէտում գրաւոր տեղեկացուել է եւ նրան բացատրուել է որոշման բողոքարկման կարգը, ինչպէս նաեւ պատճառուած վնասը հատուցելու պահանջով դատարան դիմելու նրա իրաւունքը, սակայն Անահիտ Վարդանեանը որոշումը չի բողոքարկել: Պարզուել է նաեւ, որ նշուած վէճի եւ իր այլ պահանջների վերաբերեալ Անահիտ Վարդանեանի կողմից տարբեր պետական մարմիններին ու պաշտօնատար անձանց հասցէագրուած դիմումներին սահմանուած կարգով եւ ժամկէտներում տրուել են սպառիչ պատասխաններ ու պարզաբանումներ, նրա մասնակցութեամբ կազմակերպուել ընդունելութիւններ: Միաժամանակ պարզուել է, որ 2007թ.-ին Անահիտ Վարդանեանը հայցադիմում է ներկայացրել Շիրակի մարզի առաջին ատեանի դատարան ընդդէմ Պ. Ղումաշեանի: Շիրակի մարզի առաջին ատեանի դատարանը իր 11.09.2007թ. վճռով Ա. Վարդանեանի հայցը մերժել է: Դատարանը հիմնաւորուած եւ հաստատուած է համարել այն հանգամանքը, որ Անահիտ Վարդանեանի համաձայնութեամբ, վերջինիս դուստրը` Ռուզաննա Վարդանեանը, համապատասխան գումարի` 120 ԱՄՆ դոլարի դիմաց տնակը յանձնել է Պետրոս Ղումաշեանին: Որպէս հատուցմամբ ձեռք բերուած գոյք` Պետրոս Ղումաշեանը տարիներ շարունակ օգտագործել եւ տնօրինել է տնակը: Նշուած վճիռը բողոքարկուել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, որն իր 28.03.2008թ. որոշմամբ բողոքը մերժել է եւ Շիրակի մարզի առաջին ատեանի դատարանի վճիռը թողել է օրինական ուժի մէջ: Աւելին, մի Պաշտպանը սոյն հարցով 2 անգամ գրաւոր դիմել է ՀՀ գլխաւոր դատախազութիւն /12.03 եւ 02.05.12թթ./ եւ երկու անգամ էլ ՄԻ Պաշտպանին մանրակրկիտ տեղեկացուել է սոյն գործի հանգամանքների մասին, ներկայացուել են բացատրութիւններից մէջբերումներ, պարզաբանուել է, որ ՄԻՊ գրասենեակի եզրակացութիւնները` վերոնշեալ գործի բացատրութիւններում առկայ ենթադրեալ հակասականութիւնների մասին պայմանաւորուած է ՄԻՊ գրասենեակի կողմից այդ նիւթերի մասնակի ուսումնասիրութեամբ, որ չեն ուսումնասիրուել լրացուցիչ բացատրութիւնները, որոնցում նշուած հանգամանքների համադրմամբ, փաստում է դրանց իսկութիւնը, քաղաքացի Պետրոս Ղումաշեանի արարքում յանցակազմի բացակայութիւնը, ում դէմ ուղղուած է Անահիտ Վարդանեանի բողոքները: Ի դէպ քաղաքացի Պետրոս Ղումաշեանը մահացել է 2011թ. յուլիսին, ինչի մասին նոյնպէս պատասխան գրութեամբ տեղեկացուել էր Մարդու Իրաւունքների Պաշտպանը: Ներկայացուել են նաեւ անահիտ Վարդանեանի դիմումը`ուղղուած Շիրակի մարզի քննչական բաժին, որ ինքը որեւէ պահանջ ոստիկանութիւնից չունի, որ ինքը գիտակցում է, որ իր խնդիրը ոստիկանութեան քննութեան ենթակայ չէ, եւ ինքը ուղղակի վրդովուած է եղել, ուստի այդ պատճառով է դիմել ոստիկանութիւն, ներկայացուել են Շիրակի մարզի ընդհանուր իրաւասութեան առաջին ատեանի դատարանի վճիռը եւ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի որոշումը` Անահիտ Վարդանեանի քաղհայցը մերժելու մասին, նախաքննական մարմնի հիմնաւորումները քրէական գործի յարուցումը մերժելու օրինական հիմքերի մասին: Պարզաբանուել է, որ բացատրութիւններում եղած հակասութիւնները դեռեւս չեն փաստում քրէական գործ յարուցելու բաւարար հիմքերի առկայութեան մասին, քանի որ քրէական գործ յարուցելու որոշում կայացւում է է ստուգման արդիւնքներով ձեռք բերուած բոլոր հանգամանքների համադրման եւ համակցութեամբ գնահատման արդիւնքում: ՀՀ դատախազութեան հանրային կապերի վարչութիւնից յայտնում են, որ առնուազը տարօրինակ է, որ ՄԻՊ գրասենեակը ՀՀ գլխաւոր դատախազութեան պատասխաններից յետոյ, իր անհամաձայնութիւնները կամ դիտարկումները հիմնաւորուած ներկայացնելու փոխարէն, ուղիղ 2 ամիս անց, առանց մի բառ իսկ փոփոխելու կամ աւելացնելու իր նախկին գրութիւններում նշուած հանգամանքներից, առանց որեւէ հետեւութիւն անելու իրենց ուղարկուած պատասխաններից կամ առնուազն ՀՀ գլխաւոր դատախազութեան պատասխաններում որեւէ հանգամանքի վերաբերեալ իր անհամաձայնութիւնը յայտնելու, հանդէս է գալիս մամուլի հաղորդագրութեամբ` նոյնութեամբ կրկնուելով մի հարցի շուրջ, որի վերաբերեալ ստացել է սպառիչ պատասխաններ եւ չի յայտնել որեւէ հիմնաւորուած անհամաձայնութիւն:
  -   Մարդու իրաւունքներ