25-07-2012 12:37:11 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
2012-2016թթ. դատաիրաւական բարեփոխումների ռազմավարական ծրագրի շրջանակներում նախատեսուած է անցկացնել մի շարք համակարգային, արմատական ու անգամ յեղափոխական բարեփոխումներ: Ինչպէս «Փաստինֆո»գործակալութեան թղթակցի հետ զրոյցում նշեց ՀՀ արդարադատութեան նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադեանը, բարեփոխումներով կ'ապահովուի անկախ, արդիւնաւէտ դատարանի ու արդարադատութեան կայացումը:
Մասնաւորապէս, ըստ նրա, լուրջ ուսումնասիրութիւններ են անցկացուելու դատարանների նախագահների պաշտօնավարման ժամկէտի սահմանափակման վերաբերեալ եւ, ըստ արդիւնքների, գուցէ եւ այդպիսի սահմանափակում ամրագրուի: «Սայ ըստ էութեան կը լինի որոշակի յեղափոխական քայլ, իշխանութիւնների բաժանումից բխող հակակշիռների մեխանիզմով ու նաեւ հնարաւորութիւն կը տայ բոլոր դատաւորներին կամ նրանց մեծ մասին պաշտօնավարել որպէս դատարանի նախագահ», - նշեց արդարադատութեան առաջին փոխնախարարը, պարզաբանելով, որ գաղտնիք չէ, որ դատաւորի ներքին անկախութեան ամենախոցելի մասը դատաւոր-դատարանի նախագահ փոխյարաբերութիւններն են: Ուստի այդ հարցը պէտք է հիմնովին եւ մէկընդմիշտ լուծել, որպէսզի դատաւորը նաեւ արտաքին ներգործութիւններին դիմակայելու բաւարար ներուժ ու կարողութիւն ունենա: «սայ նոյնպէս գերխնդիր է, եւ սայ նոյնպէս ամրագրուած է ռազմավարութիւնումէ,- ասաց փոխնախարարը:
Կոնկրէտ քայլեր կարուեն նաեւ ապահովելու գործերի բաշխման օբյեկտիւ, դատարանների նախագահներից անկախ համակարգի ստեղծումը: Ըստ Գ. Մուրադեանի, Հայաստանի նորագոյն պատմութեան մէջ բազմիցս հռչակուել է դրա անհրաժեշտութիւնը, սակայն դեռեւս չի կենսագործուել: «Մենք ձեռնամուխ ենք լինելու առաջին հերթին նաեւ այս խնդրի լուծմանը, եւ բոլոր նախադրեալները կան, որ այդ խնդիրը գոնէ մօտ ապագայում կը լուծուի»:
Ըստ արդարադատութեան առաջին փոխնախարարի, անհրաժեշտ է նաեւ ճշգրտել ու ապահովել դատաւորի նկատմամբ կարգապահական վարոյթ յարուցելու ընթացակարգերում արդարութեան պահանջների պահպանումը: Գ. Մուրադեանը գտնում է, որ այդ առումով յատկապէս անհրաժեշտ է յստակեցնել ակնյայտ կոպիտ խախտման չափանիշները, որի շուրջ լուրջ ուսումնասիրութիւն է անցկացուելու` տարբեր միջազգային ու ազգային փորձագէտների ներգրաւմամբ: Ի տարբերութիւն շատ երկրների, որոնք այդ չափանիշները յստակեցնում են դատական պրակտիկայի կամ համապատասխան մարմինների որոշումների հիման վրայ, Հայաստանն ընտրել է այլ ուղի` ելնելով պրակտիկայից, օրէնսդրական ճանապարհով փորձել հնարաւորինս յստակեցնել այդ չափանիշները: Փոխնախարարը մեծապէս կարեւորում է (դա ամրագրուած է ռազմավարութեան մէջ), որպէսզի որեւէ այլ մարմին չկարողանայ իր որոշումներով կանխորոշել եւ դատաւորի սխալը որակել որպէս ակնյայտ կոպիտ:
«Ներկայում, ցաւօք, այդպէս է: Վճռաբեկ դատարանն ունի նման իրաւասութիւն: Այդ իրաւասութիւնը պէտք է վերացնել, որպէսզի Արդարադատութեան խորհուրդը առանց որեւէ կանխորոշիչ նախադրեալների լիովին անկախ գնահատի դատաւորի կողմից իր գործունէութեան մէջ ակնյայտ կոպիտ սխալի առկայութիւնը: Ընդ որում, ոչ վճռի կամ այլ դատական ակտի բեկանումը, ոչ դատաւորի կողմից ապացոյցների գնահատումը, ոչ դատավարական այլ գործողութիւնների կատարումն ինքնին որեւէ կերպ չպէտք է յանգեցնեն դատաւորի հանդէպ կարգապահական վարոյթի յարուցման, եթէ նա օրէնքը չի խախտել դիտաւորութեամբ կամ կոպիտ անփութութեամբ: «Չափազանց կարեւոր գաղափար է, որն ամրագրուել է ռազմավարութեան մէջ, եւ սա պէտք է ապահովի դատաւորի իրական անկախութիւնը նաեւ հնարաւոր կարգապահական վարոյթի շրջանակներում:
Արդարադատութեան առաջին փոխնախարարը միաժամանակ նկատեց, որ կարեւոր է երաշխաւորել նաեւ այն անձանց շահերը, ում իրաւունքները խախտուել են Արդարադատութեան խորհրդի կողմից որպէս ակնյայտ կոպիտ սխալ որակուած դատաւորի գործողութիւններով: «Նման դէպքերի համար մենք նախատեսում ենք ուսումնասիրութիւն, որպէսզի Արդարադատութեան խորհրդի որոշումը դառնա որպէս նոր երեւան եկած հանգամանք, եւ այդ գործերը վերանայուեն: Հակառակ դէպքում դատաւորն ըստ էութեան պատասխանատուութեան է ենթարկւում, կրում է իր արժանի պատիժը, ինչպէս ասում են, միւս կողմից քաղաքացու իրաւունքների վերականգնման վրայ դա ազդեցութիւն չի գործում: Դա հակահամակարգային մօտեցում է, որը պէտք է յաղթահարել»,- ասաց Գրիգոր Մուրադեանը:
«Փաստինֆո» լրատուական գործակալութիւն