Թեհրանի հայոց Թեմական խորհրդի գրությունը հանրապետության նախագահին.


Թեհրանի հայոց Թեմական խորհրդի գրությունը հանրապետության նախագահին.

  • 25-07-2012 15:31:28   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Թեհրանի հայոց Թեմական խորհրդի գրութիւնը՝ հանրապետութեան նախագահին. Թւականիս յուլիսի 14-ի օրաթերթիս «Դիտանկիւն» սիւնակում հաղորդել էինք նախօրէին Թեհրանում կայացած «Մուսուլման կանանց զարթօնք» համաշխարհային առաջին համահաւաքի բացման մասին, որտեղ հանրապետութեան նախագահ Մահմուդ Ահմադինեժադը իր բացման խօսքում հակաքրիստոնէական եւ հակամովսիսական տեսակէտների արտայայտութեամբ դժգոհութեան եւ վրդովմունքի ալիք բարձրացրեց նոյնինքն մուսուլման հոգեւորականութեան շրջանակներում եւ որ դա արձագանգւեց նաեւ պարսկատառ մամուլում: Այդ կապակցութեամբ ներկայացնում ենք Թ. Հ. Թեմական խորհրդի անունից ատենապետ Էդւարդ Բաբախանեանի ստորագրութեամբ ԻԻՀ նախագահին յղւած 16 յուլիսի 2012 թ. (1391/4/26) թւակիր, համար՝ 328/1342 նամակից մէջբերումներ: Գրութիւնն ընդգծելով տարբեր կրօնների հետեւորդների համագործակցութիւնը եւ կրօնների միջեւ գոյութիւն ունեցող համանման համոզումներին յենւելու անհրաժեշտութիւնը՝ մերօրեայ տագնապներով յագեցած մարդաշխարհում, որտեղ միջազգային կառոյցների ջանքերով հանդերձ՝ միաբանութիւն հաստատելու համար՝ ականատես ենք լինում իսլամական սրբութիւնների ոտնահարման, Ղուրանի այրման եւ քրիստոնէական եկեղեցիների նկատմամբ ոտնձգութեան դէպքերի, որոնք բնաւ հիմնւած չեն աստւածային կրօնների սկզբունքների, այլ հետեւանքն են այդ կրօնների ուսմունքների իւրովի ու ծայրայեղական ըմբռնումների: Այնուհետեւ նամակի շարունակութեան մէջ ասւում է.- Իրանի Իսլ. Հանրապետութեան վարչակարգը խարսխւած լինելով կրօնական վեհ տեսակէտներից բխած հիմունքների վրայ եւ հեռու լինելով ընթացիկ մոլեռանդութիւններից՝ միշտ շեշտել է փոխադարձ յարգանքի եւ ըմբռնողութեան անհրաժեշտութիւնը՝ կրօնների միջեւ եւ երկխօսութեան միջոցառումներ կազմակերպելով՝ գործնական քայլեր վերցրել այդ ուղղութեամբ, որոնց ակտիւ մասնակից է եղել Հայոց Առաքելական Եկեղեցին: Մեծարգոյ նախագահի վերջերս հնչեցրած արտայայտութիւնները համահունչ չգտնելով ԻԻՀ-ում վեհ տեսակէտներին, որոնք միտում են մարդկային զարթօնքի եւ համաշխարհային բարեկարգչական հեռանկարների, գտնում ենք, որ այդ վեհ նպատակը իրագործելի է ոչ թէ կրօնների աստւածային սկզբնաղբիւրները հերքելով, այլ այդ կրօնների միասնական ներուժը յանուն Աստծոյ կողմից խոստացւած արդարութեան՝ զօրաշարժի ենթարկելով: Լաւածանօթ լինելով Ձեր մտաւոր անհատականութեանն ու նկարագրին՝ յուսով ենք, որ Ձեր անունից արտացոլւած տեսակէտները հետեւանքը լինեն մամուլի կողմից թոյլ տրւած թիւրիմացութեան եւ վստահ ենք, որ դրանց սրբագրումը կանխելու է ԻԻՀ վարչակարգի թշնամիների հետագայ քարոզչական չարաշահումները: Մէկ անգամ եւս շեշտում ենք ԻԻՀ կառավարութեան որդեգրած քաղաքականութիւնը՝ աստւածային կրօնների հետեւորդների միջեւ կառուցողական եւ դրական համագործակցութիւն ամրապնդելու նպատակով: * * * ԽՄԲ. -Թեմական խորհրդի նամակի յղումից մի քանի օրեր անց, սակայն, տեղեկացանք, որ հանրապետութեան նախագահը մի այլ հաւաքում, ցաւօք, կրկնել է նոյնիմաստ արտայայտութիւններ՝ առաւել արտառոց բնութագրականով՝ «... արդեօք Աստւած մի կրօն քրիստոնէութեան եւ մի կրօն էլ մովսիսականութեան անունով է առաքել թէ այդ անուններով «դուքաններ» են բացւել...» («Իրան» օրաթերթի 21 յուլիսի համար): «ԱԼԻՔ» օրաթերթ
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը