Հիմնանորոգուել է Գիւմրիի «Երեխաների տուն» մանկատունը


Հիմնանորոգուել է Գիւմրիի «Երեխաների տուն» մանկատունը

  • 07-08-2012 13:37:00   |   |  Բարեգործութիւն

Օգոստոսի 6-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամը հանդիսաւոր պայմաններում բացեց Գիւմրիի «Երեխաների տուն» մանկատան հիմնանորոգուած երկու մասնաշէնքերը: ծրագիրն իրականացուել է Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ֆինանսաւորմամբ: Միջոցները հաւաքագրուել են Հիմնադրամի բարերարներ Համօ եւ Թամար Գրիգորեաններ ընտանիքի նուիրատուութիւններից եւ համաեւրոպական Հեռախօսամարաթոն 2011-ի արդիւնքում հաւաքագրուած գումարից: Բարեկարգուել են մանկատան երկու մասնաշէնքերը` ներառեալ ննջարանները, մեթոդական կաբինետները, մարմնամարզութեան սրահը, ճաշարանը, խոհանոցը, լուացքատունը, սանհանգոյցները: Ընդհանուր առմամբ հիմնանորոգուել է 900քմ տարածք: Բացմանը ներկայ էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէն Արա Վարդանեանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտէմ Ասատրեանը, Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայէլ եպիսկոպոս Աջապահեանը, Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջեանը, տեղական մարմնի վարչական անդամ Անդրանիկ Միքայէլեանը, ինչպէս նաեւ բարերարներ տէր եւ տիկին Գրիգորեաններն իրենց զաւակների հետ: Կարմիր ժապաւէնը կտրելու պատիւը տրուեց Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջեանին եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտէմ Ասատրեանին: «Այս «տուննէ անճանաչելիօրէն փոխուել է այս կարճ ժամանակահատուածում: Մեր բոլորի նպատակն է, որ այս երեխաներն էլ միւսների նման ուրախ ապրեն», - իր ողջոյնի խօսքում ասաց Ժիլբեր Մոմջեանը: «Սիրելի բարերարներ, դուք մեզ հետ միասին փոխարինում էք այս մանուկների ծնողներին: Ձեր արածը աստուածահաճոյ գործ է»,- իր շնորհակալական խօսքում նշեց «Երեխաների տան» տնօրէն տիկին Աւագեանը: Իսկ բարերար Համօ Գրիգորեանը, 10 հազար ԱՄՆ դոլարի կտրօնը յանձնելով Ժիլբեր Մոմջեանին` յուզուած ասաց, - «Մենք շատ բարերարներ ունենք եւ ամէնքն էլ իրենց կարողութեան չափով օգտակար են, բայց պակաս կարեւոր չեն նրանք, ովքեր անձնապէս կիսում են այս մանուկների առօրեայ հոգսը»: Մանկատան շէնքը կառուցուել է 1924թ.-ին եւ մինչեւ 1972թ. գործել որպէս գիշերօթիկ մանկապարտէզ: 1946 եւ 1993թթ.-ին կառուցուել է եւս երկու մասնաշէնք: Մանկատանը խնամք է ստանում մինչեւ 6 տարեկան աւելի քան 120 երեխայ, ովքեր ունեն մտաւոր եւ ֆիզիկական շեղումներ: 6 տարեկանը լրանալուն պէս մանկատան սաները տեղափոխւում են դեռահասների համար նախատեսուած մանկատներ, այդ թւում` Խարբերդի մասնագիտացուած եւ Երեւանի Մարի Իզմիրլեանի անուան մանկատներ: Երեխաներին տեղաբաշխելիս հաշուի են առնւում երեխաների մտաւոր եւ ֆիզիկական վիճակը, ինչպէս նաեւ նրանց վիճակի բարելաւման հնարաւորութիւնները: Օրինակ, տեսողական խնդիրներ ունեցող երեխաներն էլ տեղափոխւում են ապրելու եւ ուսանելու Երեւանի տեսողական խնդիրներ ունեցող երեխաների թիւ 14 գիշերօթիկ դպրոցում: Անհրաժեշտ բժշկական միջամտութիւնից յետոյ, բարելաւուած առողջական վիճակ ունեցող երեխաները ծնողների ցանկութեամբ կարող են վերադառնալ ընտանիք: «Մենք որոշել էինք Հիմնադրամի 20-ամեակը նշել ո'չ թէ հանդիսութիւններով ու հրավառութեանբ, այլ ամենատարբեր ծրագրերի բացումներով: Այդ շարքը սկսեցինք տարեսկզբին Արցախում, ապա Հայաստանում եւ կը շարունակենք ողջ տարուայ ընթացքում», բացման հանդիսութիւնը եզրափակեց Հիմնադրամի տնօրէն Արա վարդանեանը: Երեւանի «Մոսկուա»կինոթատրոնը յուլիսի կէսերից սկսած կանոնաւոր ցուցադրում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեւրոպական ֆօնեթօնի մասին պատմող «Զանգ յանուն» վաւերագրական ֆիլմը` հանդէս գալով որպէս Հիմնադրամի ինֆորմացիոն հովանաւոր :
  -   Բարեգործութիւն