Եւրոպական Շարժումը կարեւորում է Հայաստանի տնտեսութեան արդիականացումը եւ համապատասանեցումը եւրոպական չափանիշներին
07-08-2012 10:32:58 | Հայաստան | Հասարակութիւն
Միջազգային Եւրոպական Շարժման Հայաստանեան Խորհրդի յայտարարութիւնը.
Հաշուի առնելով Հայաստանի Հանրապետութեանը առաջարկուող անդամակցութիւնը Եւրասիական Միութեանը,
Ողջունելով Ռուսաստանի Դաշնութեան Նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից առաջ քաշուող թեզը առ այն, որ հեռանկարում անհրաժեշտ է ստեղծել ազատ առեւտրի տարածք Վլադիւաստոկից մինչեւ Լիսաբոն,
Ողջունելով Հայաստանի Հանրապետութեան եւ Եւրոպական Միութեան միջեւ ձեւաւորուած աննախադէպ սերտ փոխգործակցութիւնը քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտէգրման ճանապարհին,
Փաստելով, որ Եւրոպական Միութեան ինտէգրուելու հեռանկարը Հայաստանում վայելում է հասարակութեան լայն շրջանակների աջակցութիւնը, ինչը արտացոլւում է Ազգային Ժողովում եւ քաղաքացիական հարթակներում,
Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան միջեւ աւանդոյթների հիման վրայ ստեղծուած ռազմավարական գործակցութիւնը,
Եւրոպական Շարժումը կարեւորում է Հայաստանի տնտեսութեան արդիականացումը եւ համապատասանեցումը եւրոպական չափանիշներին եւ նորմերին: Եւրոպական ինտէգրման ուղին Հայաստանի համար, ինչպէս եւ նախկինում այլընտրանք չպէտք է ունենա, այն պէտք է դիտուի իբրեւ տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու, հասարակութիւնների եւ ազգերի միջեւ համերաշխութիւն սերմանելու եւ վերջիններս արդիականացնելու, ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների նկատմամբ յարգանքի մակարդակի բարձրացման բացառիկ պատմական հնարաւորութիւն: Միւս կողմից, չափազանց կարեւորում ենք Հայաստանին դաշնակից հետխորհրդային միւս պետութիւնների, այդ թւում Ռուսաստանի Դաշնութեան ինտէգրումը նոյն արժեհամակարգին: