Կոլեգիայի հերթական նիստ` ՀՀ ՏԿ նախարարին կից


Կոլեգիայի հերթական նիստ` ՀՀ ՏԿ նախարարին կից

  • 07-08-2012 14:10:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրուայ նիստում ներկայացուեցին հանրապետութեան համայնքների բիւջեների 2012 թ. 7 ամիսների կատարողականի ցուցանիշները: Օգոստոսի 1-ի դրութեամբ ընդամէնը եկամուտների կատարողականը կազմել է 82.6 տոկոս, անցած տարուայ 7 ամսուայ համեմատ աճը կազմել է 3 մլրդ 860 մլն 899 հազար դրամ: Սեփական եկամուտները, առանց պաշտօնական դրամաշնորհների, անցած տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ աճել են 1 մլրդ 450 մլն 748 հազար դրամով. արձանագրուել է 83.7 տոկոս կատարողական: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա. Գէորգեանն անբաւարար համարեց հողի հարկի հաւաքագրման արդիւնքները, ընդգծելով, որ յատկապէս ցածր ցուցանիշներ ունեցող մարզերում չկան օբյեկտիւ պատճառներ նման արդիւնքներ գրանցելու համար: 80 տոկոսից ցածր ցուցանիշներ են արձանագրուել Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Տաւուշի մարզերում: Յանձնարարուեց ՀՀ ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վաչէ Տէրտէրեանին եւ փոխնախարար Արտաշէս Բախշեանին շարունակել հետեւողական աշխատանքները` նշուած մարզերում սեփական եկամուտների հաւաքագրման ցուցանիշների բարելաւման ուղղութեամբ: ՀՀ տարածքային կառավարման նախարարութեան հասարակայնութեան հետ կապերի բաժնից յայտնում են, որ սեփական եկամուտների հաւաքագրման մէջ, անցած տարուայ համեմատ, նուազում է գրանցուել նաեւ տեղական եւ պետական տուրքերի մասով: Որոշուեց ստեղծել աշխատանքային խումբ եւ առաջիկայ երկու շաբաթում մարզերում վերլուծել տեղական տուրքերի հաւաքագրման նուազման պատճառները: Համայնքների սեփական եկամուտներում պետական տուրքերի հաւաքագրման մակարդակն անցած տարուայ համեմատ նուազել է 12.7 տոկոսով` 57 մլն 926 հազար դրամով: Ա. Գէորգեանը յանձնարարեց ուսումնասիրել պետական տուրքերի նուազման օբյեկտիւ պատճառները, եւ յատկապէս` նօտարական եւ անշարժ գոյքի կ'ադաստրի համակարգերում իրականացուած բարեփոխումների ազդեցութիւնն այս գործընթացի վրայ: Ա. Գէորգեանն առաջարկեց մարզպետների եւ համայնքների ղեկավարների ուշադրութիւնը մէկ անգամ եւս հրաւիրել այն հանգամանքի վրայ, որ <<Գոյքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին >> ՀՀ օրէնքով սահմանուած արտօնութիւնները գործելու են մինչեւ ընթացիկ տարուայ դեկտեմբերի 31-ը: Նիստում տկն աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչութեան պետ աշոտ Գիլոյեանը տեղեկատուութիւն ներկայացրեց Ջերմուկ քաղաքում գիւղական համայնքների երկրորդ համաժողովի նախապատրաստական աշխատանքների վերաբերեալ: Համաժողովը կազմակերպւում է ՀՀ տարածքային կառավարման նախարարութեան եւ «Հայաստանի համայնքների միութիւն» Իրաւաբանական անձանց միութեան կողմից: Գիւղական համայնքների համաժողովը Հայաստանում անց է կացուելու երկրորդ անգամ եւ նպատակ ունի աջակցել գիւղական համայնքների կայուն զարգացմանը` երկխօսութեան, փորձի փոխանակման, իրականացուող ծրագրերի եւ քաղաքականութիւնների վերաբերեալ տեղեկատուութեան փոխանակման միջոցով: Նախատեսւում է, որ այն տեղի կ'ունենայ հոկտեմբերի 5-6-ը` Ջերմուկ քաղաքում: Համաժողովի աւարտին կանցկացուի Արենու աւանդական տօնավաճառը եւ գինու փառատօնը: որոշուեց երկրորդ համաժողովում ձեւաւորել 6 թեմատիկ աշխատանքային խմբեր, որտեղ կը քննարկուեն հետեւեալ` «Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացուող ծախսային քաղաքականութեան ընդհանուր մեթոդաբանութեան ձեւաւորում», «Տեղական եկամուտների վարչարարութեան խնդիրները` օրէնսդրութիւն, հարկային փաթեթներ, նոր տեղական վճարներ եւ այլն», «Գործարար միջավայրի բարելաւմանն ուղղուած` տեղական ինքնակառավարման մարմիններ - գործարար յարաբերութիւնների պարզեցում, յստակեցում եւ գործող ընթացակարգերի բարելաւում», «Տարածքային համաչափ զարգացում, առաջանցիկ մեխանիզմների մշակում, հրատապ ծրագրերի ամփոփում», «Կոշտ կենցաղային թափօնների կառավարումը Հայաստանում» - աւարտուած, ընթացիկ եւ պլանաւորուող ծրագրեր` Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի, KfW բանկի, Ասիական զարգացման բանկի, «Թափօնների կառավարում–ԵՀԳԳ Արեւելք»տարածաշրջանային ծրագրի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում» , «Տեղական ժողովրդավարութիւն, տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցութիւն» թեմաները: Կոլեգիայի նիստում «Հայաստանի համայնքների միութիւն» Իրաւաբանական անձանց միութեան նախագահ Էմին Երիցեանը տեղեկութիւններ ներկայացրեց հայաստանում սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրութիւններում մոնիտորինգի նպատակով ԵԽ տեղական եւ տարածքային իշխանութիւնների կոնգրէսի դիտորդական առաքելութեան այցի, ինչպէս նաեւ Ախթալայում սեպտեմբերին նախատեսուող <<Միջմշակութային երկխօսութիւն եւ խորովածի փառատօն >>-ի կազմակերպման մասին:
  -   Մամլո հաղորդագրություն