Հայ Ազգային Կոնգրէսը իր զօրակցութիւն է յայտնում ոստիկանական գործողութիւններից տուժած արմաւիրցիներին


Հայ Ազգային Կոնգրէսը իր զօրակցութիւն է յայտնում ոստիկանական գործողութիւններից տուժած արմաւիրցիներին

  • 22-03-2011 21:16:54   | Հայաստան  |  Քաղաքական
Արմավիր քաղաքային համայնքի ղեկավարի մարտի 20-ի ընտրութիւնների կապակցութեամբ Հայ ազգային կոնգրէսը տարածել է յայտարարութիւն, որում ասուած է. «Արմավիր քաղաքում քաղաքապետի ընտրութիւններն անցան, ինչպէս եւ սպասելի էր, վարչախմբի չգրուած օրէնքների շրջանակներում: Յօգուտ հանրապետական գործող քաղաքապետի կատարուած համատարած խախտումները եւ կիրառուած բռնութիւնները միայն լուծեցին վերեւից իջած հրահանգի կատարումը` թէ ով պէտք է դառնա քաղաքապետ: Խնդիրը լուծուել է վերջին ժամերին ոստիկանութեան միջամտութեամբ, ամէն տեղամասում ցոյց տալով րոպէում 2 քուէարկութիւն: Հէնց դրա դէմ էլ ծառացաւ հասարակական ընդվզումը, որին մասնակցեցին հարիւրաւոր մարդիկ` որպէս բողոքի յուսահատ քայլ` փակելով մայրուղին: Բողոքի ակցիան ցրուել է Երեւանից բերուած ոստիկանական ուժերի կողմից` բռնի մեթոդներով, շատերը ֆիզիկապէս տուժել էն եւ բերման ենթարկուել ոստիկանական բաժին: Հայ Ազգային Կոնգրէսը, դատապարտելով վարչախմբի հերթական ապօրինութիւնները եւ բռնարարքները, իր զօրակցութիւն է յայտնում ոստիկանական գործողութիւններից տուժածներին, ինչպէս նաեւ իր պատրաստակամութիւնը յայտնում նրանց իրաւական օգնութիւն ցոյց տալու հարցում: Իսկ օրինական ընտրութեան հնարաւորութիւն, ինչպէս բազմիցս համոզուել ենք, կը ստանանք միայն վարչախմբի հեռացումով, ինչի նախաշեմին ենք հասել Հայ Ազգային Կոնգրէսի եռամեայ յամառ պայքարի շնորհիւ:»
  -   Քաղաքական