Ցանկացած բժշկական դժբախտ ելք պէտք է յաջորդուի փաստերի լիարժէք եւ անաչառ քննումով


Ցանկացած բժշկական դժբախտ ելք պէտք է յաջորդուի փաստերի լիարժէք եւ անաչառ քննումով

  • 04-09-2012 12:51:12   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

Բժշկական Ազատ-անկախ Արհմիութեան բաց նամակը (2), «Հանրապետութեան Նախագահին, Վարչապետին, Առողջապահութեան Նախարարին, Գլխաւոր Դատախազին, Մարդու Իրաւունքների Պաշտպանին Ս.թ. օգոստոսին 1-ին Բժշկական Ազատ-անկախ Արհմիութիւնը (բուժաշխատողների խումբ` միաւորուած Ֆեյսբուք համացանցում) հանդէս եկաւ կոչով, ուր արտայայտում էր իր խոր ափսոսանքը` ս. թ. փետրուարի 25-ին «Աբովեանի ծննդատանը» ծննդաբերութեան բուժօգնութեան ընթացքում մահացած Ֆլորա Աբգարեանի եւ նրա երեխայի մահուան կապակցութեամբ, եւ յղում էր իր ցաւակցութիւնը նրանց հարազատներին: Միաժամանակ կոչ էր արուել դէպքի պատճառով ձերբակալուած բժիշկ-անեսթեզիոլոգ Վլադիմիր Մեագկովին ազատ արձակել` մինչ վերջնական դատավճիռը: Մեր կոչը բխել է հետեւեալ տրամաբանութիւնից: Մենք` բուժաշխատողներս, նոյնպէս հանդիսանում ենք հասարակութեան մասնիկ, ով ունի հարազատ, եւ մենք նոյնպէս նման դէպքերից ապահովագրուած չենք: Մենք խորապէս հասկանում ենք Ֆլորա Աբգարեանի հարազատների կորուստը եւ խիստ ցաւում ենք այդ անդարձելի կորստի համար` միաժամանակ հասկանալով, որ ոչ մի ցաւակցութիւն չի կարող ամոքել Ֆլորա Աբգարեանի հարազատների վիշտը: Միաժամանակ, մենք նաեւ անհանգստացած ենք` ապագայում նման խնդիրները կրկնուելու հնարաւորութեան պատճառով: Մեր անհանգստութիւնը յատկապէս մեծ է այն պատճառով, որ գործի քննութեան ընթացքում չենք նկատում այն քայլերը, որ ուղղուած կը լինէին նուազեցնելու նման դէպքերի յետագայ կրկնութեանը: Ցանկացած բժշկական դժբախտ ելք պէտք է յաջորդուի փաստերի լիարժէք եւ անաչառ քննումով, որ բխում է հասարակութեան շահերից եւ ուղղուած է բարձրացնելու հասարակութեան վստահութիւնը բժշկի, ինչպէս նաեւ արդարադատութեան համակարգի հանդէպ: Միաժամանակ, այդ դէպքի քննումը պէտք է ուղեկցուի համապատասխան հետեւութիւններով եւ քայլերով` ուղղուած յետագայում նման դէպքերի կրկնութիւնը հնարաւորինս կանխելուն` ամէն ինչով նպաստելով, որ բուժաշխատողը գիտելիքներով, փորձով, եւ հնարաւորութիւներով պատրաստ լինի պայքարելու բարդութիւնների դէմ: Սակայն, ցաւօք, ներկայ պահին երեւում են քայլեր, որ միայն ուղղուած են մեղաւոր գտնելուն եւ նրան ազատազրկելուն: Հասկանում ենք, որ դժբախտ ելքով աւարտուած իրավիճակներում, երբ առկայ է համընդհանուր անվստահութեան մթնոլորտ, յաճախ աւելի հեշտ է մէկին դատել` հարազատների վիշտը դրանով փոքր ինչ «ամոքելուէ համար, քան փորձել հարազատներին եւ ամբողջ հասարակութեանը բացատրել, որ ցաւօք, կան դէպքեր եւ իրավիճակներ, երբ ոչոք եւ ոչինչ ի զօրու չէ յաղթահարել որոշ բարդութիւններ, եւ բացատրել որ դրա դէմ բժիշկը պայքարել է հնարաւոր բոլոր միջոցներով, մինչեւ վերջ: Հասարակութեան ցաւը պէտք է աւելի մեծ լինի` նաեւ այս անվստահութեան մթնոլորտի համար, ինչպէս նաեւ նրա համար, որ դժբախտանում է նաեւ բժիշկն ինքը եւ իր ընտանիքը` բժշկի պարտականութիւնից բխող գործունէութեան արդիւնքում: Մենք համոզուած ենք, որ լաւագոյն յարգանքը այս անդառնալի կորստին` կը լինէր պատմութիւնից դաս քաղելը` կատարելով քայլեր ուղղուած ապագայում նման սխալները կանխարգելուն: Սակայն այս 6 ամսուայ ընթացքում մեզ յայտնի չէ ընդունուած որեւէ որոշում կամ գործնական քայլ, որ ուղղուած լինէր յաճախակի անէսթեզիայ կատարող բուժհիմնարկներում աշխատանքային պայմանների բարելաւումանը (օր. երկու անէսթեզիոլոգի միաժամանակեայ առկայութիւն, համապատասխան հանգստի ռեժիմով; կամ բարդ անէսթեզիոլոգիական դէպքերի համար` բրոնխօսկոպի կամ լարինգոսկոպի ձեռքբերում, որ կարող էր նման դժբախտ ելքի հնարաւորութիւնը խիստ նուազեցնել): Այդ դէպքում ինչու՞ էք կարծում, որ յաջորդ անէսթեզիոլոգն իր գործն աւելի լաւ է կատարելու, քան բժիշկ Մեագկովը: Հասկանալով, որ անփոխարինելի մարդ չկայ, ամէն դէպքում տուե՞լ էք մենք մեզ այն հարցը, թէ ո՞վ է փոխարինելու 30 տարուայ անբասիր աշխատանքային փորձ ունեցող բժշկին: Չե՞նք անհանգստանում ապագայում հնարաւոր նմանատիպ դժբախտութիւնների համար: Մարդկանց մէջ սասանուած հաւատի պայմանում նոյնիսկ անմեղ բժշկին արդարացնելն արդէն մեծ խնդիր է: Բայց պիտի հասկանալ, որ այդ հասարակութեան մի մաս կազմող բժիշկներն էլ ունեն նոյն անվստահութիւնը` իրենց աշխատանքի ու ապագայի հանդէպ` իրենց զոհաբերուած լինելու պատճառով: Ցաւօք բժշկի աշխատանքի հանդէպ հասարակութեան վերաբերմունքը փոխուել է: Այսօր երբ փրկում ես հազարաւոր կեանքեր, դա ընդունւում է որպէս սովորական աշխատանք, զուտ պարտականութիւնների կատարում: Հասկանալով, որ մեր` բժիշկների շարքերում կան մարդիկ, ովքեր ստուեր են գցում բժշկի անունի վրայ, ամէն դէպքում վստահեցնում ենք, որ բժշկութիւնը դա լոկ արհեստ չէ: Սիրելի հայրենակիցնէր, բժիշկ հէնց այդպէս չեն աշխատում... Եթէ բժիշկը հոգին չի ներդնում բուժման մէջ, հիւանդը հէնց այնպէս դեղեր խմելով չի բուժւում: Երբ հիւանդի կեանքը փրկւում է, դա առանց բժշկի ներքին դողի, ճակատից հոսող առատ քրտնքի, եւ առանց բժշկի լռելեայն աղօթքի չի լինում: Իսկ երբ հիւանդի սրտի զարկերը դանդաղում եւ դադարում են բժշկի ձեռքում, դա էլ յանուն կեանքի` առանց բժշկի պայքարի չի լինում: Ինչպէ՞ս կարելի է նման աշխատանքային վաստակ ունեցող բժշկին` հասարակութեան անդամին մեկուսացնել հասարակութիւնից` առանց վերջնական դատավճռի: Ինչպէս կարելի է նման մարդուն զոհաբերել` զուտ անվստահութեան մթնոլորտը ցրելու նպատակով: Եթէ նոյնիսկ մինչ դատավճիռ բժշկին չթոյլատրեն էլ զբաղուել մասնագիտական գործով, մենք վստահ ենք, որ նման անձը, մնալով հասարակութիւն շարքերում, իր մարդկային արժէքների կիրառումով աւելի պիտանի կը լինի հասարակութեան համար, քան առանց դատավճռի ձերբակալուած`ճաղերի հետեւում: Այդ պատճառով, հասարակութեանը վտանգաւոր չհանդիսացող անձի` բժշկի ձերբակալութիւնը ընկալում ենք որպէս ճնշման առկայութիւն դատական համակարգի վրայ: Նման պայմաններում դատական գործընթացի վերջն էլ լինելու է այն, որ զոհ է լինելու, աւելորդ անվստահութիւնից խուսափելու համար: Միթէ դա իրական ամոքում է` եղած կորստի համար: Միթէ մի ընտանիքի դժբախտութիւնը կը նուազի միւսի դժբախտութեան հաշուին: Մի ընտանիքի ցաւի «մեղմացումը», առանց խնդրի իրական լուծման, բերելու է ապագայում նոր դժբախտութիւնների: Մենք, բժիշկներս, որպէս հասարակութեան մի մասնիկ, կոչ ենք անում հանրապետութեան Նախագահին, Վարչապետին, Առողջապահութեան նախարարին, Գլխաւոր դատախազին, Մարդու իրաւունքների պաշտպանին` միջնորդել փոխելու բժիշկ Վլադիմիր Մեագկովի խափանման միջոց կալանքը` չբացակայելու ստորագրութեամբ, մինչ վերջնական դատավճիռը: Մենք հաւատում ենք, որ հասարակութեան վստահութիւնը շահելու լաւագոյն տարբերակը ոչմիայն արդար դատական գործընթացն ու վճիռն է, այլեւ յետագայ քայլերը` ուղղուած յետագայում նման երեւոյթները առաւելագոյնս կանխելուն` ի նպաստ մեր հասարակութեանը եւ ի շահ մեր պետութեանը: Յոյսով եւ հաւատով հետեւելու ենք յետագայ գործընթացի իսկապէս արդար եւ պատճառաբանուած քայլերի»: Յարգանքներով` «Բժշկական Ազատ-անկախ Արհմիութիւն»
  -   Մարդու իրաւունքներ