Կայացաւ Հայաստանի եւ Արգենտինայի արտգործնախարարների հանդիպումը


Կայացաւ Հայաստանի եւ Արգենտինայի արտգործնախարարների հանդիպումը

  • 04-09-2012 12:50:52   | Հայաստան  |  Քաղաքական

Սեպտեմբերի 4-ին կայացաւ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդեանի եւ պաշտօնական այցով Երեւան ժամանած Արգենտինայի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հանդիպումը: Ողջունելով հիւրին, նախարար Նալբանդեանը ասաց. «Այս տարի մենք նշում ենք հայ-արգենտինական դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 20 ամեակը, եւ կարող ենք արձանագրել, որ Արգենտինայի հետ այս տարիներին մենք ունեցել ենք բաւական ինտենսիւ շփումներ: Մենք կարեւորում ենք հայ-արգենտինեան փոխգործակցութեան զարգացումը. դրա մասին խօսում է այն փաստը, որ Լատինական Ամերիկայում առաջին դեսպանատունը մենք բացեցինք հէնց այդ երկրում, Արգենտինան առաջին լատինաամերիկեան երկիրն է, որի հետ մենք վերացրել ենք մուտքի արտօնագրային ռեժիմը: Իր հերթին, Արգենտինայի դեսպանատունը Հայաստանում առաջինն էր Հարաւային Կովկասում: Երկու երկրների միջեւ ստորագրուել են երկու տասնեակից աւելի փաստաթղթեր, Արգենտինան Հայաստանի տնտեսութեան մէջ խոշոր ներդրողներից է»: Շնորհակալութիւն յայտնելով Հայաստան այցելելու հրաւէրի եւ ջերմ ընդունելութեան համար նախարար Թիմերմանն ասաց, որ Արգենտինան ցանկանում է խորացնել համագործակցութիւնը բարեկամ Հայաստանի հետ եւ առաւել բարձրացնել միջպետական փոխգործակցութեան մակարդակը: Երկկողմ յարաբերութիւնների զարգացման տեսանկիւնից նախարարները կարեւորեցին բազմահազարանոց արգենտինահայ համայնքի դերակատարութիւնը: Հայաստանի եւ Արգենտինայի արտաքին գործերի նախարարները անդրադարձան երկկողմ փոխգործակցութեան զարգացմանն առնչուող հարցերի լայն շրջանակի: Պայմանաւորուեցին շարունակել աշխատանքները երկու երկրների միջեւ իրաւապայմանագրային դաշտն ընդլայնելու ուղղութեամբ, ամրապնդել միջազգային կազմակերպութիւններում համագործակցութիւնը, առեւտրատնտեսական, մշակութային եւ գիտակրթական փոխգործակցութիւնը: Հեկտոր Թիմերմանը Էդուարդ Նալբանդեանին տեղեկացրեց Արգենտինայի արտաքին քաղաքականութեան հիմնական ուղղութիւնների, լատինաամերիկեան տարածաշրջանում զարգացումների եւ դրանց վերաբերեալ իր երկրի մօտեցումների մասին: Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման գործընթացի վերջին զարգացումները: Նախարարները համակարծիք էին, որ հիմնախնդիրները պէտք է լուծուէն միմիայն խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրաւունքի սկզբունքների հիման վրայ: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, հանդիպումից յետոյ նախարարները ստորագրեցին Համաձայնագիր Հայաստանի Հանրապետութեան սպորտի եւ երիտասարդութեան հարցերով նախարարութեան եւ Արգենտինայի Հանրապետութեան սպորտի քարտուղարութեան միջեւ սպորտի բնագաւառում համագործակցութեան մասին, ապա հանդէս եկան համատեղ մամուլի ասուլիսով:
  -   Քաղաքական