Վարչապետն ընդունել է Հայաստան ժամանած ԱԳ նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի գլխաւորած պատուիրակութեանը


Վարչապետն ընդունել է Հայաստան ժամանած ԱԳ նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի գլխաւորած պատուիրակութեանը

  • 04-09-2012 14:00:53   | Հայաստան  |  Քաղաքական

Վարչապետ Տիգրան Սարգսեանն ընդունել է Հայաստան ժամանած Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի գլխաւորած պատուիրակութեանը: «Համոզուած ենք, որ Ձեր այցը նոր խթան կհանդիսանայ մեր երկու երկրների միջեւ առկայ յարաբերութիւնների յետագայ զարագացման համար: Հայաստանի եւ Արգենտինայի կառավարութիւնները պէտք է ջանքեր գործադրեն, որպէսզի այդ յարաբերութիւնները դառնան աւելի բազմատեսակ»,- ասել է Տիգրան Սարգսեանը: Արգենտինայի ԱԳ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ յարաբերութիւնները եւ կարեւորել տարբեր բնագաւառներում կապերի հաստատումը: «Արգենտինան պատրաստակամ է ամենաբարձր մակարդակով համագործակցել Հայաստանի հետ բոլոր ոլորտներում: Ձեր կողմից ներկայացուած ցանկացած առաջարկութեանն Արգենտինան դրականօրէն կ'արձագանքի: Այդ կամքն առկայ է եւ մենք պէտք է կարողանանք այն օգտագործել»,- նշել է Հեկտոր Մարկոս Թիմերմանը: Այնուհետեւ զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող մի շարք հարցերի: Կողմերը կարեւորել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական յարաբերութիւնների յետագայ զարգացումը եւ այդ ուղղութեամբ հայ-արգենտինեան առեւտրային պալատի գործունէութեան ակտիւացումը: Տիգրան Սարգսեանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է առաջիկայում կազմակերպել հայ-արգենտինեան բիզնես ֆորում, որի շրջանակներում էլ հնարաւոր կը լինի ընդլայնել եւ զարգացնել երկու երկրների գործարար կապերը: Այդ համատեքստում անդրադարձ է կատարուել գիւղատնտեսական ապրանքների վերամշակման ծրագրերում, Հայաստանում ստեղծուող ազատ տնտեսական գօտիներում արգենտինեան կողմի հնարաւոր ներգրաւմանը: Զրուցակիցները քննարկել են նաեւ զբօսաշրջութեան, գիտութեան եւ առողջապահութեան բնագաւառներում երկկողմ յարաբերութիւնների զարգացմանը եւ գործնական քայլերի իրականացմանն առնչուող հարցեր: Ըստ ՀՀ Կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան մամլոյ հաղորդագրութեան, Տիգրան Սարգսեանը շնորհակալութիւն է յայտնել Արգենտինայի իշխանութիւններին` արգենտինահայ համայնքին մեծ ուշադրութիւն դարձնելու եւ վերջիններիս խնդիրներին աչալուրջ լինելու համար:
  -   Քաղաքական