Հայաշխարհը շարունակում է իր բողոքը


Հայաշխարհը շարունակում է իր բողոքը

  • 13-09-2012 13:01:18   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

Հայաշխարհը շարունակում է իր բողոքը, նողկանքը եւ զայրոյթը ցուցաբերել հունգարա-ադրբեջանական հակահայ գործարքի՝ ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտայանձնման կապակցութեամբ: Այդ առիթով երեքշաբթի, սեպտ. 11-ին կազմակերպւել էր ժողովրդական հաւաք՝ Սասուն քաղաքամասի «Նայիրի» սրահում: Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հովանաւորութեամբ եւ Հ. Մ. «Սիփան», «Հայ կին» միութեան կից «Արմենուհի», Ս. Թարգմանչաց եկեղեցու Եկեղեցասէր կանանց, Փերիոյ Կրթասիրաց միութիւնների եւ «Րաֆֆի» մարզա-մշակութային համալիրի համատեղ նախաձեռնութեամբ ու համագործակցութեամբ կայացած ձեռնարկի յայտագրին մաս էին կազմում՝ բանախօսութիւն եւ ֆիլմի ցուցադրում: Ձեռնարկի սկզբում օրւայ հաղորդավար Նայիրի Շիրւանեանը ողջոյնի խօսք ուղղելով ներկաներին՝ հակիրճ տողերով ներկայացրեց կատարւած իրադարձութիւնը: Յաջորդիւ ցուցադրւեց տեսաֆիլմ, որը անդրադարձ էր հունգարա-ադրբեջանական գործարքի եւ Հայաստանում բարձրացւած բողոքի ալիքին: Տեսաֆիլմից յետոյ՝ սկաուտները շքերթով բեմում տեղադրեցին Գուրգէն Մարգարեանի նկարը: Ըստ նախատեսւած ծրագրի՝ թէեւ միջոցառմանը պիտի ելոյթ ունենար նաեւ Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը, սակայն Երեւան-Թեհրան չւերթի ուշացման պատճառով՝ պրն. դեսպանը չյաջողեց ներկայ լինել ծրագրին: Օրւայ հաղորդավարը բեմ հրաւիրեց միջոցառման բանախօս իրաւաբան դոկտ. Աիդա Յովհաննիսեանին: Նա իր ելոյթի ընթացքում իրաւաբանական տեսանկիւնից մանրամասն ներկայացրեց խնդրի էութիւնը՝ նշելով՝ քանի որ Սաֆարովի կատարած ոճիրը եղել է կանխամտածւած, ուստի՝ որոշ երկրներում, ուր գործում է մահապատիժ, նման յանցագործը դատապարտւում է մահապատժի կամ առանց ներման ցմահ բանատրկութեան: Այնուհետեւ բեմ հրաւիրւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Թեմակալ առաջնորդը իր խօսքերում դատապարտելով կատարւած գործարքը եւ ոճրագործութիւնը՝ ասաց. «Կոչ ենք անում ողջ մարդկութեանը, իրական մարդկութեանը, այս երեւոյթը մղիչ ուժ նկատելով՝ մտածել, թէ ինչպէս կարելի է նման երեւոյթների առաջն առնել»: Սրբազան Հայրը դատապարտեց այն հանգամանքը, որ Հունգարիայի իշխանութիւնը երկրի արժանապատւութիւնը վաճառեց դրամով: Նա խօսելով Արցախի ժողովրդի մասին՝ ասաց. «Քանի որ Ադրբեջանի հերոսացման չափանիշը մարդասպանութիւնն է, ուստի՝ ինչպէ՞ս կարելի է զօրավիգ չկանգնել Ղարաբաղի ժողովրդին, որ ամէն գնով մերժում է ադրբեջանական յախուռն արտայայտութիւնները կամ այն կէտերը, որոնք ուզում են Ղարաբաղը ներառել Ադրբեջանի կազմի մէջ: Ո՞վ կարող է վստահել ոճրագործին եւ մարդկութեան դաւաճանին»: Միջոցառումն աւարտւեց «Սարդարապատ» քայլերգով: Յատկանշելի է, որ միջոցառմանը նաեւ կազմակերպւել էր բողոքի ստորագրահաւաք: Միջոցառմանը ներկայ էին նաեւ՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ ճրտգ. Վիգէն Բաղումեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, «Ալիք» հաստատութեան, հոգեւոր դասի, քաղաքամասի միութիւնների ներկայացուցիչներ եւ հայրենակիցներ: «ԱԼԻՔ» օրաթերթ
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը