Շտապբուժօգնութեան մեքենաների առկայութիւնն ինքնին զգաստացնում է վարորդներին
18-09-2012 11:26:33 | | Հասարակութիւն
Աւարտուեցին Երեւան-սեւան մայրուղու չորս հատուածում շտապ բժշկական օգնութեան բրիգադների լրացուցիչ հերթապահութիւնները:
ՀՀ Կ'ոտայքի մարզի Աբովեանի, Չարենցաւանի, Հրազդանի եւ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սեւանի բժշկական կենտրոնների շտապ բժշկական օգնութեան բրիգադները դրանք իրականացրեցին յուլիսի 27-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին ժամը 08:00-ից-22:00-ը` ՀՀ առողջապահութեան նախարար Դերենիկ Դումանեանի հրամանով` ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով տուժած անձանց շտապ բժշկական օգնութիւնը պատշաճ եւ արագ կազմակերպելու նպատակով:
Լրացուցիչ հերթապահութիւնների ընթացքում ՀՀ Կ'ոտայքի մարզի վարչական սահմաններում անհրաժետ առաջին բուժօգնութիւն է ցուցաբերուել 24, իսկ հհ Գեղարքունիքի մարզի վարչական սահմաններում` 6 դէպքում:
Այդ ընթացքում մէկ վթար է արձանագրուել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գագարին-աւան շրջակայքում: Առաջին բուժօգնութիւն ցուցաբերելուց յետոյ տուժողը տեղափոխուել է Սեւանի հիւանդանոց: Մէկ վթար էլ տեղի է ունեցել ՀՀ Կ'ոտայքի մարզի Աբովեանի յենակէտից 500 մետր հեռաւորութեան վրայ: Տուժածը գանգուղեղային վնասուածքով, անձնական տրանսպորտով, տեղափոխուել է Աբովեանի հիւանդանոց, այնուհետեւ ռէանիմոբիլով` «Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ» ԲԿ:
Օգոստոսի 18-ին, առաւօտեան ժամը 09.20-ին Երեւան-սեւան աւտոճանապարհի 42-րդ կը մ-ի հատուածում արձանագրուած աւտովթարի առիթով, ցաւօք, շտապբուժօգնութեան ծառայութեանը դէպքից կէս ժամ ուշ են տեղեկացրել, ինչի արդիւնքում աւտոմեքենաներում եղած քաղաքացիները պատահական մեքենաներով են գնացել Կ'ոտայքի մարզի Հրազդանի բժշկական կենտրոն եւ անհրաժեշտ բժշկական օգնութիւն ստացել: Բարեբախտաբար այս դէպքում լուրջ վնասուածքներ չեն եղել:
Նշենք, որ այս նախաձեռնութեան առթիւ նախարարութիւնը բազմաթիւ լաւ արձագանքներ է ստացել ազգաբնակչութիւնից: Մարդիկ գտնում են, որ մայրուղում շտապօգնութեան մեքենաների առկայութիւնն ինքնին զգաստացնում է վարորդներին: Միաժամանակ, երթեւեկողները, իմանալով այս հերթապահութիւնների մասին, տարբեր խնդիրներով դիմել են շտապօգնութեան ծառայութեանը: Բժիշկներն էլ նշում են, որ հաճոյքով են կատարել իրենց վրայ դրուած պարտականութիւնը:
Երեւան-սեւան մայրուղում լրացուցիչ հերթապահութիւնների ժամանակ յենակէտերում հերթապահող շտապ բժշկական օգնութեան բրիգադներին դիմել են հիմնականում հիպերտօնիկ կրիզի, թունաւորման, արեւահարութեան, ալերգիկ վիճակի, միջկողային նեւրալգիայի, հիպերթերմիկ սինդրոմի կապակցութեամբ: