Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսաւորութեամբ տօնախմբեց Խաչվերաց տօնը


Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսաւորութեամբ տօնախմբեց Խաչվերաց տօնը

  • 18-09-2012 13:35:15   |   |  Հասարակութիւն

Սեպտեմբերի 16-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսաւորութեամբ տօնախմբեց հինգ տաղաւար տօներից վերջինը` Խաչվերացը, որը նուիրուած է գերութիւնից խաչի վերադարձի, նրա բարձրացման եւ փառաբանութեան պատմական յիշատակին: Տօնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ս. Պատարագ մատուցեց Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Յովնան եպիսկոպոս Յակոբեանը: Սրբազան Հայրն իր քարոզում անդրադարձաւ խաչի սրբազան խորհրդին. «Խաչը քրիստոնէական հաւատքի խորհրդանիշն ու նշանակն է: Այն քրիստոնեաների համար ամենամեծ սրբութիւնն է, իսկ խաչեցեալը` պաշտելի եւ երկրպագելի: Քրիստոսի խաչելութեամբ խաչափայտը դադարեց չարչարանքի գործիք լինելուց, կերպարանափոխուեց եւ դարձաւ փրկութեան միջոց: Խաչը սիրոյ արտայայտութիւն է եւ միեւնոյն ժամանակ սիրոյ զոհաբերութիւն»: Խօսքի աւարտին Սրբազան Հայրը պատգամեց նախնիների օրինակով արժանավայել կրել խաչը մեր ժամանակներում` չմոռանալով, որ խաչի ճանապարհը տանում է դէպի փրկութիւն: Նոյն օրը` երեկոյեան ժամերգութեան աւարտին, տեղի ունեցաւ խաչի հանդիսաւոր թափօր` հանդիսպետութեամբ Մայր Աթոռի Վանական խորհրդի նախագահ եւ Հրատարակչական բաժնի տնօրէն Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանի: Եկեղեցականաց թափօրի ուղեկցութեամբ Մայր Տաճարից դուրս բերուեց Տիրոջ Խաչափայտի նուիրական մասունքը` ամփոփուած ռեհանով ու ծաղիկներով զարդարուած ճաճանչաւոր մեծ խաչի մէջ: Հանդիսաւոր կերպով մասունքն առաջնորդուեց Միածնաէջ տաճարի չորս կողմերը եւ անդաստանի արարողութեամբ օրհնութիւն բաշխուեց աշխարհի չորս ծագերին: Անդաստանի արարողութիւնից յետոյ ճաճանչը զարդարող ծաղիկները միաբան սարկաւագները բաժանեցին հաւատաւոր ժողովրդին: Յաջորդ օրը` Մեռելոցին, Մայր Տաճարում մատուցուեց Ս. Պատարագ, որի աւարտին կատարուեց հոգեհանգստեան արարողութիւն` ննջեցեալ հոգիների խաղաղութեան ու հանգստութեան համար:
  -   Հասարակութիւն