ՀՀ անկախութեան 21-րդ տարեդարձին ընդառաջ մայրաքաղաքը կ'ունենայ տօնական տեսք
18-09-2012 14:00:50 | Հայաստան | Տնտեսութիւն
Մայրաքաղաքում մաքրութիւն ապահովելու, ինչպէս նաեւ պատերն ու յենասիւները աղտոտող գովազդների ու յայտարարութիւնների տարածման անընդունելի ձեւերից խուսափելու նպատակով քաղաքապետ Տարօն Մարգարեանի յանձնարարութեամբ մայրաքաղաքի բանուկ հատուածներում շարունակւում են յայտարարութիւնների համար նախատեսուած յատուկ ցուցատախտակների տեղադրման աշխատանքները: Հերթական աշխատանքային խորհրդակցութեան ժամանակ ընդգծելով, որ նման ցուցատախտակների տեղադրումը ծառայում է իր նպատակին, քաղաքապետ Տարօն Մարգարեանը յանձնարարել է աւելացնել դրանց քանակը. << Բոլոր վարչական շրջաններում ուսումնասիրէք տարածքները եւ առանձնացրէք այն վայրերը, որտեղ հնարաւոր է տեղադրել նման ցուցատախտակներ եւ սեղմ ժամկէտներում իրականացրէք այդ աշխատանքները>>,- նշել է քաղաքապետը, յանձնարարելով նաեւ շարունակել բազմաբնակարան շէնքերի պատերից, յենասիւներից ու հասարակական նշանակութիւն ունեցող այլ վայրերից յայտարարութիւնների եւ այլ պաստառների մաքրման աշխատանքները:
Զեկուցուել է, որ քաղաքապետի յանձնարարութեամբ Երեւանի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ապամոնտաժւում են նաեւ խորհրդային տարիներից մնացած ոչ արդիական ու ոչ պիտանի գովազդները:
Անդրադառնալով հասարակական աւտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի ուղղութեամբ շարունակուող ամենօրեայ հսկողութեանը, քաղաքապետը յանձնարարել է ինչպէս քաղաքապետարանի ենթակայութեան տրանսպորտային ձեռնարկութիւնների, այնպէս էլ մասնաւոր ընկերութիւնների կողմից իրականացուող ուղեւորափոխադրումների նկատմամբ սահմանել խիստ վերահսկողութիւն: Յանձնարարուել է նաեւ յատուկ ուշադրութիւն դարձնել երթուղի դուրս բերուող մեքենաքանակին եւ խստօրէն վերահսկել, որպէսզի հասարակական տրանսպորտը կանգառ կատարի միայն նախատեսուած կանգառագօտիներում:
Զեկուցուել է, որ ընթացքի մէջ է մայրաքաղաքի կանգառագօտիներում եւրոպական չափանիշներին համապատասխան էլեկտրօնային չվացուցակների համակարգերի տեղադրման պիլոտային ծրագիրը, համաձայն որի առաջիկայում մայրաքաղաքի բնակիչները կանգառներում հնարաւորութիւն կը ստանան տեղեկանալու սպասուող տրանսպորտային միջոցի ժամանման հերթականութեան եւ միջակայքերի մասին:
Մայրաքաղաքի շինբարեկարգման գծով տարեկան ծրագրերի շրջանակում զեկուցուել է, որ ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ` ընթացքի մէջ է նաեւ մայրաքաղաքի փողոցների մաշուած բետոնային եւ բազալտէ եզրաքարերը նորերով փոխարինելու գործընթացը:
Զեկուցուել է նաեւ, որ այս տարուայ ծրագրով նախատեսուած վերգետնեայ 7 նոր անցումներից 5-ն արդէն շահագործւում է եւ ապահովուած է գիշերային լուսաւորութեամբ: Քաղաքապետը յանձնարարել է էլեկտրական սնուցման հաղորդալարերի անցկացումն ապահովել բացառապէս ստորգետնեայ եղանակով:
Մայրաքաղաքի այգիներում ու պուրակներում շարունակւում է WiFi կապի ընդլայնման ծրագիրը: Յանձնարարուել է քայլեր ձեռնարկել մարդաշատ այլ վայրերում եւս նման կապ ապահովելու ուղղութեամբ:
Քաղաքապետ Տարօն Մարգարեանը առաջարկել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարուեստի յանձնաժողովի հաւանութեանն արժանացած արձանների հանդիսաւոր բացման արարողութիւնները կազմակերպել Էրեբունի-երեւան տօնակատարութիւնների շրջանակում:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ յանձնարարուել է նաեւ ՀՀ անկախութեան 21-րդ տարեդարձին ընդառաջ ապահովել մայրաքաղաքի տօնական տեսքը: