Կայացաւ խորհրդակցութիւն ՀՀ գիւղատնտեսութեան նախարարի մօտ


Կայացաւ խորհրդակցութիւն ՀՀ գիւղատնտեսութեան նախարարի մօտ

  • 18-09-2012 14:02:58   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Սեպտեմբերի 18-ին հհ գիւղատնտեսութեան նախարար Սերգօ Կարապետեանը խորհրդակցութեան էր հրաւիրել ոլորտի բոլոր պատասխանատուներին, քննարկելու սեպտեմբերի 15-ին ՀՀ կառավարութեան նիստում հանրապետութեան Նախագահ Սերժ Սարգսեանի կողմից գործադիր մարմինների ղեկավարներին տրուած յանձնարարականները: ‹‹Երկրի ղեկավարը, մեր առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրաւէրների պահանջով, առաջին հերթին բոլորիս ուշադրութիւնը կենտրոնացրեց աւելի համակարգուած եւ արդիւնաւէտ աշխատանք ցուցաբերելու վրա››,- նշեց նախարարը: Ըստ Սերգօ Կարապետեանի, անդրադառնալով ‹‹Գնումների մասին›› ՀՀ օրէնքի իրականացման ոլորտում ապակենտրոնացուած գնումների գործընթացում առկայ համակարգային եւ կազմակերպչական բնոյթի խնդիրներին, ՀՀ Նախագահը ժամանակին եւ խիստ կարեւոր գնահատականներ է տուել երկրի տնտեսութեան զարգացման ընդհանուր միտումներին, զգուշացնելով, որ այդպէս շարունակել այլեւս հնարաւոր չէ: ‹‹Նախագահը յիշեցրեց, որ գնումների ընթացակարգն օրէնքով ապակենտրոնացուել է, որպէսզի պետութիւնն արդիւնաւէտ, այսինքն` ցածր գնով եւ լաւորակ ապրանք ու ծառայութիւն գնի, այլ ոչ թէ` հակառակը: Եւ որ ‹‹նման թերացումների դէպքում այլեւս զուտ աշխատանքից ազատելը կամ կշտամբելը բաւարար չի լինելու››››,- ասաց Սերգօ Կարապետեանը: Խորհրդակցութեան մասնակիցներին ներկայացնելով ոլորտում գնումների եւ պետական բիւջէի արդիւնաւէտ տնօրինման հետ կապուած իր դիտակումները, նախարարը խստիւ յանձնարարեց պահպանել օրէնսդրական պահանջներն ու նորմերը, մրցոյթների կազմակերպման առաւել թափանցիկ ու արդիւնաւէտ ընթացքի ապահովումը: ‹‹օրէնսդրութեամբ սահմանուած պահանջներից ու սկզբունքներից իւրաքանչիւր շեղում, այս գործում ցուցաբերուող իւրաքանչիւր անհարկի դանդաղկոտութիւն կամ թերացում, համարժէք ու խիստ պատասխանի է արժանանալու: Յիշէ՛ք, որ պետութեանը հասցուած վնասի իւրաքանչիւր դէպքով առաջին հերթին, որպէս ոլորտի պատասխանատուներ, դուք էք մեղաւոր, եւ հէնց դուք էլ առաջինը պէտք է պատասխան տաք կատարուածի համար››,- զգուշացրեց նախարարը: Խորհրդակցութեան մասնակիցներն իրենց հերթին պարտաւորուեցին անշեղօրէն հետեւել երկրի ղեկավարի յանձնարարականներին ու հնարաւորինս սեղմ ժամկէտներում էական փոփոխութիւնների հասնել ‹‹Գնումների մասին›› օրէնքի իրականացման եւ պետական բիւջէի արդիւնաւէտ տնօրինման գործընթացներում:
  -   Տնտեսութիւն