Տիգրան Սարգսեանն ընդունել է ՀՄՄ գլխաւոր քարտուղար Համադուն Թուրէին
18-09-2012 14:43:01 | Հայաստան | Քաղաքական
Վարչապետ Տիգրան Սարգսեանն ընդունել է Հեռահաղորդակցութեան միջազգային միութեան (ՀՄՄ) գլխաւոր քարտուղար Համադուն Թուրէին: Վարչապետը նշել է, որ պարոն Թուրէի այցը Հայաստան լաւ հնարաւորութիւն է քննարկելու երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող հարցերը:
Իր հերթին ՀՄՄ գլխաւոր քարտուղարը գոհունակութեամբ արձանագրել է, որ մեր երկրում հեռահաղորդակցութեան բնագաւառում առկայ են դրական փոփոխութիւններ, որոնցից իրենք բաւարարուած են:
«Ուրախ ենք, որ տեղեկատուական տեխնոլոգիաների բնագաւառում տեսանելի են Հայաստանի զարգացումները: Ի հարկէ, այդ առաջընթացն ապահովելու գործում մեզ համար կարեւոր նշանակութիւն ունի նաեւ Հեռահաղորդակցութեան միջազգային միութեան օժանդակութիւնը»,- ասել է Տիգրան Սարգսեանը:
Ինչպէս յայտնում են ՀՀ Կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, վարչապետը ՀՄՄ գլխաւոր քարտուղարին տեղեկացրել է, որ վերջերս հրապարակուած Ազգային մրցունակութեան համաշխարհային զեկոյցում օգտագործուել են Հայաստանի տեղեկատուական տեխնոլոգիաների բնագաւառի 2009 թուականի ցուցանիշները, չնայած այն հանգամանքին, որ 2011-ի արդիւնքները տեղադրուած են եղել ՀՄՄ կայքում: Կառավարութեան ղեկավարը նշել է, որ եթէ օգտագործուէին 2011-ի ցուցանիշները, ապա մեր երկրի մրցունակութեան մակարդակն աւելի բարձր կիներ:
Համադուն Թուրէի խօսքով` այդ հարցում թիւրիմացութիւն է տեղի ունեցել: ՀՄՄ գլխաւոր քարտուղարն ընդգծել է, որ 2011-ի ցուցանիշներով Հայաստանը ՏՏ բնագաւառի աճի տեմպերով Հարաւային Կովկասում առաջինն է եղել:
Այնուհետեւ զրուցակիցներն անդրադարձել են հեռահաղորդակցութեան ոլորտին առնչուող մի շարք այլ հարցերի: Մասնաւորապէս, Համադուն Թուրէն պատրաստակամութիւն է յայտնել աջակցել Ռադիօկապի բիւրոյում Հայաստանի դիմումային փաստաթղթերի հնարաւորինս արագ ընդունման գործում:
Վարչապետը յոյս է յայտնել, որ ՀՄՄ-ն կ'օժանդակի նաեւ յաճախականութիւնների տիրոյթի ռադիօմոնիթորինգի նախագծի իրականացման համար անհրաժեշտ ծրագրային ապահովման հարցում:
Կողմերը քննարկել են նաեւ ՀՀ-ում լայնաշերտ կապի համակարգի ներդրման աշխատանքներին վերաբերող հարցեր: