18-09-2012 15:52:00 | | Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Իսլ. խորհրդարանում, Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը երկուշաբթի, սեպտեմբերի 17-ի առաւօտեան ներկայ լինելով «Արարատ» մարզաւանում՝ հանդիպում ունեցաւ 44-րդ շրջանի Համահայկական խաղերին մասնակցած Ուրմիայի եւ Գեարդաբադի մարզիկների հետ:
Դոկտ. Կարէն Խանլարեանը յուլիսի 25-ին ներկայ գտնւելով Հ.Մ.Ա.Կ.-ի 30-րդ Միջմասնաճիւղային խաղերի փակման արարողութեանը՝ առիթ ունեցաւ հանդիպելու Հ.Մ.Ա.Կ.-ի Ուրմիայի մասնաճիւղի վարչութեան անդամների հետ, որտեղ լսելով նրանց համայնքային մտահոգութիւններն ու դժւարութիւնները՝ ցուցմունքներ եւ խորհուրդներ փոխանցեց նրանց: Եւ միւս հանդիպումը տեղի ունեցաւ երկուշաբթի, սեպտեմբերի 17-ի առաւօտեան մարզաւանում՝ քննարկելու համար առգոյ դժւարութիւնների լուծումները եւ արձանագրւած հաւանական առաջխաղացքը:
Նկատի ունենալով, որ Հ.Մ.Ա.Կ.-ի 30-րդ Միջմասնաճիւղային խաղերը կատարւել էին Ուրմիայի մասնաճիւղի հիւրընկալութեամբ, յարգելի պատգամաւորը գնահատեց նրանց եւ յոյս յայտնեց, որ նկատի ունենալով ընկերների կազմակերպչական կարողութիւնները իրենց աշխատասիրութեամբ եւ նախաձեռնողական ունակութիւններով, նրանք կարողանան աւելի բանուկ եւ աշխոյժ պահել մասնաճիւղը եւ վերացնել համայնքային-հասարակական խոչընդոտները: Հարկ է նշել, որ Հ.Մ.Ա.Կ.-ի Ուրմիայի եւ Գեարդաբադի մասնաճիւղերը տարածութեան շատ հեռաւորութիւն չունենալու պատճառով՝ յաճախ համատեղ միջոցառումներ են ունենում եւ համագործակցութեան սերտ կապեր ունեն միմեանց հետ:
Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութիւն