Պարգեւատրւում են արժանաւորները.Կառավարութիւնը ՀՀ սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութեանը յատկացրել է 114 մլն դրամ


Պարգեւատրւում են արժանաւորները.Կառավարութիւնը ՀՀ սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութեանը յատկացրել է 114 մլն դրամ

  • 20-09-2012 13:57:21   | Հայաստան  |  Սպորտ

2012 թ. Ստամբուլում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայում յաղթող ճանաչուած Հայաստանի շախմատի տղամարդկանց հաւաքական թիմի անդամներ Լեւոն Արոնեանին, Սերգեյ Մովսիսեանին, Վլադիմիր Յակոբեանին, Գաբրիէլ Սարգսեանին եւ Տիգրան Պետրոսեանին 20-ական մլն դրամ մրցանակ յանձնելու, ինչպէս նաեւ թիմի միւս պատասխանատուներին պարգեւատրելու համար կառավարութիւնը ՀՀ սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութեանը յատկացրել է 114 մլն դրամ: Արդէն 12-րդ տարին է, ինչ անցկացւում են «Տարուայ լաւագոյն դաստիարակ» եւ «Տարուայ լաւագոյն ուսուցիչ» հանրապետական մրցոյթները, որոնց յաղթողներին կառավարութիւնը պարգեւատրում է աւտոմեքենայով: Այս տարուայ յաղթողներին մէկական «Շեւրոլետ Աւէո» մակնիշի աւտոմեքենայ նուիրելու նպատակով գործադիրը ՀՀ կառավարութեան աշխատակազմին յատկացրել է 11 մլն 900 հազար դրամ: Կառավարութիւնը համաձայնութիւն է տուել Երեւանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնուող` համայնքային սեփականութիւն հանդիսացող Աբովեան պուրակի յարակից տարածքում 360 քմ մակերեսով եւ 14 մլն 40 հազար ՀՀ դրամով հողամասը նուիրաբերելու «Հրանտ Մաթեւոսեան» մշակութային բարեգործական հիմնադրամին: Որոշման ընդունումը պայմանաւորուած է անուանի գրողի տուն-թանգարանը կառուցելու անհրաժեշտութեամբ: Գործադիրն իր որոշմամբ գումարներ է յատկացրել 2012 թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախութեան 21-ամեակին նուիրուած տօնական համերգի, ինչպէս նաեւ Հայաստանի էստրադային նուագախմբի հիմնադրման 75-ամեակին նուիրուած յոբելեանական համերգի կազմակերպման համար:
  -   Սպորտ