Րաֆֆի Յովհաննիսեանը նամակ է ուղարկել Ս.Սարգսեանին որոշ հարցադրումներով
24-09-2012 12:53:21 | Հայաստան | Քաղաքական
Րաֆֆի Յովհաննիսեանը` Սերժ Սարգսեանին,
24 սեպտեմբերի 2012թ., Երեւան: Այսօր Րաֆֆի Յովհաննիսեանը նամակ է ուղարկել Ս.Սարգսեանին` անցած ու ապագայ ընտրութիւնների, երկրի իրական վիճակի, մարտահրաւէրների ու դրանց լուծման վերաբերեալ հարցադրումներով:
Ահաեւ նամակի ամբողջական տեքստը.
«24 սեպտեմբերի 2012
Ժ-240/12
Պարոն Սերժ Սարգսեանին
ՀՀ եւ ՀՀԿ նախագահ
Երեւան, Հայաստանի Հանրապետութիւն
Յարգելի պարոն Սարգսեան,
Իմ Ժ-202/11 թուակիր նամակին` բացի բանաւոր պիտակաւորումներից, իրական պատասխանի պատիւ չստանալով, Ձեզ եմ վերաուղարկում նոյն գրութեան օրախնդիր պահանջները, որոնց բաւարարումն անհրաժեշտ է առաջիկայ նախագահական ընտրութիւնները 1991 թուականից այս կողմ առաջին անգամ օրինական դարձնելու համար:
Այս ուղղութեամբ, ի հարկէ, օգտակար կը լինեն ոչ միայն Ձեր ձեւաւորած կառավարութեանն ուղղուած հեռուստատեսային ողջունելի, բայց խիստ ընտրովի եւ ուշացած կշտամբանքները, այլեւ խորհրդարանական վերջին ընտրութիւններում Ձեր անունից արուած ու Ձեր ղեկավարած կուսակցութեան եւ/կամ իշխող միւս կուսակցութիւնների կատարած` վարչական ռեսուրսի ու սպառնալիքի, համատարած ընտրակաշառքի, ընտրացուցակների ու բազմակի քուէարկութեանը վերաբերող, ինչպէս նաեւ բացարձակապէս հակասահմանադրական մնացեալ զանցանքների մասին Ձեր համալիր, անկեղծ ու ինքնաքննադատական գնահատականը:
Ուրեմն այսպէս.
«Ազատ ու արդար ընտրութիւններ անցկացնելու Ձեր հռչակած յանձնառութիւնն ըստ էութեան կեանքի կոչելու համար անմիջապէս անհրաժեշտ ենք համարում, ուստիեւ առաջարկում ենք հետեւեալ հիմնաքայլերը.
1. Ձեր եւ պետական գործող բոլոր պաշտօնեաների հրաժարումը բարձր ուսումնական հաստատութիւնների հոգաբարձուների խորհրդի նախագահի ու համապատասխան այլ պաշտօններից:
2. Բուհերի ուսումնական խորհուրդների ապակուսակցականացումն ու ուսանողութեան առջեւ բոլոր քաղաքական ուժերի հաւասար մատչելիութիւնը:
3. Ձեր ղեկավարած կուսակցութեան բոլոր գրասենեակների դուրսբերումը քաղաքապետարանների, գիւղապետարանների, համայնքապետարանների, մշակութային տների եւ հանրային սեփականութիւն հանդիսացող այլ շէնքերից կամ էլ ցանկացող քաղաքական կուսակցութիւնների կողմից դրանց` միեւնոյն պայմաններով օգտագործման ապահովումը:
4. Ձեր կամ որեւէ այլ կուսակցութեան զինանշանի, ցուցանակի, պաստառի կամ անուան յղման հեռացումը քաղաքապետարանների, գիւղապետարանների, համայնքապետարանների, մշակութային տների, համալսարանների, դպրոցների եւ հանրային սեփականութիւն հանդիսացող այլ շէնքերից ու տարածքներից:
5. Հանրակրթական համակարգի ապակուսակցականացումը` տնօրէններից մինչեւ դահլիճներ, բացառելով քաղաքական ցանկացած միջոցառում դպրոցի տարածքում` բացի աշակերտների քաղաքացիական լուսաւորմանը միտուած բազմակուսակցական, հաղորդակցման հաւասար հնարաւորութիւններ ապահովող ձեռնարկներից: Նոյնը` առողջապահութեան եւ հանրային բոլոր մնացեալ ոլորտներում:
6. Ձեր իսկ կուսակցական գործունէութեան բացառումը նախագահական նստավայրում:
7. Պետական բիւջէի յատկացումների բացառումը կուսակցական ուղղակի կամ անուղղակի օգտագործման համար` դրանք լինեն ուղիղ յատկացումներ ինքնաթիռների, հիւրանոցների, օրապահիկների, ընդունելութիւնների կամ ներկայացուցչական այլ ծախսերի համար, թէ միջնորդաւորուած յատկացումներ տարատեսակ հիմնադրամների, կենտրոնների կամ այլ ձեռնարկների միջոցով:
8. Իրաւապահ մարմինների, անվտանգութեան ծառայութիւնների, մարզպետների եւ Ձեր կուսակցութեան ներկայացուցիչների առանձին, տեղ-տեղ նոյնիսկ նկատելիօրէն համակարգուած գործունէութեան բացառումը, որն ուղղուած է Հանրապետութեան քաղաքացիների սահմանադրական իրաւունքների սահմանափակմանը, վախի ու ստրկամտութեան հակաքաղաքացիական մթնոլորտի պարտադրմանը:
9. Քաղաքապետ(արան)ների, գիւղապետ(արան)ների, համայնքապետ(արան)ների, ցանկացած հանրային ծառայողի վրայ որեւէ տեղից ուղղակի կամ անուղղակի ձեւով նախընտրական ճնշման, սպառնալիքի, անգամ դրանց ակնարկի բացառումը:
10. Մրցակցութեան, այդ թւում եւ ֆինանսական իրաւահաւասար պայմանների ապահովումը` բացառելով «Վարչական ռեսուրսների» հատուածական չարաշահումը:
11. Ցանկացող բոլոր կուսակցութիւնների համար հեռուստատեսութիւնների, ձայնասփիւռի եւ այլ լրատուամիջոցների հաւասար մատչելիութիւնը` այդ թւում գովազդային ցուցանակների եւ պաստառների առումով:
12. Ձեր կամ որեւէ այլ կուսակցութեան շահադիտական կամ քարոզչական «բարեգործութեան» բացառումը` անկախ դրա ձեւից, բովանդակութիւնից ու անուանումից:
13. Ազգի հպարտութիւն հանդիսացող մեր զինուորների նենգագործման բացառումը նախընտրական եւ ընտրական գործընթացներում:
14. Եկեղեցու քաղաքական օգտագործման կամ կուսակցականացման անգամ տպաւորութեան բացառումը:
15. Ամբողջապէս համամասնական ընտրակարգի ընդունումը, փաստացի քուէարկող քաղաքացիների մատների թանաքոտման պահանջի կատարումը, փաստացի քուէարկած քաղաքացիների ցուցակների հետընտրական հրապարակումը, օրինախախտ բոլոր յանցագործների` անկախ պաշտօնական կամ կուսակցական դիրքից, բացայայտումն ու խստագոյն պատժումը:
Շնորհակալութիւն ենք յայտնում այս խնդիրներին Ձեր ուշադրութեան համար»:
Ձեր պատասխանի ակնկալիքով`
Րաֆֆի Կ. Յովհաննիսեան»