ՏՄՊՊՀ. 27 տնտեսվարող կ'ենթարկուեն պատասխանատուութեան


ՏՄՊՊՀ. 27 տնտեսվարող կ'ենթարկուեն պատասխանատուութեան

  • 24-09-2012 14:16:21   | Հայաստան  |  Տնտեսութիւն

ՏՄՊՊՀ-ը հրապարակեց մանկապարտէզներում պետական գնումների ուսումնասիրութիւնների արդիւնքները. 27 տնտեսվարող կ'ենթարկուեն պատասխանատուութեան: Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովը աւարտեց ուսումնասիրութիւնները` մանկապարտէզներում պետական գնումների շրջանակում ձեռք բերուող սննդամթերքի ոլորտում: Ուսումնասիրութեան նպատակն էր պարզել, թէ որքանով են արդիւնաւէտ օգտագործւում պետութեան կողմից մանկապարտէզներին յատկացուող ֆինանսական միջոցները եւ որքանով են բարեխիղճ աշխատում սննդի մատակարար հանդիսացող տնտեսվարողները: Վարոյթի շրջանակներում մանրամասն ուսումնասիրուել է հանրապետութեան ողջ տարածքում գործող 575 մանկապարտէզների գործու նէութիւնը: Արդիւնքում բացայայտուել են ոչ միայն մրցութային կանոնների խախտման, այլ նաեւ մատակարար ընկերութիւնների կողմից անբարեխիղճ վարքագծի, այլ կերպ ասած` խաբէութեան տասնեակ դէպքեր: Եւ այսպէս. 1. ՏՄՊՊՀ-ի կողմից բացայայտուել են մի շարք դէպքեր, երբ տնտեսվարողները մանկապարտէզների հետ կնքել են կարագի մատակարարման պայմանագիր, սակայն կարագի փոխարէն երեխաների սննդի համար տրամադրել են բուսասէրուցքային խառնուրդ` սփրեդ կամ մարգարին, որոնք թէ որակական եւ թէ գնային առումով մի քանի անգամ զիջում են կարագին: Աւելին, որոշ մանկապարտէզների փաստաթղթերի ուսումնասիրութեամբ պարզուել է, որ պետութեան կողմից երեխաների համար տրամադրուած սննդի գումարով գնուել են այնպիսի ապրանքներ, որոնց օգտագործումը մանկական սննդում պարզապէս անհնար է պատկերացնել: Օրինակ` սուրճ, բաստուրմա, սուջուխ, ձկան եւ մսի պահածոներ, կծու պղպղեղ եւ այլն (կից ներկայացւում են մի քանի հաշիւ-ապրանքագրեր): 2. Յատկապէս մարզերում բացայայտուել են նաեւ այնպիսի դէպքեր, երբ մանկապարտէզների տնօրէնները գնել են հէնց սփրեդ, քանի որ հաշիւ-ապրանքագրերում յստակ նշուած է այդ մասին: Եթէ նախորդ դէպքում տնօրէնները նշում էին, որ խնդրի մասին տեղեակ չեն եղել, ապա այս դէպքում ակնյայտ է, որ նրանք իմացել են սփրեդի ձեռքբերման մասին: 3. ՏՄՊՊՀ ուսումնասիրութիւնները փաստում են, որ յատկապէս մարզերում, մի շարք ընկերութիւններ մանկապարտէզների տնօրէնների փոխադարձ համաձայնութեամբ սննդի մատակարար են դարձել` առանց մրցոյթների անցկացման, ինչն օրէնքի կոպիտ խախտում է: Նման գործելաոճը նպաստել է այս դաշտում անառողջ մրցակցային միջավայրի ձեւաւորմանը, քանի որ տասնեակ եւ միգուցէ աւելի բարեխիղճ տնտեսվարողներ զրկուել են մրցոյթներին մասնակցելու հնարաւորութիւնից: 4. Մի շարք տնտեսվարողների վաճառքի փաստաթղթերից ակնյայտ է դառնում, որ վերջինները մանկապարտէզներին «կարագէ են մատակարարել 1000-1600 դրամով, այն դէպքում, երբ այդ նոյն ժամանակահատուածում կարագի շուկայական գինը 2 անգամ աւելի թանկ է եղել, ինչը փաստում է, որ վաճառուած ապրանքը կարագ չէ: Խուսափելով ՏՄՊՊՀ ներկայացնել ձեռքբերման փաստաթղթերը, տնտեսվարողները նշել են, որ կարագը կամ սփրեդը գնել են շուկայից` առանց փաստաթղթերի: Այնուհետեւ Տմպպհ-ը տնտեսվարողներից պահանջել է ներկայացնել ձեռքբերուած ապրանքների համապատասխանութեան սերտիֆիկատները, որպէսզի ի վերջոյ պարզի թէ մատակարարները իրականում ինչ ապրանք են գնել եւ վաճառել: Արդիւնքում պարզուել է, որ տնտեսվարողները հիմնականում ներկայացնում են միեւնոյն սերտիֆիկատները: Ստացւում է, որ տնտեսվարողը կարող է ձեռք բերել ցանկացած այլ ընկերութեան համապատասխանութեան սերտիֆիկատի պատճէ եւ անյայտ ծագման ապրանքն իրացնել նշուած փաստաթղթի ներքոյ: Բացի այդ, սերտիֆիկատները պարունակում են ընդհանուր բնոյթի տեղեկատուութիւն, տրւում են երկար ժամանակահատուածով եւ դրանց մէջ չեն նշւում կոնկրէտ ապրանքների խմբաքանակները եւ, ընդհանրապէս այդ սերտիֆիկատներով հնարաւոր չէ իդենտիֆիկացնել տուեալ ապրանքը: ՏՄՊՊՀ ուսումնասիրութիւններով բացայայտուած օրինախախտ ընկերութիւններն են. Լուսաշխարհ ՍՊԸ, ԱԲԱՖ սպը , Սէար գրուպ ՍՊԸ, Երեքնուկ ՍՊԸ, Այգաբեր ՍՊԸ, Կրիստալ ՍՊԸ, Աբովեան Սիթի ՍՊԸ, Արմէն ԱՔԷ ՍՊԸ, Արարտ ՍՊԸ, Էթիւնի ՍՊԸ, Ոսկէ խարիսխ ՍՊԸ, Ամալեայ Ներկարարեան ԱՁ, Թամարա Զոհրաբեան ԱՁ, Գառնիկ Խաչիկեան ԱՁ, Վոլոդեա Յովսէփեան ԱՁ,Կարապետ Կարապետեան ԱՁ, Վոլոդեա Փանոսեան ԱՁ, Մանուկ Մարգարեան ԱՁ, Նարինէ Վիրաբեան ԱՁ, Նուեր Սեւումեան ԱՁ, Ռիմա Տօնոյեան ԱՁ, Ռիմա Մարգարեան ԱՁ, Երեմ Ասատրեան ԱՁ, Արամայիս Գեւորգեան ԱՁ, Խանում Սիմոնեան ԱՁ, Արմէն Հովեյեան ԱՁ, Արման Համբարձումեան ԱՁ: Նշենք նաեւ, որ ՏՄՊՊՀ կողմից իրականացուած ուսումնասիրութեան ընթացքում ի յայտ եկած խախտումները նաեւ օրէնսդրական բացերի արդիւնք են: խօսքը մասնաւորապէս վերաբերում է մանկապարտէզներում երեխաների համար նախատեսուած սննդի կազմակերպման կարգին, որը թերի է: Այդ կարգում բացակայում է, թէ որոնք են երեխաների համար թոյլատրելի եւ արգելուած սննդամթերքները: Օրինակ Ռուսաստանի դաշնութիւնում գործում է նորմատիւային իրաւական ակտ, որը յստակ սահմանում է երեխաների սննդի համար օգտագործուող սննդամթերքի ցանկը: Տմպպհ-ը անընդունելի եւ դատապարտելի է համարում տնտեսվարողների նման վարքագիծը, առաւել եւս, որ խնդիրն առնչւում է մանկահասակ երեխաներին: Այդ իսկ պատճառուող որոշուեց կիրառել անբարեխիղճ մրցակցութեան համար օրէնսդրութեամբ նախատեսուած առաւելագոյն պատժաչափ` տուեալ տնտեսվարողի տարեկան հասոյթի 1%-ի չափով: ՏՄՊՊՀ-ը ուսումնասիրութիւնների ողջ փաթեթը կ'ուղարկի ՀՀ Գլխաւոր դատախազութիւն, ինչպէս նաեւ բոլոր այն պետական մարմիններին, որոնց կարգաւորման դաշտում գտնւում են վերոնշեալ խնդիրները
  -   Տնտեսութիւն