Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եգիպտոսի մի խումբ մտաւորականների եւ թերթերի գլխաւոր խմբագրերի


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եգիպտոսի մի խումբ մտաւորականների եւ թերթերի գլխաւոր խմբագրերի

  • 24-09-2012 15:21:00   |   |  Հասարակութիւն

Սեպտեմբերի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եգիպտոսի Արաբական Հանրապետութեան մի խումբ մտաւորականների եւ թերթերի գլխաւոր խմբագրերի` ուղեկցութեամբ Եգիպտոսի Հայ դատի յանձնախմբի ներկայացուցիչ Արմէն Մազլումեանի: Հանդիպման սկզբում պրն. Մազլումեանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց խմբի անդամների Հայաստան այցի նպատակը, որով բարեկամ երկրի մտաւորականութիւնն առիթ է ունենում մօտիկից ծանօթանալու հայկական մշակոյթին եւ ազգային-հոգեւոր արժէքներին: Զրոյցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիւրերին ներկայացրեց համայն հայութեան հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խորհուրդը եւ պատմութիւնը: Անդրադառնալով Հայոց Եկեղեցու կարեւոր դերակատարութեանը հայ ժողովրդի կեանքում` Վեհափառ Հայրապետը տեղեկացրեց, որ փորձութիւններով լեցուն հայոց պատմութեան ընթացքում Եկեղեցին ազգապահպան մեծ առաքելութիւն է իրականացրելª յաճախ ստանձնելով նաեւ ազգի քաղաքական առաջնորդութիւնը: Նորին Սրբութիւնը նաեւ ողջունեց այսպիսի փոխայցելութիւնների կազմակերպումը` նշելով, որ դրանք նպաստում են փոխճանաչողութեանն ու յարաբերութիւնների առաւել սերտացմանը: Դրանում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւորեց Եգիպտոսի հայ համայնքի դերակատարութիւնը` գոհունակութեամբ ընդգծելով, որ հայ ժողովրդի բազում զաւակներ իբրեւ Եգիպտոսի լիարժէք եւ օրինակելի քաղաքացիներ իրենց խաղաղ կեանքով ու բարի ծառայութեամբ նպաստում են երկրի զարգացմանն ու առաջընթացին: Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաեւ եգիպտացի մտաւորականների հարցերին, որոնք վերաբերում էին կրօնական հանդուրժողականութեանը, Հայ եւ Ղպտի Եկեղեցիների եղբայրական յարաբերութիւններին, եգիպտահայ համայնքի վիճակին, Հայոց Եղեռնի 100-ամեայ տարելիցին ընդառաջ Հայ Եկեղեցու կողմից կազմակերպուող աշխատանքներին, տարածաշրջանում առկայ խնդիրների կարգաւորման գործում Հայ Եկեղեցու կողմից գործադրուող ջանքերին, Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացին:
  -   Հասարակութիւն