18-03-2011 15:24:37 | Հայաստան | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութիւնը իր շահառուների համար պատրաստել է նորոյթ` սոցիալական ապահովութեան քարտերի առցանց դիմումների ներկայացման ծառայութիւն: Այս ծառայութիւնը հնարաւորութիւն կը տայ քաղաքացիներին ազատուել լրացուցիչ քաշքշուքներից, որն էլ իր հերթին աւելի կը հեշտացնի սոցիալական քարտերի ձեռքբերման գործընթացը:
Այս նորոյթը մարտի 18-ին «Նորք» տեղեկատվաւերլուծական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց կենտրոնի տնօրէն Հայկ Չօբանեանը: Սակայն այսքանով ասուլիսի ընթացում ներկայացուող նորոյթները չսահմանափակուեցին:
Հայկ Չօբանեանը ներկայացրեց Տեղեկատուական տեխնոլոգիաների հետ կապուած եւս մէկ նորամուծութիւն, որն այս անգամ արդէն առնչւում է աշխատաշուկային:
Շնորհիւ այս ծառայութեան, գործատուներն ու աշխատանք փնրողները կարող են անվճար գրանցուել եւ օգտուել նախարարութեան տեղեկատուական շտեմարանների հնարաւորութիւններից:
Հ. Չօբանեանը տեղեկացրեց, որ սոցիալական պաշտպանութեան համակարգի տեղեկատուական բազաների անվտանգութիւնն ապահովելու համար ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան ու «Dotor Web- Central Azia» ընկերութեան միջեւ կնքուել է «Հակաւիրուսային անվտանգութեան ապահովման» վերաբերեալ համագործակցութեան յուշագիր:
Սոցիալական պաշտպանութեան ոլորտում տեղեկատուական տեխնոլոգիաների կիրառման ու զարգացման ծրագրի շրջանակներում Հ. Չօբանեանը ներկայացրեց սոցիալական պաշտպանութեան ոլորտի ՏՏ ենթակառուցուածքը, յատկապէս` սոցիալական ոլորտի տեղեկատուական շտեմարաններից հարցումների միջոցով առցանց տեղեկատուութեան տրամադրման եւ յարակից շտեմարաններից հարցումների միջոցով առցանց տեղեկատուութեան ստացման մեխանիզմները: