Անօրինական որոշումների ու կոռուպցիայի պատճառով ոչնչանում են Երեւանի հանրային տարածքներն ու քաղաքային մշակոյթը


Անօրինական որոշումների ու կոռուպցիայի պատճառով ոչնչանում են Երեւանի հանրային տարածքներն ու քաղաքային մշակոյթը

  • 25-09-2012 11:59:29   | Հայաստան  |  Հասարակութիւն

Սեպտեմբերի 24-ին Երեւանի քաղաքապետարանում կայացած էկոլոգիական յանձնաժողովի նիստին «Մենք ենք այս քաղաքի տէրը» նախաձեռնութիւնը ներկայացրել է Երեւանի բոլոր հատուածներում օրինապահ քաղաքացիների կողմից արձանագրուած ապօրինութիւնների մասին փաստերը: Նախաձեռնութիւնը ներկայացրել է նաեւ 23 առաջարկ-պահանջներ` Երեւանի հանրային տարածքների սպանդը կանգնեցնելու եւ էկոլոգիական աղէտը կանխելու համար: Արձանագրելով այն փաստը, որ Երեւանում այլեւս չկան բաւարար ծառեր մեր թոքերը սնուցող թթուածին արտադրելու համար (անհրաժեշտ 21 քառ. մետրի փոխարէն մէկ շնչին բաժին է ընկնում 7 քառ. մետրից էլ քիչ կանաչ տարածք), ինչպէս նաեւ համատարած են ապօրինի որոշումներն ու Գլխաւոր յատակագիծ-օրէնքի խախտումները` «Մենք ենք այս քաղաքի տէրը» նախաձեռնութիւնը ներկայացնում է 23 անյետաձգելի քայլեր, որոնցից հիմնականը հետեւեալն են. 1. Համատարած արգելք դնել Երեւանի ամբողջ տարածքում գտնուող եւ համայնքին պատկանող բոլոր կանաչ գօտիների օտարումների վրայ, սահմանազատել Երեւանի կենտրոնի շուրջը Նորքի, Մոնումենտի եւ այլ նախկին անտառածածկ գօտիները եւ դրանք յայտարարել արգելոցային տարածքներ, 2. 2013 թուականի Երեւանի բիւջէում կրկնապատկել կանաչ տարածքներին յատկացուող գումարը, սակայն փոխել ծախսելու փիլիսոփայութիւնը. ոչ թէ կարճաժամկէտ ծաղկապատում, այլ ծառաշատ գօտիների տեւական խնամք եւ վերականգնում, 3. Ցանկացած քաղաքաշինական որոշումից առաջ քաղաքապետարանի կողմից ակտիւ իրազեկել տուեալ տարածքի բնակչութեանը եւ ապահովել քաղաքացու մասնակցութիւնը («Քաղաքաշինութեան մասին»ՀՀ օրէնքի 6-րդ գլխի դրոյթներ), Քաղաքացու համար պէտք է հասանելի լինեն Երեւանի բիւջէից բոլոր ֆինանսական ծախսերի, «Կանաչապատում ՓԲԸ»-ի կատարած ծախսերի մասին ու քաղաքաշինական որոշումների ընդունումից առաջ քննարկուող նախագծերի մասին տեղեկութիւնները, 4. Մաշտոցի պուրակի օրինակով Երեւանի հանրային պուրակները բարեկարգել համայնքային միջոցներով եւ բացառել դրանցում բետոնէ կառոյցների տեղադրումը, ապամոնտաժել Գլխաւոր յատակագծին հակասող բոլոր շինութիւնները` վերադարձնելով դրանք հանրութեանը, դադարեցնել ապօրինի կառոյցների օրինականացման գործընթացը, 5. Այն դէպքերում, եթէ հանրային զբօսայգիները շահագործում են մասնաւոր ընկերութիւններ, վերջիններիս պարտաւորեցնել զբօսայգին շահագործել Երեւանի համայնքի հետ պայմանագրով ամրագրուած խիստ կանոնների համաձայն, 6. Երեւանի գլխաւոր ճարտարապետին զերծ պահել սեփական ստեղծագործական նախագծերի իրականացումից, այդ նպատակով պաշտօնի չարաշահումից ու շահերի բախումից, նրան վերապահել բացառապէս հսկողութիւնը քաղաքաշինական օրէնքների պահպանման նկատմամբ, 7. Բոլոր ճարտարապետների համար ապահովել ազատ եւ արդար մրցակցութիւն Երեւանի հանրային գօտիների համար կազմակերպուող նախագծման մրցոյթներում, 8. Ստեղծել Երեւանի վարչական շրջանների կանաչ գօտիները եւ այգիները միացնող անընդհատական հետիոտն ճանապարհներ` հետիոտն եւ հեծանուային ընթացքի անխափան շարժման համար, 9. Վերը նշուած մօտեցումներն ու սկզբունքները ամրագրել Երեւանի քաղաքապետի եւ աւագանու որոշումներում: Ստորեւ ներկայացուող լուսանկարները վկայում են Երեւանում քաղաքային մշակոյթի անկման, պաշտօնեաների կողմից օրէնքի ոտնահարումների մասին, ինչի արդիւնքում ՀՀ շարքային քաղաքացիները ստիպուած են թողնել իրենց բուն զբաղմունքն ու վազել այս կամ այն ապօրինի շինարարութիւնը դադարեցնելու համար: Միայն վերը նշուած արմատական քայլերը կարող են փրկել Երեւանը էկոլոգիական վերահաս աղէտից ու դարձնել այն մայրաքաղաքին արժանի բարձր մշակոյթի քաղաք: Մենք ակնկալում ենք քաղաքապետարանից թուարկուած իւրաքանչիւր խնդրի համարժէք լուծում` ի շահ հանրութեան, որին պարտաւոր է ծառայել քաղաքապետարանը: Այլապէս առանձին սրբագրումները կամ նոյնիսկ էկոլոգիական յանձնաժողովի ստեղծումը կը մնան միայն լաւ ցանկութիւններ եւ կը կրեն ձեւական բնոյթ: «Մե՛նք ենք այս քաղաքի տէրը» քաղաքացիական նախաձեռնութիւն
  -   Հասարակութիւն