ԵԱՀԿ գործող նախագահն առաջարկում է Հայաստանին միակողմանիօրէն ետ քաշել դիպուկահարներին


ԵԱՀԿ գործող նախագահն առաջարկում է Հայաստանին միակողմանիօրէն ետ քաշել դիպուկահարներին

  • 18-03-2011 13:40:58   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանը ԵԱՀԿ ակտիւ անդամ է, մասնակցում է կազմակերպութեան գործունէութեանը բոլոր ուղղութիւններով եւ կը նպաստի կազմակերպութեան դերի եւ գործունէութեան արդիւնաւէտութեան բարձրացմանը։ Այս մասին տարածաշրջանային այցով Հայաստանում գտնուող ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտուայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ մարտի 18-ի համատեղ ասուլիսում յայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանը։ Նա ընդգծեց, որ Լիտուան առաջին երկիրն է, որը 1991թ. ճանաչել է Հայաստանի անկախութիւնը։ Ներկայումս հայ-լիտուական յարաբերութիւնները, նախարարի գնահատմամբ. բարձր մակարդակի վրայ են։ Է.Նալբանդեանը յոյս յայտնեց, որ Լիտուայի արտգործնախարարի, ինչպէս նաեւ Լիտուայի նախագահի մայիսի սկզբին սպասուող այցելութիւնները կը նպաստեն երկկողմ յարաբերութիւնների զարգացմանն ու ամրապնդմանը։ Է.Նալբանդեանն ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ձեւաչափն է, որի շրջանակներում պէտք է շարունակուի Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման գործընթացը։ Նա վերահաստատեց, որ Հայաստանի դիրքորոշումը միանգամայն համահունչ է ԵԱՀԿ շրջանակներում ընդունուած փաստաթղթերին, ինչպէս նաեւ կազմակերպութեան եւ, մասնաւորապէս, Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների յայտարարութիւններին։ Հայաստանը համակարծիք է Եահկ-ի հետ, որ հակամարտութեան կարգաւորման խաղաղ ճանապարհին այլընտանք գոյութիւն չունի։ ԵԱՀԿ գործող նախագահն իր հերթին նշեց, որ տարածաշրջանային այցի նպատակն է «առաջին ձեռքից» տեղեկանալ տարածաշրջանում իրավիճակի վերաբերեալ։ Ըստ նրա, հակամարտութեան կարգաւորումը կարեւոր նշանակութիւն ունի տարածաշրջանում եւ Եւրոպայում անվտանգութեան ու կայունութեան ամրապնդման համար։ Ա.Աժուբալիսն ընդգծեց, որ խնդիրը պէտք է լուծել բացառապէս խաղաղ միջոցներով, սակայն դրա համար նախ անհրաժեշտ է նուազեցնել լարուածութիւնը՝ սկսելով «փոքր քայլերից»։ ԵԱՀԿ գործող նախագահն առաջարկեց Հայաստանին միակողմանիօրէն ետ քաշել դիպուկահարներին շփսեա գծից եւ այդ կերպ օրինակ ծառայել Ադրբեջանին։ Ի պատասխան ՀՀ արտգործնախարարը նշեց, որ Հայաստանը եւ Ղարաբաղը պաշտպանել էն դիպուկահարներին շփման գծից հեռացնելու, հրադադարի ռեժիմը պահպանելու, դրա խախտման իւրաքանչիւր դէպքում հետաքննութիւն անցկացնելու առաջարկները։ ՀՀ նախագահն առաջարկել է համաձայնութեան գալ ուժի չկիրառման շուրջ։ Այդուհանդերձ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանում գտնուելու պարագայում նախօրէին ադրբեջանական դիպուկահարների կրակից եւս մէկ հայ զինծառայող է զոհուել Ղարաբաղում։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ 9 տարեկան ադրբեջանցի երեխայի մահը, որի մասին աղաղակում է ադրբեջանական կողմը, տեխնիկապէս անհնար է, որ հայկական կողմի պատճառով լիներ։
  -   Քաղաքական