Յայտարարութիւն` ԱՄՀ աշխատակազմի Հայաստան կատարած այցի եզրափակման մասին


Յայտարարութիւն` ԱՄՀ աշխատակազմի Հայաստան կատարած այցի եզրափակման մասին

  • 28-09-2012 11:29:21   | Հայաստան  |  Քաղաքական

Արժոյթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելութիւնը, պրն. Մարկ Հորթօնի գլխաւորութեամբ, սեպտեմբերի 5-18-ն այցելել է Երեւան` «Երկարաձգուող ֆինանսաւորման»(EFF)/ «Երկարաձգուող վարկաւորման»(ECF) ծրագրերի հինգերորդ ամփոփիչ ստուգման շուրջ քննարկումներ եւ 2012 թ. IV յօդուածի շրջանակում խորհրդակցութիւններ անցկացնելու նպատակով: ԱՄՀ-ի կենտրոնակայան վերադառնալուց յետոյ պրն. Հորթոնն արել է հետեւեալ յայտարարութիւնը. «Անցեալ տարուայ ընթացքում մակրոտնտեսական պայմանները շարունակել են բարելաւուել: Լաւ բերքի եւ հանքարդիւնաբերութեան ու ծառայութիւնների ոլորտների դինամիկայի շնորհիւ ակնկալւում է, որ 2012 թ. աճը կը հասնի 6.2 տոկոսի, իսկ 2013 թ., տնտեսութեան միտման վերականգնուելուն զուգահեռ եւ Եւրոպայի ու Ռուսաստանի պայմանները հաշուի առնելով, կը չափաւորուի` կազմելով 4.3 տոկոս: Պահպանւում է չափաւոր գնաճ` պայմանաւորուած գիւղատնտեսութեան ոլորտի վերականգնմամբ եւ առողջ քաղաքականութեամբ. ակնկալւում է, որ 2012 թ. մնացած ժամանակահատուածում եւ 2013 թ. գնաճը կը պահպանուի ՀՀ կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) նպատակադրած միջակայքում(4՞1.5 տոկոս): «Ծրագրի ուղղութեամբ կատարողականն ընդհանուր առմամբ բաւարար է: Հարկաբիւջետային հաշուեկշռիը շարունակել է բարելաւուել, ընդ որում` պակասուրդն ակնկալւում է, որ 2012 թ. կը նուազի մինչեւ մօտաւորապէս Հնա-ի 2 տոկոսը, իսկ յաջորդ տարի, երբ իրականացուեն խոշոր կապիտալ ծրագրեր, չափաւոր կը բարձրանայ` մինչեւ 2.6 տոկոս: «ՀՀ ԿԲ ուժեղացրել է հաւատարմութիւնը ճկուն փոխարժէքի եւ գնաճի նպատակադրման ռեժիմին: ՀՀ ԿԲ շարունակում է դրամավարկային քաղաքականութեան գործիքների բարելաւումը եւ իր` մասնաւորապէս արտարժութային վարկաւորմանն առնչուող ռիսկերի մոնիթորինգը: 2012 թ. երկրորդ եռամսեակից սկսած արտաքին ցնցման հետեւանքով արտարժոյթի շուկայում զգալի միջամտութիւն տեղի ունեցաւ` չափից աւելի տատանողականութիւնը կանխելու համար, եւ յունիսի աւարտի համար նախատեսուած` պայուստներին վերաբերող կատարողական չափորոշիչը չկատարուեց: Հինգերորդ ամփոփիչ ստուգումն աւարտելու համար անհրաժեշտ կը լինի բացառութիւն անել եւ ուղղիչ գործողութիւններ ձեռնարկել: «Կառուցուածքային բարեփոխումների ուղղութեամբ առաջընթաց կայ, թէեւ ցանկալիից դանդաղ տեմպով: Բոլոր տնտեսվարողների համար մրցակցութեան հաւասար պայմանների ապահովումը, այդ թւում` հարկային վարչարարութեան առանցքային ոլորտում, կարեւոր բէկում կը մտցնի գործարար միջավայրում: Առաքելութիւնն առաջին արդիւնքներին է սպասում «Կարգաւորիչ գիլեօտին» ծրագրից, որի նպատակն է էապէս վերափոխել կանոնակարգերն ու բիւրոկրատական քաշքշուկը, եւ մրցակցութեան յանձնաժողովի կողմից օրէնքի կիրարկման ընթացիկ գործողութիւններից: «Առաքելութիւնը նախնական համաձայնութիւն է ձեռք բերել 2012 թ. մնացած ժամանակահատուածի եւ 2013 թ. քաղաքականութեան ծրագրի շուրջ , որը կարող է հիմք ստեղծել ստուգումն աւարտելու համար: Ըստ նախնական ժամանակացոյցի նախատեսւում է, որ ԱՄՀ խորհուրդը ստուգումը կը քննարկի դեկտեմբերի սկզբին կայանալիք նիստի ժամանակ: Հաստատման դէպքում Ամհ-ն կը տրամադրի 52 միլիոն ԱՄՆ դոլար` EFF/ECF ծրագրերի շրջանակում տրամադրած ընդհանուր գումարը հասցնելով 327 միլիոն ԱՄՆ դոլարի: «Իշխանութիւնները մեծ հետաքրքրուածութիւն են արտայայտել 2013 թ. կէսին ընթացիկ ծրագրի աւարտից յետոյ ԱՄՀ յաջորդ ծրագրով, որը հաւանաբար կ'ընդգրկի յետագայ 3 տարիները: Նրանք նշել են, որ նոր ծրագիրը կը սատարի արտաքին եւ հարկաբիւջետային ճշգրտումը շարունակելու քաղաքականութեանը, քաղաքականութեան բուֆերների եւ հարկաբիւջետային հնարաւորութիւնների ամրապնդման եւ աճը խթանող կ'առուցուածքային բարեփոխումների իրականցման համար` ճգնաժամով պայմանաւորուած աջակցութեան զգալի գումարների ետ վերադարձի ժամանակահատուածում: հիմնադրամի նոր ծրագրի շուրջ քննարկումները սկսելուց առաջ ԱՄՀ խորհուրդը պէտք է դիտարկի հիմնադրամի այն ծրագրերի փաստացի գնահատման արդիւնքները, որոնք իրականացուել են 2005 թ. սկսած, երբ կատարուել է վերջին փաստացի գնահատումը: Նախապատրաստման փուլում գտնուող փաստացի գնահատման արդիւնքները կ'օգնեն ուղղորդել նաեւ նոր ծրագրի նախագծումը: «Պատուիրակութիւնը հանդիպել է վարչապետ Տիգրան Սարգսեանի, ֆինանսների նախարար Վաչէ Գաբրիէլեանի, կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջաւադեանի, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դաւթեանի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմէն Մովսիսեանի, տրանսպորտի եւ կապի նախարար պրն. Գագիկ Բեգլարեանի, ինչպէս նաեւ պետական այլ բարձրաստիճան պաշտօնեաների, միջազգային համայնքի, բանկային եւ գործարար ոլորտների եւ քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչների հետ: Առաքելութիւնը ցանկանում է շնորհակալութիւն յայտնել իշխանութիւններին եւ Հայաստանի միւս գործընկերներին ջերմութեան եւ հիւրընկալութեան համար»:
  -   Քաղաքական