ՄԱՀԱԶԴ.Կյանքի 93-րդ տարում ի Տեր ննջեց Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը


ՄԱՀԱԶԴ.Կյանքի 93-րդ տարում ի Տեր ննջեց Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը

  • 12-10-2012 15:50:55   |   |  Հասարակութիւն

Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկացավ Երուսաղեմի պատրիարքական փոխանորդ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանից, որ Երուսաղեմում երկարատեւ հիվանդությունից հետո կյանքի 93-րդ տարում ի Տեր ննջեց Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Գերագույն հոգեւոր խորհուրդը եւ Հայ Եկեղեցու ողջ եկեղեցական դասը սգում են բազմավաստակ Պատրիարք Սրբազան Հոր մահը` աղոթելով, որ Տերը Սուրբ Հոգու մխիթարությունը պարգեւի հավատավոր մեր ժողովրդին եւ Իր խնամքի եւ օրհնության ներքո պահի Երուսաղեմի Հայոց Պատրիարքական Աթոռը եւ նրա զինվորյալ միաբանությունը: Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը ծնվել է 1919 թ. փետրվարի 16-ին, Բաղդադի հյուսիսում (Իրաք)` Բագուբա քաղաքի մոտ գտնվող փախստականների ճամբարում: Բաղդադի Սրբոց Թարգմանչաց հայկական դպրոցում նախակրթական ուսումն ավարտելուց հետո ընդունվել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Սրբոց Հակոբյանց ժառանգավորաց վարժարան: 1936 թ. օգոստոսի 2-ին սարկավագ է ձեռնադրվել ձեռամբ երջանկահիշատակ Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Գուշակյանի: 1939 թ. հուլիսի 23-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ստանալով Թորգոմ անունը: 1939-46 թթ. Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանում տարբեր պաշտոններ է վարել. աշխատել է Պատրիարքարանի «Սիոն» ամսագրի խմբագրությունում, ինչպես նաեւ եղել է ճեմարանի փոխտեսուչ: 1946 թ. հուլիսին մեկնել է ԱՄՆ եւ նշանակվել Հյուսիսային Ֆիլադելֆիայի (Փենսիլվանիա) Ս. Երրորդություն հայկական եկեղեցու հոգեւոր հովիվ: 1951 թ. Ամերիկայի Արեւելյան թեմի առաջնորդի կողմից նշանակվել է թեմի առաջնորդական փոխանորդ: 1954 թ. Հյուսիսային Ֆիլադելֆիայում մեկ տարով վերսկսելով ծառայությունը` Հայր Թորգոմը վերադարձել է Երուսաղեմ եւ նշանակվել ճեմարանի տեսուչ: Նա նաեւ վարել է Պատրիարքարանի դիվանապետի պարտականությունները: 1960 թ. վերադառնալով ԱՄՆ` ուսումը շարունակելու նպատակով ընդունվել է Քեմբրիջի Եպիսկոպոսական Աստվածաբանական Դպրոց (Մասաչուսեթս): 1962 թ. ընտրվել է Հայ Եկեղեցու Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ: Նույն թվականի հոկտեմբերի 14-ին, ձեռամբ երջանկահիշատակ Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ձեռնադրվել է եպիսկոպոս: 1966 թ. ապրիլին, Արեւմտյան թեմի առաջնորդի պաշտոնում 4 տարի ծառայելուց հետո Թորգոմ Եպիսկոպոսը ընտրվել է Հայ Եկեղեցու Ամերիկայի Արեւելյան թեմի առաջնորդ: Երկու տարի անց երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի կողմից նրան շնորհվել է Արքության պատիվ: Արեւելյան թեմի առաջնորդի պաշտոնում 24 տարի ծառայելուց հետո Թորգոմ Արքեպիսկոպոսը 1990 թ. մարտի 22-ին ընտրվել է Երուսաղեմի 96-րդ Պատրիարք: 1994 թ. օգոստոսի 19-ին Վազգեն Ա Կաթողիկոսի մահից հետո Ամենապատիվ Սրբազան Հայրը նշանակվել է Կաթողիկոսական Տեղապահ: Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանը ստացել է մի շարք ակադեմիական պարգեւներ, արժանացել է Նյու Յորքի Ընդհանուր Աստվածաբանական Ճեմարանի պատվավոր դոկտորի կոչման: 1986 թ. ստացել է նաեւ Ամերիկայի երկու գլխավոր պարգեւները. «Ազատության Արձան» եւ «Էլիզ Այլընդ» պատվո շքանշանները: Թորգոմ Պատրիարքը մեծ ավանդ է ունեցել միջազգային էկումենիկ հարաբերությունների զարգացման գործում: Նա ծառայել է ԱՄՆ-ում Քրիստոսի Եկեղեցիների Ազգային Ժողովի հանձնաժողովում, նախագահել է «Կրոնն ամերիկյան կյանքում» խորհուրդը: Եղել է նաեւ «Խղճմտանքի կոչ» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ: Թորգոմ Պատրիարքը հեղինակ է 20 մենագրությունների, որոնց թվում` բանաստեղծական երեք ժողովածուներ, հայկական Ս. Պատարագի ուսումնասիրություն, հայոց Մեծ Եղեռնին նվիրված գրքեր եւ Երուսաղեմի սուրբ վայրերի մանրամասն ուղեցույց: Պատրիարք Հայրը ճանաչված կոմիտասագետ էր: Հոկտեմբերի 14-ին` Ս. Պատարագի ավարտին, Մայր Տաճարում կկատարվի հոգեհանգստյան արարողություն` Հայ Եկեղեցու վաստակյալ սպասավորի հոգու խաղաղության համար: Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:
  -   Հասարակութիւն