Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկուայի կրօնական կազմակերպութիւնների հետ կապերի բաժնի ղեկավարին
12-10-2012 16:00:21 | | Հասարակութիւն
Հոկտեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մոսկուայի (Ռուսաստանի Դաշնութիւն) միջտարածաշրջանային համագործակցութեան, ազգային քաղաքականութեան եւ կրօնական կազմակերպութիւնների հետ կապերի բաժնի ղեկավար Իւրի Արտիւխին:
Ողջունելով հիւրին` Նորին Սրբութիւնը նշեց, որ նման այցերը համայն հայութեան հոգեւոր կենտրոն հնարաւորութիւն են ընձեռում լաւագոյնս ճանաչելու Հայոց Եկեղեցին եւ նրա հոգեւոր արժէքները: Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ ընդգծեց, որ երկու երկրների միջեւ յարաբերութիւնները ջերմ են ինչպէս պետական, այնպէս էլ հոգեւոր մակարդակում:
Զրոյցի ընթացքում անդրադարձ կատարուեց Հայաստանեայց Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների ջերմ յարաբերութիւններին, ինչպէս նաեւ Ռդ-ում հայ համայնքի եւ Նոր Նախիջեւանի ու Ռուսաստանի հայոց թեմի կեանքին: Այս առիթով Նորին Սրբութիւնն իր գնահատանքը յայտնեց պրն. Իւրի Արտիւխին` Մոսկուայի հայ համայնքին եւ հայոց թեմին ցուցաբերուող զօրակցութեան համար:
Իր հերթին Յ. Արտիւխը, ուրախութիւն յայտնելով հանդիպման առիթով, Նորին Սրբութեանը փոխանցեց Մոսկուայի քաղաքապետ Սերգեյ Սոբեանինի ողջոյններն ու մաղթանքները: Իր խօսքում Յ. Արտիւխը նաեւ ընդգծեց Մոսկուայում կառուցուող հայկական եկեղեցական ընդարձակ համալիրի եւ առաջնորդանիստ տաճարի կարեւորութիւնը` նշելով, որ այն զգալի դերակատարութիւն կ'ունենայ հայ համայնքի հոգեւոր կեանքում:
Հանդիպմանը ներկայ էր նաեւ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսեանը: