Խորհրդակցութիւն ՀՀ դատախազութիւնում` իրաւապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցութեամբ


Խորհրդակցութիւն ՀՀ դատախազութիւնում` իրաւապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցութեամբ

  • 30-10-2012 10:50:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

Խորհրդակցութեան սկզբում նախագահը թէեւ ասել է, որ առանձին յանցատեսակների, մասնաւորապէս, փողերի լուացման եւ թրաֆիկինգի դէմ պայքարում նկատելի առաջընթաց կայ, սակայն միեւնոյն ժամանակ խստօրէն քննադատել է առկայ բացասական երեւոյթները: «Պէտք է փաստեմ, որ շարունակում է արդիական մնալ առանձին դատախազների անփութութեան կամ չարամտութեան խնդիրը, որը, ցաւօք, արժանի գնահատականի չի արժանանում: Այս ուղղութեամբ որոշակի քայլեր կատարուել են, ընդհուպ մինչեւ մեղաւորներին պատասխանատուութեան ենթարկելը, սակայն առկայ բացասական երեւոյթները չեն նուազել: Եւ մասնաւոր հետեւութիւնն այն է, որ առանձին անհատներ այս ամէնից պարզապէս դասեր չեն քաղել: Դասեր չեն քաղել, որովհետեւ դատախազութեան ներսում ես չեմ տեսնում սուր պայքար այդ երեւոյթների դէմէ, - նախագահի մամուլի ծառայութեան փոխանցմամբ»-` ասել է Սերժ Սարգսեանը: Նախագահը ասել է, որ իր աշխատակազմում քաղաքացիներից ստացուած դիմումների եւ բողոքների ստուգման արդիւնքում նախաքննական պրակտիկայում բացայայտուել են փաստեր, որոնք «ուղղակի անհամատեղելի են առողջ բանականութեան հետ.: «Հերիք չէ, որ քննութիւնը վարող պաշտօնեաները գործի հանգամանքները պարզելու փոխարէն կեղծիքների միջոցով փոխում են դէպքի փաստերը, դեռ հովանաւորում են յանցագործներին եւ պարտակում յանցագործութիւնը: Աւելին` որոշ դէպքերում յանցագործութիւնը բարդում են ուրիշի վրայ: Իրաւապահ մարմնի աշխատողի կողմից աւելի ստոր եւ անբարոյական արարք ես ուղղակի չեմ պատկերացնում: Ձեր գործունէութեան ուսումնասիրութեան ընդամէնը երկու-երէք ամիսների ընթացքում պարզուել է, որ, օրինակ, դատախազի թողտուութեամբ յանցանք կատարած մի քանի անձինք գործով դառնում են վկայ, նոյնիսկ ոչ թէ թողտուութեամբ, այլ նրա ակտիւ մասնակցութեամբ, դատախազը յանցաւորութեան դէմ պայքարելու փոխարէն ինքն է յանցանք կատարում եւ յայտնւում հետախուզութեան մէջ: Եւ որեւէ մէկը որեւէ պատասխանատուութիւն դրա համար չի կրում` ո՛չ նրա անմիջական պետը, ո՛չ դատախազութեան այն պաշտօնեան, որ պարտաւոր էր ի պաշտօնէ նաեւ հսկողութիւն իրականացնել այդ դատախազի գործունէութեան նկատմամբ», - ասել է Սարգսեանը: Յաջորդ օրինակը, ըստ նախագահի, վերաբերում է իրաւապահների «լկտի պահուածքին», երբ վերջիններս օրինականութեան նկատմամբ հսկողութիւն իրականացնելու փոխարէն վիճաբանում են իրաւապահ այլ մարմնի աշխատակցի հետ: «Վիճաբանութիւնն էլ, երեւի, այստեղ ճիշտ բառը չէ: Ոստիկանութեան աշխատողին նրա պետի միջոցով հրաւիրում է իր աշխատասենեակ եւ լկտիաբար նրան ապտակում, այսինքն` ծեծում: Եւ անպայման ես պէտք է միջամտեմ, որպէսզի այդ մարդը ոչ թէ քրէական պատասխանատուութեան ենթարկուի, այլ ուղղակի նրան ազատեն դատախազութեան համակարգից: Եթէ դատախազը ինքը պէտք է ինքնադատաստան տեսնի, ինքը պէտք է այդպէս վարուի, դատախազը ուրիշներից ի՞նչ կարող է պահանջել: Յաջորդը` դատախազի կոչմանը ոչ վայել իրավիճակում յայտնուելու դէպքում, մնում է անպատիժ: Այսինքն, դատախազը փողոցում կռիւ է սարքում, պարզ է` աղմուկից յետոյ քրէական գործ է յարուցւում, եւ յետոյ չեղած վկայ ներգրաւելով, բոլոր հնարաւոր, անհնար միջոցներով տանում են եւ ուրիշին են ուզում դատապարտել», - թուարկել է նախագահը` շեշտելով, որ սրանք արձանագրուած դէպքերից միայն մի քանիսն են: «Ինչ-որ մէկը կարո՞ղ է ինձ բացատրել, թէ ընդհանրապէս իրաւապահ մարմնում ինչպէ՞ս կարող է այսպիսի մթնոլորտ լինել: Այսինքն, դա նշանակում է, որ որոշ մարդիկ յղփացել են: Եթէ մարզի դատախազի տեղակալը մտածում է, որ ինքը կարող է այդպիսի արարք թոյլ տալ, ես ուրիշ կերպ մտածել չեմ կ'արող», - ասել է նախագահ Սերժ Սարգսեանը: Խորհրդակցութեան մասնակիցներին ներկայացուել է քրէական գործերով նախաքննութեան վիճակի գործնական խնդիրների վերաբերեալ ՀՀ նախագահի աշխատակազմում իրականացուած վերլուծութիւնը: Վերլուծութեան հեղինակները եզրակացրել են, որ քրէական գործերով նախաքննութեան համար պատասխանատու անձանց կողմից ոչ պատշաճ են իրականացւում կամ ընդհանրապէս չեն իրականացւում իրենց դատավարական լիազօրութիւնները, անձի դէմ ուղղուած ծանր կամ առանձնապէս ծանր յանցագործութիւնների քննութեան ընթացքում խախտւում է գործի բազմակողմանի, լրիւ եւ օբյեկտիւ քննութիւն կատարելու պահանջը, իրենց գործունէութեան մէջ խախտումներ թոյլ տուած պաշտօնատար անձինք չեն ենթարկւում կատարածին համարժէք պատասխանատուութեան կամ ընդհանրապէս մնում են անպատիժ եւ մի շարք այլ խնդիրներ: Նախագահը իրավիճակի շտկմանն ուղղուած յանձնարարականներ է տուել կոնկրէտ պատասխանատուներին եւ ընդգծել, որ շահագրգիռ վերաբերմունք է ակնկալում ՀՀ գլխաւոր դատախազից, դատախազի տեղակալներից, քննութեան պատասխանատուներից: «Ես պահանջում եմ բոլորից սկզբունքայնութիւն: Իւրաքանչիւրը պէտք է պատասխանատուութիւն ունենա, եւ այդ պատասխանատուութիւնը պէտք է ֆիքսուած լինի», - ասել է նա: Azatutyun.am
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը