Ազգային փուլի յաղթողները` "Համաշխարհային հմտութիւններ" միջազգային մրցոյթի մասնակիցնէր


Ազգային փուլի յաղթողները` "Համաշխարհային հմտութիւններ" միջազգային մրցոյթի մասնակիցնէր

  • 30-10-2012 13:35:40   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

2013 թուականի յուլիսի 2-7-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան Լայպցիգ քաղաքում Հայաստանի Մկու հաստատութիւնների ուսանողներն առաջին անգամ հնարաւորութիւն կ'ունենան ներկայանալ եւ իրենց հմտութիւններով մրցակցել 61 երկրների ուսանողների հետ` "Համաշխարհային հմտութիւններ" 42-րդ միջազգային մրցոյթում: Ոսկերչութիւն, նորաձեւութիւն, խոհարարութիւն մասնագիտութիւնների գծով "Հայաստանի հմտութիւններ" ազգային մրցոյթում յաղթող ճանաչուած ուսանողներն այսօր պարգեւատրուել են շնորհակալագրերով եւ համապատասխան խրախուսական մրցանակներով: Մրցոյթի յաղթողներին ողջունել եւ պարգեւներ է յանձնել ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը."Գաղտնիք չէ, որ Հայաստանն այսօր ունի որակեալ աշխատուժի պակաս: Երկար տարիներ մեր հասարակութեան երիտասարդ հատուածը համակուած էր մի մոլուցքով` բոլոր հնարաւոր միջոցներով ստանալ բացառապէս բարձրագոյն կրթութիւն: Արդիւնքում` նրանց զգալի մասն այսօր գործազուրկ է, որովհետեւ չի տիրապետում համապատասխան հմտութիւնների եւ չի կարողանում իր տեղը գտնել աշխատաշուկայում: Ուրախալի է, որ վերջին տարիների ընթացքում պետութիւնը մեծ ջանքեր է ներդրել, որպէսզի միջին մասնագիտական կրթութեան ոլորտը դուրս գա հանրակրթութեան եւ բարձրագոյն կրթութեան համակարգերի ստուերից, վերաարժեւորուի եւ գտնի իր արժանի տեղը: Ուստի, պատահական չէ, որ վերջին տարիներին մասնագիտական կրթութեան այս հատուածը դարձել է առաւել գրաւիչ. միայն այս տարի 11 հազար երիտասարդի` կրթութիւնը շարունակելու ընտրութիւնը կանգ է առել միջին եւ նախնական մասնագիտական կրթօջախների վրայ, որոնք սկսել են իրականում մատուցել աշխատաշուկայում պահանջուած, գործատուների կողմից ակնկալուող կրթութեան մակարդակ",-նշել է Արմէն Աշոտեանը` յաւելելով, որ յետագայ բարեփոխումների իրականացման համար նախարարութիւնն ակնկալում է միջազգային եւ տեղական գործընկերների աջակցութիւնը: "Վերջին տարիներին պետութիւնը 50 տոկոսով աւելացրել է անվճար տեղերի քանակը նախնական եւ միջին մասնագիտական կրթութեան ոլորտում, տասնեակ քոլեջներ վերազինուել են, վերանորոգուել, ամբողջութեամբ վերանայուել է կրթական բովանդակութիւնը` մշակւում են կրթական նոր չափորոշիչներ, շարունակւում է մասնաւոր հատուածի հետ համագործակցութիւնը` կրթական ծառայութիւներն աւելի որակեալ եւ նպատակային դարձնելու համար: Նախարարութեան համար չկան սիրելի եւ խորթ զաւակներ կրթութեան ոլորտում. պետական քաղաքականութիւնը շարունակելու է լինել կառուցողական` ձեւաւորուած պահանջարկի բաւարարման եւ կրթութեան մակարդակի բարձրացման վրայ",-նշել է նախարարը` յոյս յայտնելով, որ "Համաշխարհային հմտութիւններ" միջազգային մրցոյթում Հայաստանի ներկայացուցիչները պատշաճ կը ներկայանան: Ազգային փուլի յաղթողներին պարգեւներ են յանձնել նաեւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ինչպէս նաեւ հհ առեւտրաարդիւնաբերական պալատի, Հայաստանի գործատուների միութեան եւ այլ սոցիալական գործընկերների ներկայացուցիչներ: Վերոնշեալ համաշխարհային կառոյցին` որպէս հարող անդամ, Հայաստանը միացել է 2012թուականին` Գերմանիայի միջազգային համագործակցութեան ընկերութեան (ԳՄՀԸ/GIZ GmbH-ի) աջակցութեամբ, "Հայաստանի հմտութիւններ" նախագծի շրջանակներում: "Հայաստանի հմտութիւններ" նախագիծը իր շուրջը միաւորում է ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեանը, Կրթութեան ազգային ինստիտուտի մասնագիտական կրթութեան եւ ուսուցման զարգացման ազգային կենտրոնին եւ սոցիալական գործընկերներին` ՀՀ առեւտրաարդիւնաբերական պալատին, Հայաստանի գործարարների (գործատուների) ու արդիւնաբերողների միութեանը, Հայաստանի գործատուների միութեանը: http://www.edu.am/index.php?topMenu=2&menu1=-1&menu2=2&id=5666&lang=arm
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ