Փոքր ՀԷԿ-երի կառուցումը Վայոց ձորի ջրաւազանների վրայ հասել է աղէտալի չափերի


Փոքր ՀԷԿ-երի կառուցումը Վայոց ձորի ջրաւազանների վրայ հասել է աղէտալի չափերի

  • 30-10-2012 13:57:04   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

Փոքր ՀԷԿ-երի կառուցումը Վայոց ձորի ջրաւազանների վրայ հասել է աղէտալի չափերի: Դրանց թուաքանակը մօտենում է մօտ 2 տասնեակի: Մի քանիսն արդէն գործարկուել են, միւսները կառուցման ընթացքի մէջ են: Պատկերաւոր ասած` Արփա գետը` իր փոքր ու մեծ վտակներով, մեր աչքի առաջ դարաւոր հունից դուրս գալիս, տեղափոխւում է ՀԷԿ-երի խողովակաշարեր, որոնց տրամագիծը տեղ-տեղ հասնում է 1 մետր 70 սմ-ի: «Հիդրոցաւով» տառապողները երեւի թէ Արփան շփոթել են Վոլգայ, Ամազոն գետերի հետ` այդպիսի ծաւալով խողովակներ պատուիրելիս: Հիդրոկայանների կողք կողքի շարուելու տեսարանը յիշեցնում է 90-ականներին ծաղկում ապրած զանգուածային կրպակաշինութիւնը: ՀԷԿ-երի կառուցման ներկայ ընթացքը տեսնելով` ես մտավախութիւն ունեմ, որ դրանք կը քառապատկուեն եւ հոսանք ստանալու, այսինքն` փող դիզելու մոլուցքից տուրբիններ կը մտցուեն նաեւ տարածքի ցայտաղբիւրները: Արփան մէկ անգամ` տասնամեակներ առաջ, ջրազրկման փորձութիւն տեսել է, երբ փրկարար ալիքների հոսքը 48 կմ ստորգետնեայ թունելով ուղղուեց Սեւանայ լիճ: Սակայն այդ ժամանակ ղեկավարութեան, մասնագէտների խելացի հաշուարկներով բարձրացել է 24 մլն խմ տարողութեամբ Կեչուտի ջրամբարը, բաց թողնուել գետի նախկին մակարդակը ապահովող ջրահոսք, որպէսզի չխաթարուի տարածքի բուսական ու կենդանական աշխարհի անդորրը, եւ աշխատեն դաշտերը ոռոգող ջրհան կայանները: Արփային պատուհասած այս երկրորդ` մերօրեայ վտանգը անհամեմատելի է առաջինի հետ, քանի որ խողովակաշար մտնող ջրահոսքը հատուածաբար, 1-2 կը մ-ի վրայ սլանալով` տեղ-տեղ ամբողջութեամբ ջրազրկում, դատարկում է գետի հունը: Մինչդեռ հիդրօշինարարները հաւաստիացնում են, թէ իրենք չեն խախտում բնապահպանական նորմերը, չեն շեղւում հաստատուած նախագծից եւ նոյնիսկ ձկների շարժի համար սողանցքներ են թողնում: Անգամ հեքիաթի Ոսկէ ձկնիկն այս պարագայում չի կարող ջոկել, թէ որն է խողովակ տանող ալիքը, որը` գետի հուն, ուր մնաց թէ բեղլուն կամ կարմրախայտը կողմնորոշուեն, չընկնեն մսաղաց յիշեցնող տուրբինների մէջ: Ձուադրումը ինչպէ՞ս պէտք է կատարուի կիսով չափ դատարկուող Հերհերի ջրամբարում կամ տեղ-տեղ ցամաքած գետաբերաններում: Էլ չենք խօսում չորացող ծառ ու թփերի, ջրից օգտուող վայրի կենդանիների մասին: Ոռոգման համար ջուր չի մնում: Ռազմավարական նշանակութեան հայեցակարգով կառավարութիւնը նոյնիսկ ֆինանսաւորում է փոքր Հէկ-եր կառուցողներին, որոնց մէջ քիչ չեն նաեւ Վայոց ձորի գործարարները: Հասկանալի է, այդ գումարները անվերադարձ չեն տրւում: Հիդրոկայաններ կառուցելու գաղափարը մենք էլ ենք կարեւորում, բայց չենք կարող հաշտուել, չտեսնելու տալ Արփա գետը` իր Եղէգիս վտակով, դարաւոր հունից ամբողջութեամբ խողովակաշար տեղափոխելու ներկայ մեծամասշտաբ գործընթացը ու չընդվզել դրա դէմ: Պատմութիւնից յայտնի է, որ անգամ Նիկոլայ ցարը Վայոց ձորի հողազուրկ, քարքարօտ բնաշխարհը տեսնելով` հրամայել է յարկեր չհաւաքել բնակչութիւնից: Ին՞չ է, հայրենի իշխանաւորները չե՞ն տեսնում, որ տարածքին սպառնացող անապատացման վնասը աւելի մեծ է լինելու, քան փոքր ՀԷԿ-երի բերած օգուտները: Աննախադէպ ծաւալների հասնող «հիդրոարշաւը» կասեցնելու վճռականութեամբ Շատին, Հորբադիտ համայնքներում բնակիչները դուրս են եկել, փակել պաշտօնեաների, կառուցողների ճանապարհները, պահանջել հեռանալ, բայց յետոյ խաբէութեան, խոստումների խայծեր են կուլ տուել, թէ իբրեւ ձրի հոսանք կը ստանան, աշխատատեղեր կ'ունենան, լռել, մի կողմ են քաշուել: Գիւղապետերը հողյատկացումներ են կատարում առանց հասարակական քննարկումների, անտեսում համայնքի շահը: Բարձրացուած խնդրի շուրջ փորձեցինք ճշտել նաեւ Վայոց ձորի մարզպետարանի եւ բնապահպանութեան նախարարութեան ենթակայութեան մարզային տեսչութեան աշխատակիցների վերաբերմունքը, սակայն նրանք խուսափեցին որեւէ տեղեկութիւն տրամադրել եւ խորհուրդ տուեցին դիմել բնապահպանութեան նախարարութիւն: Հասկանալի է, որ գործող հիդրոկայանները փակելու որոշումներ չեն կայացուելու: Նշենք, որ «հիդրոցաւով» տառապող «լաւագոյն» տասնեակի առաջատարներից մէկն էլ Վայոց ձորի թեմի առաջնորդ գերաշնորհ Աբրահամ Մկրտչեանն է: ԱՐԹՈՒՐ ԲՈՒՆԻԱԹԵԱՆ Aravot.am
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը