Աղբանոցի վերածուած կիսափլուած բազմահարկում բնակւում են տասնեակ ընտանիքներ (Տեսանիւթ)
31-10-2012 09:21:08 | | Հասարակութիւն
27-ամեայ Լիանան, որը միայնակ մայր է եւ ունի 5 մանկահասակ երեխաներ, երբեք բնակարանում չի ապրել: Ինչպէս իր բոլոր 5 երեխաները, այնպէս էլ ինքը ծնուել եւ մեծացել է նախկինում «Լենտեքստիլ» կոմբինատին պատկանող հանրակացարանում, որը երկրաշարժի հետեւաքով դարձաւ վթարային , իսկ յետագայ տարիներին կիսով չափ փլուեց, սակայն մինչեւ օրս տասնեակ ընտանիքներ շարունակում են այնտեղ բնակուել:
Այդ հանրակացարանը գտնւում է Գիւմրու կենտրոնական մասում, Շիրակի մարզպետարանի եւ քաղաքային ոստիկանութեան հարեւանութեամբ ու ներկայումս մասնաւոր անձի սեփականութիւն է: Այդ կիսախարխուլ քառայարկում մինչեւ օրս բնակուող մօտ 20 ընտանիքներից գրեթէ կէսը նախկին ԽՍՍՀՄ-ի հանրապետութիւններից եկած, տարբեր ազգութիւնների պատկանող մարդիկ են: Նրանց գերակշիռ մասը պետութեան կողմից բնակարան ստանալու յաւակնորդներ չեն: Կիսափուլ այդ շէնքում չկայ կոմունալ որեւէ յարմարութիւն, անգամ ջուր եւ կոյուղի: Բնակիչների համար որպէս զուգարան ծառայում է նոյն շէնքի փլուած հատուածը: Կառոյցում անգամ աստիճաններն են քանդուած, եւ մի անզգոյշ շարժումը կարող է ճակատագրական դառնալ:
Առաւել մանրամասն` «Շիրակ կ'ենտրոնի» պատրաստած տեսանիւթում:
http://youtu.be/1pstnCMvfq8