ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը հանդիպեց Չեխիայի Հանրապետութեան Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ


ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը հանդիպեց Չեխիայի Հանրապետութեան Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ

  • 31-10-2012 09:52:37   |   |  Քաղաքական

Հոկտեմբերի 30-ին պաշտօնական այցով Չեխիայի Հանրապետութիւնում գտնուող ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը հանդիպեց Չեխիայի Հանրապետութեան Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ: Շնորհակալութիւն յայտնելով հրաւէրի եւ ջերմ ընդունելութեան համար` Յովիկ Աբրահամեանը շնորհաւորեց Չեխիայի Հանրապետութեան ժողովրդին եւ Սենատի անդամներին` Ազգային տօնի առթիւ: Նա վստահութիւն յայտնեց, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ բարեկամական կապերի վրայ հիմնուած համագործակցութիւնն առաւել կ'ամրապնդուի եւ կը զարգանայ: «Հայաստանը շահագրգռուած է Չեխիայի հետ տարբեր ձեւաչափերով համագործակցութիւնը զարգացնելու հարցում, հաշուի առնելով նաեւ այն ընդհանուր նպատակները, որ մենք ունենք Արեւելեան գործընկերութեան շրջանակներում»,- նշեց ԱԺ նախագահը: Միջպետական յարաբերութիւնների խորացման առումով` Յովիկ Աբրահամեանը կարեւորեց միջխորհրդարանական յարաբերութիւնների զարգացումն ու ամրապնդումը: ԱԺ նախագահի խօսքով` քաղաքական երկխօսութեան համատեքստում կարեւոր դեր կարող է ունենալ խորհրդարանական դիւանագիտութիւնը, պատգամաւորական բարեկամութեան խմբերի գործունէութիւնը: Նա նշեց, որ Ազգային ժողովում ձեւաւորել է Հայաստան-Չեխիայ պատգամաւորական բարեկամական խումբ, որի գործունէութիւնը կարող է նոր լիցք հաղորդել երկու երկրների օրէնսդիր մարմինների միջեւ համագործակցութեանը: «Մեր երկու երկրների խորհրդարանների միջեւ գործընկերային յարաբերութիւններ են հաստատուել եւ խորհրդարանական մակարդակով երկխօսութիւնը կարող է օգտակար լինել նաեւ փոխճանաչելիութեան բարձրացման համար, միմեանց ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգի հարցերի մասին լաւ պատկերացումներ կազմելու, միջազգային կազմակերպութիւնների խորհրդարանական վեհաժողովներում միմեանց աջակցելու տեսանկիւնից»,-ասաց ԱԺ նախագահը: Յովիկ Աբրահամեանը կարեւորեց երկու երկրների համագործակցութիւնը միջազգային կառոյցների շրջանակներում: Անդրադառնալով սաֆարովեան գործին` ԱԺ նախագահը գոհունակութեամբ արձանագրեց Չեխիայի ԱԳՆ դիրքորոշումը, որը միանշանակ խիստ գնահատական էր տուել տեղի ունեցածին: Նա բարձր գնահատեց Չեխիայի Հանրապետութեան Սենատի արտաքին յարաբերութիւնների, պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերի յանձնաժողովի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով ընդունած դատապարտող բանաձեւը: «կարեւորելով մեր գործընկերների կողմից արդարացի եւ առանձնայատուկ այս քայլը` համոզուած եմ, որ մեր խորհրդարանների միջեւ համագործակցութիւնն այսուհետ եւս կը լինի արդիւնաւէտ եւ շարունակական»: Պարոն Աբրահամեանը նաեւ շնորհակալութիւն յայտնեց հանդիպմանը ներկայ Սենատոր Շտետինային իր բազմամեայ հայանպաստ աշխատանքի համար` սկսած 1988թ. աւերիչ երկրաշարժի ժամանակաշրջանից: Նա բացի Ռամիլ Սաֆարովի վերաբերեալ բանաձեւի ընդունումից, վերջերս ԵԱՀԿ ԽՎ Տիրանայում տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ սատարել է ՀՀ դիրքորոշումը, յատկապէս Սաֆարովի դէպքի առնչութեամբ: Պարոն Աբրահամեանը կարեւորեց Չեխիայի դիւանագիտական ներկայացուցչութեան գործունէութիւնը Հայաստանում` առաջարկելով բացել Երեւանում Չեխիայի լիարժէք դեսպանութիւն, որտեղ կը գործի նաեւ հիւպատոսական ծառայութիւն եւ Հայաստանի քաղաքացիները ստիպուած չեն լինի մեկնել Վրաստան Չեխիայ մուտքի արտօնագիր ստանալու համար: Աժ նախագահի համոզմամբ` դեսպանութեան բացումը դրական ազդեցութիւն կ'ունենայ նաեւ քաղաքական երկխօսութեան շարունակականութեան ապահովման, առեւտրատնտեսական համագործակցութեան, զբօսաշրջութեան եւ մարդկային շփումների ակտիւացման առումով: Չեխիայի Սենատի նախագահը շնորհակալութիւն յայտնեց Յովիկ Աբրահամեանին իր հրաւէրը ընդունելու եւ Չեխիայ այցելելու համար: Նա բարձր գնահատեց երկու երկրների միջեւ ձեւաւորուած բարեկամական յարաբերութիւնները եւ այս համատեքստում կարեւորեց միջխորհրդարանական գործակցութեան զարգացումը: Միլան Շտեխը համոզմունք յայտնեց, որ ԱԺ նախագահի պաշտօնական այցը Չեխիայ նոր լիցք կը հաղորդի երկկողմ համագործակցութեանը: Նա կարեւորեց Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները : Անդրադառնալով Սաֆարովի արտայանձնմանը եւ դատապարտելով այն` պարոն Շտեխը նշեց, որ Հունգարիայի քայլը միգուցէ սխալի կամ անփութութեան հետեւանք էր, բայց Ադրբեջանի նախագահի քայլը միջազգային բոլոր չափանիշներին դէմ էր:«Անթոյլատրելի է , որ մարդասպանը ազատ է արձակւում եւ հերոսի կոչում է ստանում»,-նշեց Չեխիայի Սենատի նախագահը: Միլան Շտեխը կարեւոր համարեց Հայաստանում Չեխիայի լիարժէք դեսպանութիւն ունենալու Յովիկ Աբրահամեանի առաջարկը եւ համոզմունք յայտնեց, որ այն կը նպաստի երկկողմ յարաբերութիւնների ակտիւացմանը բոլոր ուղղութիւններով: Հանդիպման ընթացքում քննարկուեցին տարածաշրջանային խնդիրներ եւս: Անդրադարձ կատարուեց հայ-թուրքական յարաբերութիւններին, ԼՂ հիմնախնդրին, Սիրիայում ծաւալուող իրադարձութիւններին: Յովիկ Աբրահամեանը շեշտեց, որ ղարաբաղեան հակամարտութիւնը պէտք է լուծուի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցութիւնների արդիւնքում: ԱԺ նախագահը յոյս յայտնեց, որ մինչեւ 2015թ.-ը Չեխիայի Հանրապետութեան խորհրդարանը կը ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը: Յովիկ Աբրահամեանը Չեխիայի Սենատի նախագահին պաշտօնական այցով հրաւիրեց Հայաստան. հրաւէրը սիրով ընդունուեց: Հանդիպման արդիւնքները երկու խորհրդարանների ղեկավարները ամփոփեցին համատեղ ճեպազրոյցում, ինչպէս նաեւ պատասխանեցին լրագրողների հարցերին: «Ադրբեջանի իշխանութիւնների այս որոշումը հակասում է միջազգային իրաւունքի բոլոր նորմերին` մարդասպանը չի կարող ազատութեան մէջ յայտնուել ու ստանալ հերոսի կ'ոչում»- ասաց պարոն Շտեխը: «Մարդասպանին, ոճրագործին հերոսացնելը հարիր չէ որեւէ երկրի նախագահի: Եւ ես ուզում եմ շնորհակալութիւն յայտնել Չեխիայի արտգործնախարարութեանը, Չեխիայի Սենատին, Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովին, նրանց, ովքեր դատապարտեցին Ադրբեջանի եւ Հունգարիայի կողմից իրականացուած այդ անբարոյական քայլը», - ասաց Յովիկ Աբրահամեանը: Ազգային ժողովի նախագահի խօսքով` Չեխիայի իշխանութիւնները հաւասարակշռուած դիրքորոշում ունեն կովկասեան տարածաշրջանի հակամարտութիւնների հարցում, ինչը Հայաստանը բարձր է գնահատում: Յովիկ Աբրահամեանը նշեց, որ իր այցի ընթացքում դիմելու է Չեխիայի կառավարութեանը, որպէսզի Երեւանում գործող դիւանագիտական ներկայացուցչութեանը հնարաւորութիւն տրուի մուտքի վիզաներ տրամադրել Հայաստանի քաղաքացիներին: Չեխիայի Սենատի նախագահը ասաց, թէ տեղեակ է, որ Հայաստանի պատմութիւնը հնագոյններից է, եւ Հայաստանն է առաջին անգամ պետականօրէն քրիստոնէութիւն ընդունել: Նա վստահեցրեց, որ մտադիր է տարբերակներ որոնել Հայաստանի քաղաքացիների համար Չեխիայ մուտքի արտօնագրերի տրամադրման հարցը դիւրացնելու ուղղութեամբ: Պարոն Շտեխը նշեց, որ Չեխիան պատրաստ է աջակցել Հայաստանին եւրաինտէգրման գործընթացում: Նրա խօսքով` չեխ գործարարները պատրաստակամ են ներդրումներ կատարել Հայաստանում: Չեխիայի Հանրապետութեան Ներկայացուցիչների պալատում ԱԺ նախագահի գլխաւորած պատուիրակութիւնը հանդիպեց Չեխիա-հայաստան միջխորհրդարանական բարեկամութեան խմբի ղեկավար Ռոբին Բոնիչի եւ խմբի անդամների հետ: Հանդիպմանը քննարկուեցին երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թւում միջխորհրդարանական համագործակցութեան խորացմանը, միջազգային կառոյցներում փոխգործակցութեանը, տարածաշրջանային խնդիրներին առնչուող հարցեր: Նոյն օրը ԱԺ նախագահը եւ պատուիրակութեան անդամները այցելեցին Լիդիցէ տուն-թանգարան, շրջայց կատարեցին Լիդիցէ յուշահամալիրում, ծաղիկներ դրեցին անմեղ զոհերի շիրիմին եւ Լիդիցէի երեխաների արձանի մօտ, եղան Լիդիցէի մանկական պատկերասրահում: Յովիկ Աբրահամեանը հանդիպեց եւ զրուցեց ողբերգութիւնը վերապրածների հետ: Օրուայ վերջում ԱԺ նախագահը հանդիպեց Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Յովիկ Աբրահամեանը իր խօսքում անդրադարձաւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացին, հայ-թուրքական յարաբերութիւններին, պատասխանեց մեր հայրենակիցներին յուզող բազմաթիւ հարցերի: «Մենք ունենք աշխարհասփիւռ հայրենակիցնէր, որոնց ջանքերի եւ հնարաւորութիւնների մէկտեղումը բխում է եւ՛ Հայաստանի, եւ՛ Սփիւռքի շահերից, որովհետեւ տարածութեան առումով բաժանուած լինելով, բայց եւ մեր ժողովրդի միասնական շահը գիտակցելով` մնացած ամէն ինչով մէկ ընդհանրութիւն պէտք է լինենք: Միայն ա՛յդ կերպ կարող ենք դիմագրաւել համազգային մարտահրաւէրները, լուծել համազգային խնդիրները, եւ յենուելով այսօրուայ Հայաստանի ձեռքբերումների վրայ` ուրուագծել ա՛յն արժանապատիւ ապագան, որը մեր ժողովրդի բոլոր զաւակների ձգտումն է` անկախ նրանց գտնուելու վայրից:Այսօր բոլորիս խնդիրն է ամրապնդել Հայաստանի պետականութիւնը եւ հզօրացնել մեր երկիրը, իսկ այդ ճանապարհին մենք պէտք է լուծենք բազմաթիւ խնդիրներ: Այս գործընթացում ակնկալում ենք նաեւ ձեր գործուն մասնակցութիւնը»է,-նշեց Յովիկ Աբրահամեանը: «Ես ուրախ եմ, որ դուք այստեղ` Եւրոպայի սրտում, անմասն չէք եւ՛ Հայաստանի, եւ՛ ընդհանրապէս մեր ժողովրդի խնդիրներից, անտարբեր չէք նրա ճակատագրի հանդէպ»: «Սիրելի հայրենակիցնէր, համոզուած եմ, որ գալու է նաեւ այդ ժամանակը, երբ արդէն շուրջ 20 տարի դէ ֆակտոյ անկախ Արցախը վաղ թէ ուշ անկախ է ճանաչուելու նաեւ դէ իւր»: Արդէն այսօր ժողովրդավարութեամբ եւ մարդու հիմնարար ազատութիւնների պաշտպանութեան մակարդակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը գերազանցում է իր անմիջական հարեւան Ադրբեջանին: Իսկ այժմ Հայաստանը ԼՂ հարցի շուրջ վստահօրէն բանակցութիւններ է վարում Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան /ԵԱՀԿ/ Մինսկի խմբի շրջանակներում` առաջնորդուելով ոչ միայն արցախահայութեան, այլեւ համայն հայութեան շահերով: Հայաստանի իշխանութիւնները բազմիցս են յայտարարել, որ կողմ են խնդրի լուծմանը միայն խաղաղ ճանապարհով` ի տարբերութիւն Ադրբեջանի կողմից պարբերաբար եւ ամենաբարձր մակարդակով հնչող ռազմատենչ յայտարարութիւնների: Միեւնոյն ժամանակ մենք համոզուած ենք, որ Արցախի հարցը ստանալու է հայանպաստ լուծում: Հայաստանի Հանրապետութիւնը` Նախագահ Սերժ Սարգսեանի գլխաւորութեամբ յստակ յայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել եւ չի լինի Ադրբեջանի կ'ազմում»-շեշտեց ԱԺ նախագահը: ՀՀ ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը հանդիպումներ կ'ունենայ Չեխիայի Հանրապետութեան առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շուարցենբերգի, Ներկայացուցիչների պալատի նախագահ Միրոսլաւայ Նեմցովայի եւ Պրահայի արքեպիսկոպոս, Բոհեմիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ: Նոյն օրը ուշ երեկոյեան ԱԺ նախագահի գլխաւորած պատուիրակութիւնը կը վերադառնայ Երեւան:
  -   Քաղաքական