Արթուր Բաղդասարեան.Հայաստանը կարեւորում է Աւստրիայի Հանրապետութեան հետ յարաբերութիւնների զարգացումը
31-10-2012 10:23:19 | Հայաստան | Քաղաքական
Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետութիւնում Աւստրիայի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Ալոիս Կրաուտին (նստավայրը` Վիեննա) եւ ՀՀ-ում Աւստրիայի Հանրապետութեան պատուոյ հիւպատոս Արամ Մարութեանին: ԱԱԽ քարտուղարը շնորհաւորել է դեսպանին մեր երկրում դիւանագիտական առաքելութիւնն սկսելու առիթով եւ յաջողութիւն մաղթել յետագայ գործունէութեան մէջ: Արթուր Բաղդասարեանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Աւստրիայի Հանրապետութեան հետ յարաբերութիւնների զարգացումը եւ խորացումը ինչպէս երկկողմ, այնպէս էլ բազմակողմ ձեւաչափերով, այդ թւում` ակտիւ համագործակցութիւնը ԵՄ-ի շրջանակներում:
Դեսպանի խնդրանքով ԱԱԽ քարտուղարն անդրադարձ է կատարել տարածաշրջանային խնդիրներին` մասնաւորապէս Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին եւ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ յարաբերութիւններին: Արթուր Բաղդասարեանը նշել է, որ Հայաստանի Հանրապետութիւնը շարունակում է հաւատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգաւորման սկզբունքին եւ պատրաստ է հետայսու եւս շարունակել բանակցութիւնները Ադրբեջանի հետ` չնայած Ադրբեջանի իշխանութիւնների կողմից շարունականան ռազմատենչ յայտարարութիւններին եւ հայ սպայ Գուրգէն Մարգարեանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու խայտառակ եւ բացայայտ գործարքին: Անդրադարձ է կատարուել նաեւ ՀՀ-ի` Իրանի եւ Վրաստանի հետ յարաբերութիւնների ներկայ մակարդակին եւ զարգացման հեռանկարներին:
Հանդիպման ընթացքում պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել ՀՀ Ազգային անվտանգութեան խորհրդի եւ Աւստրիայի Հանրապետութեան Անվտանգութեան խորհրդի միջեւ գործընկերային կապեր հաստատելու մասին: ԱԱԽ քարտուղարը շնորհակալութիւն է յայտնել Աւստրիայի Հանրապետութիւն այցելելու հրաւէրի համար եւ յոյս յայտնել, որ այցի ընթացքում գործնական կապեր կը հաստատուեն երկու երկրների Անվտանգութեան խորհուրդների միջեւ:
Հանդիպման վերջում դեսպանը շնորհակալութիւն է յայտնել ջերմ ընդունելութեան համար եւ խոստացել ջանքեր գործադրել Հայաստանի եւ Աւստրիայի միջեւ փոխյարաբերութիւնների ամրապնդման եւ խորացման գործում: