Մանկապարտէզներում երեխաները ապահովագրուած չեն սննդային թունաւորմներից


Մանկապարտէզներում երեխաները ապահովագրուած չեն սննդային թունաւորմներից

  • 07-11-2012 12:18:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ առողջապահութեան նախարարութիւնն ահազանգ է ստացել այն մասին, որ նոյեմբերի 6-ին, ժամը 16-17-ին Արարատի մարզի Արարատ գիւղի մանկապարտէզից սննդային թունաւորման ախտանշաններով Արարատի հիւանդանոց է տեղափոխուել 7 երեխայ: Բժիշկները յորդորել են հիւանդանոց բերել նոյն մանկապարտէզի բոլոր այն երեխաներին, ում մօտ թէկուզ շատ թեթեւ ախտանշաններ կան: Արդիւնքում, ժամը 17-18-ին հիւանդանոց է տեղափոխուել եւս 6 երեխայ: 3-4 տարեկան տասը երեխան առաջին բուժօգնութիւն ստանալուց յետոյ տուն են ուղարկուել: Նրանց վիճակը շարունակել է հսկել գիւղի ընտանեկան բժիշկը: Գիշերը երեխաներն անց են կացրել հանգիստ, այժմ նրանց վիճակը գնահատւում է նորմալ: Հիւանդանոցում մնացած երեք երեխային ցոյց է տրուել անհրաժեշտ բժշկական օգնութիւն: Երէկ ժամը 22-ի դրութեամբ նրանց վիճակն արդէն գնահատւում էր նորմալին մօտ: Այսօր նրանցից 2-ը դուրս է գրուել հիւանդանոցից: Մէկի մօտ թէեւ թունաւորման նշաններ այլեւս չկան, սակայն շարունակում է բուժուել սուր շնչառական վիրուսային հիւանդութեան կապակցութեամբ: Ահազանգն ստանալուն պէս ՀՀ առողջապահութեան նախարարութեան մասնագէտների կողմից տեղում կատարուած համաճարակաբանական հետազօտութեան արդիւնքում պարզուել է, որ հիւանդները Արարատ գիւղի մանկապարտէզ յաճախող 3-6 տարեկան երեխաներն են: Երեխաները ունեցել են սրտխառնոց, փսխում, որոնք առաջացել են սիսեռով, բրնձով, հաւի մսով պատրաստուած ապուրի օգտագործումից 2,5 ժամ անց: Հետազօտութեան արդիւնքում պարզուել է, որ վարակի փոխանցման հաւանական գործօնը սնունդն է, քանի որ նշաններն ի յայտ են եկել միամոմենտ, եւ վարակի գաղտնի շրջանի տեւողութիւնն ու կլինիկական ախտանշանները բնորոշ են սննդային թունաւորմանը: Հիւանդութեան յետագայ տարածումը կանխելու եւ հիւանդութեան աղբիւրը պարզելու նպատակով ՀՀ առողջապահութեան նախարարութեան մասնագէտների կողմից իրականացուել են համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ եւ լաբորատոր հետազօտութիւններ: Նոր դէպքեր չեն արձանագրուել, իրավիճակը վերահսկւում է:
  -   Մամլո հաղորդագրություն