Երեւանի քաղաքապետարանը խուսափում է պատասխանել 20 էջանոց օրինախախտումների եւ առաջարկների փաթեթին
07-11-2012 16:38:17 | Հայաստան | Հասարակութիւն
«Մենք ենք այս քաղաքի տէրըէ քաղաքացիական նախաձեռնութիւնը հոկտեմբերի 11-ին քաղաքապետ Տարօն Մարգարեանին էր ուղարկել Երեւանի այգիներում օրինախախտումների եւ այդ իրավիճակից դուրս գալու առաջարկների 20 էջանոց փաթեթ, որը նաեւ փոխանցուել է ԶԼՄ-ներին: Այդ թւում էր նաեւ Խանջեան 20 հասցէում գտնուող վերջերս փլուզուած ապօրինի շէնքը:
Գրեթէ մէկ ամիս անց` նոյեմբերի 6-ին Երեւանի քաղաքապետարանը արհամարհական պատասխան է ուղարկել այդ փաստաթղթին` մի քանի նախադասութեամբ նշելով, որ այդ հարցերը պէտք է քննարկուեն էկոլոգիական յանձնաժողովում: Նշենք որ, այն լիազօրութիւններ չունի եւ խորհրդատուական մարմին է: Քաղաքապետարանի լակոնիկ գրութեան պատճէնը կցում ենք սոյն հաղորդագրութեանը:
Երէկ, նոյեմբերի 6-ին Երեւանի քաղաքապետարանի այդ անհամարժէք պատասխանի հարցը բարձրացուել է նոյն էկոլոգիական յանձնաժողովում, ինչը յարուցել է յանձնաժողովի անդամների ծիծաղը: Անդամների առաջարկով այժմ յանձնաժողովը կրկին նոյն հարցադրումները ուղղելու է Երեւանի քաղաքապետարանին եւ բաժիններին` լիարժէք պատասխաններ ստանալու համար:
«Մենք ենք այս քաղաքի տէրըէ նախաձեռնութիւնը նշուած յիմարացնող պատասխանը գնահատում է որպէս Երեւանի քաղաքապետարանի կողմից անգործութեան ցուցաբերում, որի հետեւանքներից մէկն էլ Խանջեան 20 շէնքի փլուզումն էր: Այն նաեւ քաղաքապետարանի ցածր իրաւական մշակոյթի եւ վարչութիւնների կողմից սեփական պարտականութիւնները օրէնքի առաջ չկատարելու վկայութիւնն է:
Մեր կողմից նաեւ շեշտուել է, որ մինչ յանձնաժողովը նիստեր է գումարում Երեւանում շարունակւում են խախտումներով թոյլտւություններ տրուել, օրինակ Կոմիտասի այգում, Արզումանեան 4, Կոմիտասի 5այ հասցէում եւ բազմաթիւ այլ հանրային տարածքներում կառուցապատումների համար: Հանրային այգիները ապօրինի շինութիւններից ազատելու մեր պահանջը մնում է ուժի մէջ: Կրկին անգամ յիշեցնում ենք, որ Երեւանի քաղաքապետարանը մեր` հարկատուներիս միջոցներով գործող տեղական ինքնակառավարման մարմին է, որը պարտաւոր է տեղեկութիւններ տրամադրել եւ հաշուետու լինել երեւանցիների առջեւ ու ծառայել հանրութեանը:
Մենք հետամուտ ենք լինելու պահանջուած տեղեկութիւնների ստացմանն ու քաղաքապետարանի գործելակերպի յստակեցմանը, քանի որ այդ մասին իրաւունք ունի տեղեկանալ Երեւանում բնակուող իւրաքանչիւր քաղաքացի եւ նման անգործութիւնը յղի է մարդկանց կեանքն ու առողջութիւնը վտանգող իրավիճակների ստեղծմամբ:
«Մենք ենք այս քաղաքի տէրը»
քաղաքացիական նախաձեռնութիւն
7-ը նոյեմբերի 2012