Կարէն Նազարեան.Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանի ներումն անպատժելիութեան սարսափելի օրինակ է
07-11-2012 15:54:18 | ԱՄՆ | Քաղաքական
Դեսպան Նազարեանի ելոյթը ՄԱԿ-ում.
Նիւ Եորքում ընթանում են ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլէայի 67-րդ նստաշրջանն ու նրա հիմնական կոմիտէների աշխատանքները: Օրակարգի «ռասիզմի, ռասայական խտրականութեան ու անհանդուրժողականութեան այլ ձեւերի վերացումէ կէտով այսօր ելոյթ ունեցաւ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարէն Նազարեանը:
ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ դեռեւս չեն սպիացել Արցախի հանդէպ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վէրքերը, եւ, որ այդ երկիրը շարունակում է պետական մակարդակով քարոզել ատելութիւն հայերի նկատմամբ:
Դեսպանը նիստին մասնակցող Մակ-ի անդամ երկրների ուշադրութեանն է յանձնել պաշտօնական Բաքուի հայատեացութեան փաստերը` նշելով, որ այս առթիւ ահազանգում է ողջ միջազգային հանրութիւնը, մասնաւորապէս, ռասիզմի դէմ պայքար մղող միջկառավարական կառոյցները: Կարէն Նազարեանի ելոյթի առանցքային թեման էր մարդասպան Ռամիլի Սաֆարովին ներում շնորհելը, ինչը հակասում է ոչ միայն միջազգային իրաւունքի հումանիտար նպատակներին, այլ մարտահրաւէր է նետում մարդու իրաւունքների ողջ համակարգին:
Դեսպան Նազարեանը նշեց, որ Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանի ներումն անպատժելիութեան սարսափելի օրինակ է, էթնիկ հողի վրայ կատարուած յանցագործութեան շարունակութիւն` ինչը հետեւանք է Ադրբեջանում տասնամեակներ իրականացուող այլատեացութեան եւ ռասիստական քաղաքականութեան: Նա աւելացրեց նաեւ, որ Ադրբեջանը կոպտօրէն ոտնահարում է «հանդուրժողականութիւն ցուցաբերելու, որպէս բարի դրացիներ խաղաղութեան մէջ համատեղ ապրելու» ՄԱԿ-ի նպատակը եւ դրանով իսկ խափանում է վստահութեան մթնոլորտի ձեւաւորման գործընթացը տարածաշրջանում:
Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, դեսպան Նազարեանը կոչ արեց ՄԱԿ-ին ու միջազգային հանրութեանը շարունակել բարձրաձայնել բողոքի ձայներն ընդդէմ այս աններելի վարքագծի, որը, անարգելով մարդու իրաւունքներն ու արժանապատուութիւնը, վտանգում է նաեւ տարածաշրջանային խաղաղութիւնն ու անվտանգութիւնը: