Բաղդադում այսօր կայացաւ հայ-իրաքեան միջկառավարական յանձնաժողովի անդրանիկ նիստը


Բաղդադում այսօր կայացաւ հայ-իրաքեան միջկառավարական յանձնաժողովի անդրանիկ նիստը

  • 07-11-2012 17:04:36   |   |  Քաղաքական

Բաղդադում այսօր կայացաւ Տնտեսական համագործակցութեան հարցերով հայ-իրաքեան միջկառավարական համատեղ յանձնաժողովի անդրանիկ նիստը` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանի եւ Իրաքի Հանրապետութեան փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի համանախագահութեամբ: Հայաստանի եւ Իրաքի պատուիրակութիւնների ղեկավարները ներկայացրեցին երկրների տնտեսական իրավիճակը, ինչպէս նաեւ քննարկեցին տնտեսական, առեւտրի, ներդրումների եւ գիտատեխնիկական համագործակցութեանն առնչուող հարցեր: Երկուստէք կարեւորուեց առեւտրատնտեսական յարաբերութիւնների եւ ապրանքափոխանակութեան մակարդակի բարձրացման ու ընդլայնման անհրաժեշտութիւնը: Իրաքեան կողմը տեղեկութիւններ ներկայացրեց Հայաստանում դեսպանատան վերաբացման ուղղութեամբ կատարուող աշխատանքների մասին: Նշուեց, որ մինչեւ տարեվերջ կը լուծուի նաեւ Հայաստանում Իրաքի դեսպանի նշանակման հարցը: Իրաքեան կողմը նաեւ տեղեկացրեց, որ հետաքրքրութեամբ են ծանօթացել Բաղդադի միջազգային 39-րդ առեւտրի ցուցահանդէսում Հայաստանի տաղաւարում ներկայացուած արտադրանքին: Առաջարկ եղաւ կազմակերպել հայկական արտադրանքի առանձին ցուցադրութիւն: պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց անցկացնել հայ-իրաքեան գործարար համաժողով, որի շրջանակում էլ կարող է կազմակերպուել նշուած ցուցահանդէսը: Գիւղտնտեսութեան ոլորտում փոխգործակցութեան համատեքստում քննարկուեցին գիւղմթերքի, հանքային եւ խմելու ջրերի, պահածոների արտահանման հնարաւորութիւնները: ՀՀ գիւղատնտեսութեան նախարար Ս. Կարապետեանը տեղեկութիւններ ներկայացրեց Հայաստանում սննդի անվտանգութեան ոլորտում իրականացուող աշխատանքների մասին` նշելով, որ արտահանուող սննդի որակի հետ կապուած խնդիրները կառավարութեան ուշադրութեան կենտրոնում են: Այդ ուղղութեամբ համապատասխան ծրագրեր են մշակուել եւ իրականացւում Եւրամիութեան հետ: Քննարկուեցին նաեւ տնկիների եւ սերմերի արտադրութեան, ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների եւ ջրի օգտագործման բնագաւառում փորձի փոխանակման, գիւղատնտեսական գիտակրթական հաստատութիւնների միջեւ կապերի հաստատման, մասնագէտների վերապատրաստման հարցեր: Առողջապահութեան ոլորտում կողմերը կարեւորեցին կադրերի պատրաստման, բուժհաստատութիւնների միջեւ կապերի հաստատման ոլորտներում փոխգործակցութիւնը: Անդրադարձ եղաւ դեղերի համատեղ արտադրութիւն հիմնելու հնարաւորութիւններին: Քննարկուեցին Իրաքից Հայաստանում բուժման նպատակով հիւանդների ուղեգրման կազմակերպման հարցեր: Այս համատեքստում ՀՀ առողջապահութեան նախարար Դ. Դումանեանը պատրաստակամութիւն յայտնեց Երեւանում տասը իրաքցի երեխաների անվճար վիրահատութիւն կազմակերպել: Էներգետիկայի եւ բնական պաշարների բնագաւառում փոխգործակցութեան ծրագրի մշակման պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց: Կողմերը համաձայնութեան եկան համագործակցել նաւթագազային արդիւնահանման բնագաւառում: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, կողմերը կարեւորեցին նաեւ կայուն օդային հաղորդակցութեան հաստատման ուղղութեամբ աշխատանքները: Ձեռք բերուեցին կոնկրէտ պայմանաւորուածութիւններ` մի շարք ոլորտներում համաձայնագրերի ստորագրման, համատեղ ծրագրերի իրականացման, գործարար ուղիղ շփումների ակտիւացման, ներդրումներին վերաբերող տեղեկատուական նիւթերի, փորձի փոխանակման վերաբերեալ: Պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց նաեւ աշխատանքային խմբի ստեղծման վերաբերեալ, որը կը զբաղուի երկու երկրների միջեւ ցամաքային հաղորդակցութեան արդիւնաւէտ ուղիների հնարաւորութիւնների ուսումնասիրմամբ, կը ներկայացնի առաջարկութիւններ: Նիստից յետոյ ՀՀ փոխվարչապետի գլխաւորած պատուիրակութիւնը հանդիպեց իրաքի հանրապետութեան վարչապետ նուրի ալ Մալիքի հետ: Նուրի ալ Մալիքը ողջունեց Հայաստանի պատուիրակութեան այցը Իրաք` նշելով, որ իր երկիրը մեծ կարեւորութիւն է տալիս բարեկամ Հայաստանի հետ յարաբերութիւնների զարգացմանը եւ պատրաստ է լայն համագործակցութեան` կողմերին հետաքրքրող բոլոր ուղղութիւններով: նայ կարեւոր համարեց միջկառավարական յանձնաժողովի ձեւաւորումը երկկողմ յարաբերութիւնների ակտիւացման, առեւտրաշրջանառութեան ծաւալների մեծացման, փոխգործակցութեան համակարգման տեսանկիւնից: վարչապետի խօսքով` երկու երկրների յարաբերութիւնների խորացմանն էապէս կը նպաստի նաեւ Հայաստանում իրաքի դեսպանատան վերաբացումը: Ա. Գէորգեանը նոյնպէս ընդգծեց, որ Հայաստանը կարեւորում է հայ-իրաքեան առեւտրատնտեսական յարաբերութիւնների խորացումն ու զարգացումը: Փոխվարչապետը գոհունակութիւն յայտնեց միջկառավարական յանձնաժողովի արագ ձեւաւորման եւ անդրանիկ նիստի կազմակերպման առնչութեամբ: «Դայ վկայում է, որ առկայ է երկու բարեկամ երկրների միջեւ յարաբերութունները զարգացնելու փոխադարձ եւ անկեղծ շահագրգռուածութիւն»,-նշեց նա: Կողմերն անդրադարձան միջկառավարական յանձնաժողովի նիստի օրակարգային հարցերին: Նշուեց, որ քննարկուել են գրեթէ բոլոր ոլորտներում համագործակցութեանը վերաբերող հարցեր: «Մենք պատրաստ ենք քննարկել տարբեր ներդրումային ծրագրեր, երկու երկրների միջեւ հեռանկարային կարող է լինել նաեւ համատեղ ձեռնարկութիւնների ստեղծումն ու արտադրանքի արտահանումը»,-աւելացրեց Ա. Գէորգեանը: Զրուցակիցներն անդրադարձան ռազմական, նաւթագազային ոլորտներում համագործակցութեան հնարաւորութիւններին: Առանձնայատուկ կարեւորուեցին տրանսպորտային հաղորդակցութեան նոր ուղիների մշակման հարցերը, որոնք կը նպաստեն երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական յարաբերութիւնների զարգացմանը: Երկուստէք կարեւորուեց իրաւապայմանագրային դաշտի ձեւաւորումը: կողմերը վստահութիւն յայտնեցին, որ առաջիկայում կը յաջողուի ստեղծել այն նուազագոյն անհրաժեշտ իրաւապայմանագրային բազան, որի հիման վրայ կը կառուցուեն տնտեսական յարաբերութիւնները, ամենատարբեր ոլորտներում համագործակցութիւնը: Կողմերը ողջունեցին նաեւ հայ գործարարների մասնակցութիւնը Բաղդադի միջազգային 39-րդ ցուցահանդէսին: Երկկողմ շփումների ակտիւացման տեսանկիւնից կարեւորուեց նմանատիպ միջոցառումների, գործարար համաժողովների կազմակերպումը: ՏԿՆ հասարակայնութեան հետ կապերի բաժնից յայտնում են, որ զրուցակիցները ընդգծեցին նաեւ Իրաքի հայ համայնքի դերը բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդման գործում:
  -   Քաղաքական