Նոյեմբերի 10-ը Երիտասարդութեան համաշխարհային օրն է
09-11-2012 13:00:00 | Հայաստան | Մամլո սրահ
Նոյեմբերի 9-ի, ժամը` 13:00-ին «Նոյեան Տապան» լրատուական կենտրոնում հայաստանում երիտասարդութեան հիմնախնդիրների մասին է խօսեց Երիտասարդական ակումբների դաշնութեան նախագահ, Եւրախորհրդի փորձագէտ Ատոմ Մխիթարեանը: երիտասարդական ակումբների դաշնութիւնը (Federation of Youth Clubs of Armenia – FYCA) միաւորում է աւելի քան 9 տասնեակ երիտասարդական ակումբներ, կենտրոններ ու կազմակերպութիւններ բոլոր մարզերից, Արցախից ու Ջավախքից` դառնալով Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպութիւնը: Այն հիմնադրուել է 1999թ. նոյեմբերի 10-ին` Երիտասարդութեան համաշխարհային օրը, որը նշւում է 1946 թուականից:
Կազմակերպութիւնն ունի Հայաստանում ամենամեծ երիտասարդական էլեկտրօնային խումբը, որով երիտասարդութեան ոլորտին վերաբերող արժէքաւոր տեղեկատուութիւն է տարածում: ԷԱԴ-ն անդամակցում է Եւրոպական երիտասարդական ակումբների համադաշնութեանը (ECYC), մի շարք այլ միջազգային կազմակերպութիւնների (Y-E-N, YEE, WostAYN) եւ որոշակի ազդեցութիւն ունի այս կառոյցներում որոշումների կայացման գործընթացի վրայ: Վերջին հինգ տարուայ ընթացքում իրականացրած ծրագրերի եւ դրանց մասնակցած երիտասարդների թուով FYCA-ն առաջինն է Հայաստանում եւ առաջատար դիրքեր է զբաղեցնում Արեւելեան Եւրոպայի ու Կովկասի երկրների շարքում:
ՀՀ սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութեան աջակցութեամբ Երիտասարդական ակումբների դաշնութիւնը նոյեմբերի 8-12-ը Երեւանում իրականացնում է “Ուսուցողական դասընթաց երիտասարդական ակումբների ղեկավարների համար” ծրագիրը:
Ծրագրի իրականացումը թելադրուած է Հայաստանի մարզերում գործող երիտասարդական ակումբների կողմից` պայմանաւորուած դրանց ղեկավարների մօտ երիտասարդական աշխատանքի վերաբերեալ տեղեկատուութեան սակաւութեամբ, անհրաժեշտ հմտութիւնների ու գիտելիքների բացակայութեամբ:
Ծրագիրը հնարաւորութիւն է ընձեռելու փորձի փոխանակման միջոցով, համատեղ ուժերով վեր հանել մարզային երիտասարդութեանը յուզող հիմնահարցերը, մշակել ուղեցոյց երիտասարդական ակումբի առաջնորդի համար, որը նա կարող է օգտագործել իր ամենօրեայ աշխատանքներում: Դասընթացի կազմակերպման համար ընտրուած են աշխատանքի ոչ ֆորմալ մեթոդներ. խմբային քննարկումներ ու ներկայացումներ, "բաց տարածութիւն", դասախօսութիւններ, աշխատանքային սեմինարներ, քննարկում-բանավէճեր, հանդիպումներ ոլորտի պատասխանատուների եւ փորձագէտների հետ:
Երիտասարդութեան համաշխարհային օրը` նոյեմբերի 10-ին, ծրագրուած է համատեղ բացօթեայ երիտասարդական ակցիա-ֆլեշմոբ: