Նշուել Երեւանի ճարտարապետութեան եւ շինարարութեան պետական համալսարանի 90-ամեակը


Նշուել Երեւանի ճարտարապետութեան եւ շինարարութեան պետական համալսարանի 90-ամեակը

  • 09-11-2012 13:29:05   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Վարչապետ Տիգրան Սարգսեանը մասնակցել է Երեւանի ճարտարապետութեան եւ շինարարութեան պետական համալսարանի Մանուկ Աբեղեանի անուան յենակետային թիւ 3 աւագ վերակառուցուած դպրոցի բացմանը: Կառավարութեան ղեկավարը ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանի եւ Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանի ուղեկցութեամբ շրջել է դպրոցով, ծանօթացել կատարուած աշխատանքներին եւ կրթական ծրագրերին: Դպրոցում ստեղծուել են նախամասնագիտական կրթութեան ժամանակակից պայմաններ: Ճարտարապետաշինարարական համալսարանը ձեռնամուխ է եղել նաեւ կրթութեան բովանդակութեան փոփոխութեանը. դպրոցում կիրառւում է խորացուած նախամասնագիտական կրթութեան մոդելը, որտեղ դասաւանդում են բուհի լաւագոյն դասախօսները: Այստեղ կը ներդրուի նաեւ կրեդիտային համակարգ, ինչը որոշակի դեր կը խաղայ աշակերտների` բուհ ընդունուելու ժամանակ: Հանրապետութիւնում մի շարք աւագ դպրոցնէր յանձնուել են տարբեր բուհերի եւ դրանք դարձել են բուհական համալիրների բաղկացուցիչ մաս, որտեղ հնարաւոր կը լինի խորութեամբ ուսանել այն մասնագիտութիւնների առարկաները, որոնցով պէտք է աշակերտներն ընդունուեն բուհ: Այնուհետէեւ, Տիգրան Սարգսեանը Երեւանի Առնօ Բաբաջանեանի անուան համերգասրահում մասնակցել է Երեւանի ճարտարապետութեան եւ շինարարութեան պետական համալսարանի 90-ամեայ յոբելեանին նուիրուած միջոցառմանը: ՀՀ կառավարութեան անունից շնորհաւորելով բուհի ներկայացուցիչներին յոբելեանի կապակցութեամբ վարչապետը նշել է. «Համալսարանում տեսնում ենք աշխատանքային մթնոլորտ եւ տաղանդաւոր մարդկանց համախմբուածութիւն, որոնք կարեւորում են իրենց աշխատանքը եւ, ըստ էութեան, կերտում մեր պետութեան ապագան: Դա նշանակում է` ճարտարապետութեան եւ շինարարութեան ոլորտում առկայ աւանդոյթները գտնւում են յուսալի ձեռքերում»: Կառավարութեան ղեկավարի խօսքով` համալսարանները պէտք է հանդիսանան ժամանակակից հասարակութեան հիմքը եւ վերջինս պէտք է հիմնուած լինի գիտութեան, գիտելիքի վրայ: «Համալսարանները պէտք է գտնուեն պետութեան ուշադրութեան կենտրոնում, եւ մենք ամէն ինչ պէտք է անենք, որպէսզի համալսարանների շուրջ ձեւաւորուեն ենթակառուցուածքներ: Այդ տեսակէտից, մեծ խորհուրդ կայ այն բանում, որ բուհի 90-ամեակի հանդիսութիւնը սկսեցինք աւագ դպրոցի վերանորոգուած շէնքի բացմամբ: Անմիջական կապ է ստեղծւում դպրոցի եւ համալսարանի միջեւ, եւ այդ դրական փորձը պէտք է տարածենք նաեւ այլ պետական համալսարաններում, ինչը լաւ ուղեցոյց է կրթական համակարգի արդիականացման համար»,- ասել է Տիգրան Սարգսեանը: Վարչապետը հաւաստիացրել է, որ կրթական բարեփոխումները հանդիսանում են ՀՀ կառավարութեան առաջնահերթութիւններից եւ պէտք է ջանքեր գործադրուեն, որպէսզի հայաստանեան համալսարանները մրցակցութեան մէջ չզիջեն Եւրոպայի լաւագոյն բուհերին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հրամանագրով Երեւանի ճարտարապետութեան եւ շինարարութեան պետական համալսարանի 90-ամեակի կապակցութեամբ, գիտութեան եւ կրթութեան բնագաւառներում ունեցած նշանակալի վաստակի համար ԵՃՇՊՀ պրոռեկտոր, տեխնիկական գիտութիւնների դոկտոր, պրոֆէսոր Արկադի Բարխուդարեանին շնորհուել է ՀՀ գիտութեան վաստակաւոր գործչի պատուաւոր կոչում: Եճշպհ-ի 90-ամեակի կապակցութեամբ, գիտութեան եւ կրթութեան բնագաւառներում ներդրած նշանակալի աւանդի համար Անանիա Շիրակացու մեդալով են պարգեւատրուել` ԵՃՇՊՀ պրոռեկտոր, կրթական բարեփոխումների վարչութեան պետ, տեխնիկական գիտութիւնների դոկտոր, դոցենտ Արեստակ Սարուխանեանը եւ ԵՃՇՊՀ էկոնոմիկայի, իրաւունքի եւ կառավարման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Սարգիս Ստեփանեանը: Պարգեւները յանձնել է վարչապետ Տիգրան Սարգսեանը: Եճշպհ-ի 90-ամեակի կապակցութեամբ, գիտութեան եւ կրթութեան բնագաւառներում ներդրած նշանակալի աւանդի համար ՀՀ վարչապետի յուշամեդալով են պարգեւատրուել ԵՃՇՊՀ ճարտարապետութեան ֆակուլտետի դեկան, ճարտարապետութեան թեկնածու, պրոֆէսոր Տիգրան Բարսեղեանը եւ ԵՃՇՊՀ միջազգային կապերի դէպարտամենտի պետ, ֆիզիկամաթեմատիկական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Վարդգէս Եղոյեանը: Մի շարք անձինք արժանացել են նաեւ վարչապետի շնորհակալագրերի: ԵՃՇՊՀ ռեկտոր Յովհաննէս Թոքմաջեանը վարչապետ Տիգրան Սարգսեանին պարգեւատրել է բուհի «Ջիմ Թորոսեան» յուշամեդալով:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ