Յարութ Սասունեան. Ամերիկահայերը խոշոր յաջողութիւնների են հասել Միացեալ Նահանգների ընտրութիւններում


Յարութ Սասունեան. Ամերիկահայերը խոշոր յաջողութիւնների են հասել Միացեալ Նահանգների ընտրութիւններում

  • 14-11-2012 00:50:06   | ԱՄՆ  |  Յօդուածներ

Երկար ամիսներ տեւած բուռն ընտրապայքարից, էլեկտրօնային նամակների եւ յայտարարութիւնների անվերջ տարափից, թեկնածուների եւ նրանց աջակիցների կողմից միլիարդաւոր դոլարներ ծախսելուց յետոյ, Միացեալ Նահանգների նախագահի եւ Կոնգրէսի ընտրութիւնները անփոփոխ թողեցին ամերիկեան քաղաքական դաշտը: Միացեալ Նահանգներն առաջիկայ չորս տարիների ընթացքում կ'ունենայ միեւնոյն Նախագահը եւ Ներկայացուցիչների պալատում ու Սենատում` միեւնոյն մեծամասնութիւնները: Ներկայացուցիչների պալատը մնում է հանրապետականների, իսկ Սենատը` դեմոկրատների ձեռքում: Սա նշանակում է, որ նախագահ Օբամայի արտաքին եւ ներքին քաղաքականութիւնը քիչ թէ շատ անփոփոխ կը մնայ եւ Կոնգրէսը երկու կամ աւելի տարի կը շարունակի փակուղային մնալ` բացասաբար ազդելով տնտեսութեան արագ վերականգնման հեռանկարների վրայ: Ներկայացուցիչների պալատը, ամենայն հաւանականութեամբ, չի աջակցի նախագահ Օբամայի սոցիալական եւ տնտեսական օրակարգին, յատկապէս առողջապահութեան եւ հարկային ոլորտում: Նոյնիսկ նոյեմբերի 6-ի ընտրութիւնների արդիւնքում մեծ քաղաքական փոփոխութիւնների բացակայութեան պայմաններում, ամերիկահայերը կարեւոր ձեռքբերումներ ունեցան Կոնգրէսի եւ տեղական ընտրութիւններում: Հայ ընտրողները ազդեցութիւն չունեցան նախագահական մրցապայքարի արդիւնքների վրայ, քանի որ նախագահ Օբաման երեք միլիոնից աւելի շատ ձայն էր հաւաքել, քան նրա հանրապետական մրցակիցը: Այդիսկ պատճառով, հայ համայնքի միջոցները եւ քուէները Կոնգրէսի եւ տեղական ընտրութիւնների մրցապայքարի վրայ կենտրոնացնելը քաղաքական ուշիմ քայլ էր: Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի աջակցութիւնը վայելող Կոնգրէսի 145 թեկնածուների ջախջախիչ մեծամասնութիւնը` 90 տոկոսը յաղթանակեց ընտրութիւններում: Սենատորների մրցապայքարում Հայ Դատի յանձնախմբի հաւանութեանն արժանացած 15 թեկնածուներից 12-ը յաղթանակած դուրս եկան. Դայեան Ֆայնշտայնը (Կալիֆորնիա), Քրիս Մըրֆին (Կոնեկտիկուտ), Մազի Հիրոնոն (Հաւայեան կղզիներ), Բեն Քարդինը (Մերիլենդ), Դեբի Սթէյբենոուն (Միչիգան), Էմի Կլոբուչերը (Մինեսոտայ), Բոբ Մենենդեսը (Նիւ Ջերսի), Մարտին Հէյնրիչը (Նիւ Մեքսիկոյ), Շերոդ Բրաունը (Օհայոյ), Շելդոն Ուայթհաուսը (Ռոդ Այլենդ), Բերնարդ Սանդերսը (Վերմոնտ) եւ Թեմմի Բոլդուինը (Վիսկոնսին): Ներկայացուցիչների պալատում 130 թեկնածուներից 118-ը, որոնք հաւանութեան էին արժանացել Հայ Դատի յանձնախմբի կողմից, ընտրուեցին, այդ թւում` Լուիս Քափսը (Կալիֆորնիա), Ջեֆ Դենհամը (Կալիֆորնիա), Ջանիս Հանը (Կալիֆորնիա), Էդ Ռոյսը (Կալիֆորնիա), Ադամ Շիֆը (Կալիֆորնիա), Բրեդ Շըրմընը (Կալիֆորնիա), Դաւիդ Վալադաոն (Կալիֆորնիա), Քորի Գարդները (Կոլորադոյ), Դայնայ Թայթուսը (Նեւադայ), Ֆրենկ Փալոնը (Նիւ Ջերսի), Մայքլ Գրիմը (Նիւ Եորք), Դաւիդ Սիսիլինը (Ռոդ Այլենդ), Ներկայացուցիչների պալատի մեծամասնութեան ղեկավար Էրիկ Քանթորը (Վիրջինիայ) եւ Ֆրենկ Վոլֆը (Վիրջինիայ): Նոյեմբերի 6-ի ընտրութիւնների արդիւնքում Կոնգրէսում կարող են անսպասելի բարենպաստ զարգացումներ տեղի ունենալ ամերիկահայ համայնքի համար: Կոնգրէսի հայկական հարցերով յանձնախմբի համանախագահ կոնգրէսական Էդ Ռոյսը մեծ հնարաւորութիւններ ունի իր գործընկերների կողմից ընտրուելու որպէս Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի յաջորդ նախագահ: Հայկական հարցերի ջատագով կոնգրէսական Ռոյսը կարող է փոխարինել հեռացող նախագահ,?թունդ թուրքամէտ, Ներկայացուցիչների պալատի անդամ Իլիանայ Ռոս-լեհթինին (հանրապետական, Ֆլորիդայից): Նման շատ բարենպաստ զարգացում կարող է տեղի ունենալ նաեւ Սենատում, երբ պէտքարտուղար Հիլարի Քլինթոնը շուտով պաշտօնաթող լինի նախագահ Օբամայի առաջին պաշտօնավարութեան աւարտին: Շատ քաղաքական վերլուծաբանների կարծիքով, սենատոր Ջոն Քերին` Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի ներկայիս նախագահը եւ հայ համայնքի մտերիմ բարեկամը, կարող է ընդունել պէտքարտուղարի կամ պաշտպանութեան նախարարի պաշտօնը, եւ այդ դէպքում սենատոր Մենենդեսը` հայկական խնդիրների մեծ ջատագովը, կարող է դառնալ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի յաջորդ նախագահը: Կոնգրէսական Ռոյսի եւ սենատոր Մենենդեսի հնարաւոր միաժամանակեայ ընտրութիւնը այս երկու հզօր յանձնախմբերի նախագահների պաշտօնում ամերիկահայերին հնարաւորութիւն կը տայ աննախադէպ? գործակցութիւն?արտաքին քաղաքական որոշումներ կայացնողների?հետ: Հայ համայնքի բարեկամների ընտրութիւններից էլ աւելի կարեւոր էին առնուազն 16 ամերիկահայերի յաջողութիւնները, ովքեր կամ ընտրուեցին առաջին անգամ կամ վերընտրուեցին` շարունակելու համար ծառայութիւնը իրենց ընտրատարծքներում: Կոնգրէսի ամերիկահայ անդամներն են` Աննա Էշուն եւ Ջեկի Սփիրը, երկուսն էլ Կալիֆորնիայից եւ երկուսն էլ ճնշող մեծամասնութեամբ վերընտրուած: Միւս ամերիկահայ յաղթողները նահանգային եւ տեղական մրցապայքարում հետեւեալներն էին. Լինդա Արզումանեան, Արիզոնայի Պիմայ շրջանի դպրոցների կառավարիչ, Խաչօ Աչաջեան, Կալիֆորնիայի նահանգային խորհուրդ, Ադրին Նազարեան, Կալիֆորնիայի նահանգային խորհուրդ, Թիմ Կափուչեան, Այդահոյ նահանգի սենատ, Մերի Լուի Մարզեան, Կ'ենտուկի նահանգի պալատ, Պիտեր Կուտուջեան, Մասաչուսէթսի Միդլսեքս շրջանի շէրիֆ, Ջեյմս Միչելի, Նիւ Հեմփշիր նահանգի պալատ, Ջոն Ֆրեզոլոյ, Մասաչուսէթս նահանգի պալատ,?գարի?ազարեան, Նիւ Հեմփշիր նահանգի պալատ, Շարլին Թաքեսեան, Նիւ Հեմփշիր նահանգի պալատ, Բրեդ Աւագեան, Օրեգոն?նահագի բանուորների յանձնաժողովի ատենապետ,Սքոթ Աւետիսեան, Վարուիքի քաղաքապետ, Ռոդ Այլենդ, Ջերեդ Նունէս, Ռոդ Այլենդ նահանգի պալատ եւ Քեթրին Ղազարեան, Ռոդ Այլենդ նահանգի պալատ: Շնորհաւորում ենք բոլոր նրանց, ովքեր կամ առաջին անգամ են ընտրուել, կամ` վերընտրուել: Յատկապէս հաճելի է տեսնել քաղաքական պաշտօնների համար պայքարող ռեկորդային թուով ամերիկահայերի, որոնցից շատերը յաղթել են իրենց համապատասխան մրցապայքարում: Այս յաղթանակները լաւ ապագայ են?խոստանում ամերիկահայ քաղաքական ակտիւութեան համար: Համայնքը պէտք է աջակցի եւ խրախուսի այս պետական ծառայողներին, որպէսզի առաջիկայ մի քանի տարիներին նրանք կարողանան շատ աւելի բարձր պաշտօնների ձգտել` թեկնածութիւն առաջադրելով Կոնգրէսում եւ նոյնիսկ Նախագահի պաշտօնի համար: ? Յարութ Սասունեան? «Կալիֆորնիայ Կ'ուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Թարգմանիչ` Ռուզաննա Աւագեան
  -   Յօդուածներ