Գրիգոր Ղազարյան.Թուրքիայի մուսուլման փոքրամասնությունները


Գրիգոր Ղազարյան.Թուրքիայի մուսուլման փոքրամասնությունները

  • 14-11-2012 17:32:36   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Թուրքիան ներկայում ունի շուրջ 75 միլիոն բնակչութիւն (ըստ 2012 թւականի տւեալների՝ բնակչութեան ստոյգ թիւն է 74,724,269): Երկրի բնակչութեան 25-ից 30 տոկոսը թուրք չէ՝ այլազգի է, մէկ մասը՝ մուսուլման, միւս մասը՝ ոչ-մուսուլման: Փոքրամասնութիւններից ոմանք, իրաւունքի սահմաններում, պաշտօնապէս ճանաչւած են որպէս ազգային փոքրամասնութիւններ, ինչպէս՝ հայերը, յոյները եւ հրեաները (ըստ 1923 թւականի Լօզանի դաշնագրի), բայց, օրինակ, քուրդերը, որ մեծ փոքրամասնութիւն են կազմում Թուրքիայում, պաշտօնապէս ճանաչւած չեն որպէս ազգային փոքրամասնութիւն եւ հետեւաբար՝ զուրկ են որեւէ հնարաւորութիւնից՝ իրենց ազգային ինքնութիւնը պահպանելու համար: Թուրքիայի մուսուլման փոքրամասնութիւնները գլխաւորաբար հետեւեալներն են. * Քուրդեր - Ըստ որոշ աղբիւրների՝ Թուրքիայում ապրում են շուրջ 14 միլիոն քուրդ, այլ աղբիւրներ նաեւ յայտնում են, թէ Թուրքիայի բնակչութեան 25 տոկոսը քուրդեր են (18-19 միլիոն), իսկ քուրդական աղբիւրները վկայում են, որ 20-ից 25 միլիոն քուրդեր են ապրում Թուրքիայում: Ինչեւէ, այս փոքրամասնութիւնը իր թւաքանակի տեսանկիւնից՝ միշտ էլ մտահոգութիւն է եղել Թուրքիայի իշխանութիւնների համար, եւ նրանց ինչ-որ ինքնավարութիւններ եւ ազատութիւններ շնորհելը թուրք պետական դէմքերի կողմից համարւում է վտանգաւոր: * Արաբներ - Շուրջ 800 հազարից մէկ միլիոն արաբներ են բնակւում Թուրքիայում, գլխաւորաբար՝ Թուրքիա-Սիրիա սահմանային շրջաններում՝ Հաթայ նահանգում (որին արաբները անւանում են Ալեքսանդրիա): Այս շրջանը միշտ վէճի առարկայ է եղել Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ: Արաբները գլխաւորաբար ալեւի դաւանանքին են պատկանում եւ կապեր ունեն Սիրիայի ալեւիների հետ: * Ադրբեջանցի թուրքեր - Ըստ որոշ աղբիւրների՝ շուրջ 800 հազար ադրբեջանցի թուրքեր են ապրում Թուրքիայում: Պաշտօնապէս գրանցւած է, որ 300 հազար Ադրբեջանի քաղաքացիներ գոյութիւն ունեն Թուրքիայում, որոնք գլխաւորաբար կենտրոնացած են Իգդիրի եւ Կարսի շրջաններում: * Կովկասեան ազգութիւններ - Ռուս-թուրքական պատերազմի ժամանակաշրջանում (18-րդ դարում) Հիւսիսային Կովկասից մեծ թւով ազգութիւններ գաղթեցին այն ժամանակւայ Օսմանական կայսրութիւն եւ բնակութիւն հաստատեցին ներկայ Թուրքիայի հիւսիարեւելեան շրջաններում: Այդ ազգութիւններից են եղել՝ սիրկասեաններ, չեչէններ, վրացիներ եւ լազեր: Այդ ժամանակաշրջանում շուրջ 70.000 մուսուլման սիրկասեաններ նաեւ հաստատւել են Ադանայի շրջանում: Մուսուլման վրացիներ եւ լազեր նաեւ հաստատւած են Սեւ ծովի մօտակայ շրջաններում, գլխաւորաբար՝ Ռիզէ քաղաքում: * Բալկանեան ազգութիւններ - Ներկայ Թուրքիայում են բնակւում նաեւ փոքրամասնութիւններ, որոնք ունեն բալկանեան երկրների ծագում, ինչպէս՝ ալբանացիներ եւ բուլղարներ: Ըստ Թուրքիայի «Միլլիէթ» օրաթերթի՝ ալբանացի ծագում ունեցողների թիւը Թուրքիայում հասնում է վեց միլիոնի, որոնցից 500 հազարն է, որ պահել է իր ինքնութիւնը եւ մնացածը ձուլւել են: Ըստ նոյն թերթի՝ շուրջ 600 հազար բուլղար ծագում ունեցողներ ապրում են Թուրքիայի եւրոպական մասում, որոնցից մեծ մասը մուսուլման են դարձել եւ բուլղար քրիստոնեայ համայնքը միայն 500 անդամ ունի: * Ռոմաներ - 500-700 հազար ռոմաներ հաստատւած են Թուրքիայում, որոնց արմատները վերադառնում են Հռոմի ժամանակաշրջանին եւ Բիւզանդական կայսրութեանը: Ռոմաները ժամանակի ընթացքում դարձել են մուսուլման: Թուրքական պաշտօնական աղբիւրները պնդում են, թէ այժմ Թուրքիայում ապրում են 3500 ռոմաներ, որոնք բնակչութեան 0,05 տոկոսն են կազմում: * Յիշեալ համայնքներից բացի՝ Թուրքիայի մուսուլման փոքրամասնութիւնների մաս են կազմում Ղրիմի թաթարներ (շուրջ 150.000 հոգի), Աբխազիայի թուրքեր (39.000), կիրգիզներ, ղազախներ եւ օսեթներ:
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը