ՀՀ ԳԱԱ նախագահն ընդունեց աստղագիտութեան միջազգային օլիմպիադայի մասնակից դպրոցականներին


ՀՀ ԳԱԱ նախագահն ընդունեց աստղագիտութեան միջազգային օլիմպիադայի մասնակից դպրոցականներին

  • 15-11-2012 11:00:48   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Հայկական աստղագիտական ընկերութիւնից յայտնում են, որ նոյեմբերի 14-ին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսեանն ընդունեց աստղագիտութեան միջազգային օլիմպիադայի մասնակից դպրոցականներին: Յիշեցնենք, որ վերջերս` հոկտեմբերի 16-24-ին Հարաւային Կ'որէայի Գուանջու քաղաքում տեղի ունեցած աստղագիտութեան 17-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի աշակերտները նուաճել են 1 ոսկէ, 1 արծաթէ եւ 2 բրոնզէ մեդալ, ինչպէս նաեւ 2 յատուկ մրցանակ: ԵՊՀ առընթեր Ա. Շահինեանի անվ. ֆիզմաթ դպրոցի սան Գեւորգ Մարտիրոսեանն արժանացել է ոսկէ, ՀՊՃՀ աւագ դպրոցի սան Արսէն Վասիլեանը` արծաթէ, ֆիզմաթ դպրոցի սաներ Սիրանոյշ Բաբախանովան եւ Վարդգէս Մամբրէյեանը` բրոնզէ մեդալների, ընդ որում Գեւորգ Մարտիրոսեանը նաեւ նուաճել է օլիմպիադայի բացարձակ յաղթողի մրցանակին: Օլիմպիադային մասնակցել են նաեւ Լեւոն Ստեփանեանը եւ Վահան Ասլանեանը, ովքեր պարգեւատրուել են մասնակցի դիպլոմներով եւ նոյնպէս մեդալների յաւակնորդներ են եղել: Թիմի ղեկավարներն են Մարիետա Գիւլզադեանը եւ Տիգրան Նազարեանը: ՀՀ ԳԱԱ հանդիպմանը ներկայ էին բոլոր վեց մասնակիցները, թիմի ղեկավար Մարիետա Գիւլզադեանը, ֆիզմաթ դպրոցի տնօրէն Հայկազ Նաւասարդեանը եւ Հայկական աստղագիտական ընկերութեան համանախագահ Արեգ Միքայէլեանը: Տեղի ունեցաւ զրոյց աստղագիտական օլիմպիադայի, Հայաստանում աստղագիտութեան վիճակի եւ խնդիրների մասին: Օլիմպիադայի մասնակիցներին եւ ղեկավարներին յանձնուեցին սիրողական աստղադիտակներ, աստղագիտական գրքեր, քարտէզներ եւ օրացոյցներ: Պատանի կադրերի պատրաստման, հանրապետական եւ միջազգային աստղագիտական օլիմպիադաներում ֆիզմաթ դպրոցի սաների ակնառու յաջողութիւնների համար ֆիզմաթ դպրոցի տնօրէն Հայկազ Նաւասարդեանն արժանացաւ ՀՀ ԳԱԱ յատուկ շնորհակալագրի:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ