Ոստիկանը տուգանում է հաշմանդամ երեխայի ծնողին


Ոստիկանը տուգանում է հաշմանդամ երեխայի ծնողին

  • 15-11-2012 12:27:05   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

Պաշտպանի աշխատակազմի գրասենեակից տեղեկացնում են, որ առ այսօր Հայաստանում հաշմանդամ երեխային տեղափոխելիս մեքենան անհամապատասխան վայրում կանգնեցնելու համար ոստիկանը տուգանում է հաշմանդամ երեխայի ծնողին: Այս խնդրի վերաբերեալ ամիսներ առաջ Մարդու իրաւունքների պաշտպան Կարէն Անդրէասեանը հանդէս էր եկել յայտարարութեամբ եւ հաշուի առնելով խնդրի հրատապութիւնը` առաջարկել էր ՀՀ Վարչապետին լրացումներ կատարել Կառավարութեան որոշման համապատասխան կէտերում, եւ համապատասխան արտօնութիւններ տրամադրել նաեւ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող երեխաների ծնողներին կամ խնամակալներին: Ընդունելով Պաշտպանի առաջարկը` Վարչապետը Որոշման մէջ համապատասխան փոփոխութիւններ կատարելու յանձնարարական էր տուել: Այդ յանձնարարականին համապատասխան ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարութիւնը սեղմ ժամկէտներում պատրաստել է ՀՀ կառավարութեան որոշման մէջ լրացում կատարելու նախագիծ, համաձայն որի` Կառավարութեան որոշմամբ հաստատուած 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամների համար սահմանուած արտօնութիւնները կտարածուէն նաեւ «Հաշմանդամ երեխա»կարգավիճակ ունեցող երեխաների ծնողների կամ խնամակալների վրայ: Սակայն մինչ օրս նշուած որոշման նախագիծը ՀՀ կառավարութեան ձգձգման պատճառով չի ներկայացուել ՀՀ Կառավարութեան նիստերի օրակարգ: Արդիւնքում առ այսօր հաշմանդամ երեխային տեղափոխելիս մեքենան անհամապատասխան վայրում կանգնեցնելու համար ոստիկանը տուգանում է հաշմանդամ երեխայի ծնողին: Ակնկալում ենք, որ ՀՀ կառավարութեան աշխատակազմը, հաշուի առնելով խնդրի հրատապութիւնը, հնարաւորինս շուտ կը ներառի այս առաջարկը Կառավարութեան նիստերի օրակարգ եւ Կառավարութիւնը կ'ընդունի այս նախագիծը` լուծելով բազմաթիւ հաշմանդամ երեխաների ազատ եւ մատչելի տեղաշարժման խնդիրը:
  -   Մարդու իրաւունքներ